Մատչելիության հղումներ

ԵՄ-ն «երես չի թեքում Հայաստանից»


«Բագրատաշեն» նոր սահմանային անցակետի հիմնարկեքի արարողությունը:
«Բագրատաշեն» նոր սահմանային անցակետի հիմնարկեքի արարողությունը:
«Եվրամիությունը երես չի թեքում Հայաստանից, և Հայաստանի նախագահի սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո էլ Բրյուսելի համագործակցությունը Երևանի հետ առանցքային ոլորտներում շարունակվելու է», - այսօր Բագրատաշենում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Սեպտեմբերի 3-ից ի վեր, երբ Մոսկվայում Սերժ Սարգսյանը շատերի համար անակնկալ կերպով հայտարարեց Մաքսային միությանը մեր երկրի միանալու մասին, չի դադարում քննադատությունը Հայաստանի իշխանությունների հասցեին, թե նման քայլը հարված է Հայաստանի ինքնիշխանությանը, և անդամակցությունը Մաքսային միությանը ուղղակի սպառնալիք կլինի մեր երկրի անկախությանը:

Մյուս կողմից, անցած շաբաթների ընթացքում Եվրամիության տարբեր ներկայացույցիչներ, այդ թվում` ամենաբարձր մակարդակով, ոչ միայն բազմիցս նշել են, թե այլևս անհնար է Հայաստանի հետ Ասոցացման և Խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի ստորագրումը, այլև ընդգծել, որ նման անսպասելի քայլը վստահության խնդիր է առաջացրել Եվրամիության ու Հայաստանի հարաբերություններում:

Առանցքային հարցը, որ շարունակում է, այսպես ասած` կախված մնալ օդում՝ ինչպիսի՞ն են լինելու Հայաստան - Եվրամիություն հետագա հարաբերությունները:

«Եվրամիությունը երես չի թեքում Հայաստանից: Եվրամիության առանձնահատկություններից է, որ այն միշտ հարգանքով է մոտենում իր գործընկերների ինքնիշխան, անկախ որոշումներին: Ուստի, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր դիրքորոշմանը՝ կառուցել մինչև այժմ մեր համատեղ ձեռքբերումների հիման վրա: Այժմ մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչ մոդելով ենք շարունակելու կառուցել մեր հարաբերությունները, որպեսզի վստահ լինենք՝ մեր [հետագա] հարաբերությունները հակասությունների մեջ չեն մտնի Մաքսային միության գծով Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ», - ասաց Հրիսթեան:

Նա նշեց, որ Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակվելու է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների առումով, այուամենայնիվ, շատ բան պարզ կլինի վիլնյուսյան գագաթնաժողովից հետո:

Հարցին, թե ի՞նչ սպասվում Վիլնյուսում, Եվրամիության ներկայացուցիչը արձագանքեց. - «Մենք սպասում ենք Արևելյան գործընկերության շատ հաջող գագաթնաժողով»:

Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների վիլնյուսյան գագաթնաժողովում նախատեսվում է, որ Ուկրաինան ստորագրելու է Եվրամիության հետ ազատ և խորը առևտրի գոտու ստեղծման ու ասոցացման մասին համաձայնագրերը, իսկ Մոլդովան ու Վրաստանը նախաստորագրելու են դրանք:

Չնայած Հայաստանի նախագահը հայտարարել է, թե մեր երկիրը միանում է Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, սակայն Եվրամիությունը շարունակում է գումարներ տրամադրել Հայաստանի մաքսային համակարգի արդիականացման և այն եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար: Այսօր Բագրատաշենում տեղի ունեցավ սահմանային նոր անցման կետի հիմնարկեքի արարողությունը:

Ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, հայաստանյան մի շարք պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Սահմանային նոր անցակետը պետք է պատրաստ լինի արդեն 2015-ին և, ըստ նախագծի, այն զգալիորեն դյուրին, արագ ու հարմարավետ է դարձնելու սահմանային անցուդարձը թե' մարդկանց, թե' բեռների համար:

Եվրոպացիների աջակցությամբ արդիականացվելու են նաև «Բավրա» ու «Գոգավան» անցման կետերը:

Այս ծրագրի իրականացման համար Եվրոպական ներդրումային բանկից Հայաստանը ստացել է ավելի քան 30.3 միլիոն եվրոյի վարկ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից` 10.2 միլիոն եվրոյի վարկ, իսկ Եվրոպական հանձնաժողովից` 15 միլիոն եվրոյի դրամաշնորհ:
XS
SM
MD
LG