Մատչելիության հղումներ

Ռուսաստանի գործողությունները՝ ԵՄ-ում Լիտվայի նախագահության հիմնական սպառնալիք


Լիտվայի խորհրդարանի շենքը Վիլնյուսում
Լիտվայի խորհրդարանի շենքը Վիլնյուսում

Լիտվայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահը բերում է Հայաստանի օրինակը՝ պնդելով, որ Մոսկվան շանտաժ է կիրառել Երևանի նկատմամբ:

Եվրամիության նախարարների կոմիտեի Լիտվայի նախագահության շրջանի հիմնական սպառնալիքները կապված են Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների հանդեպ Ռուսաստանի գործողությունների հետ, չորեքշաբթի օրը ասել է Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտոս Յոդկան:

Լիտվայի նախագահությունը շարունակվելու է մինչև տարեվերջ:

«Բոլոր սպառնալիքները կապված են նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հետ: Եվրամիության այդ ծրագրի նպատակն է վեց գործընկերներին ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ, արդարադատությամբ մոտեցնել Եվրամիությանը», - լրագրողներին ասել է հանձնաժողովի նախագահը՝ նշելով, թե որքան մոտենում է գագաթնաժողովը, այնքան հստակ է դառնում, որ Վիլնյուսում, ամենայն հավանականությամբ, Եվրամիության և Ուկրաինայի միջև կստորագրվի Ասոցացման համաձայնագիրը: Բավական լավ են գործերը Մոլդովայի և Վրաստանի հետ, ասել է Բենեդիկտոս Յոդկան՝ միաժամանակ նշելով, թե որքան մոտենում են Եվրամիության տեսանկյունից դրական որոշումները, այնքան ուժեղանում են հարևան երկրների նկատմամբ շանտաժները:

Նա բերել է Հայաստանի օրինակը՝ ասելով․ - «Հայաստանը միանում է Ռուսաստանի հետ Մաքսային միությանը, չնայած Արևելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից մեկն էր, սակայն հիմա դուրս մնաց այդ վեց երկրների ցանկից հենց ռուսական շանտաժի պատճառով»:

«Հայաստանի տնտեսությունը շատ է կախված Ռուսաստանից, իր տարածքում տեղակայված է ռուսական ռազմակայան», - նշել է Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ մեկ անգամ ևս շեշտադրելով, որ սպառնալիքները շատ հստակ են՝ խանգարել Արևելյան գործընկերության գագաթնաժողովին՝ դրան են ուղղված բոլոր հիմնական սպառնալիքները:

Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ նիստից հետո հանձնաժողովի նախագահի ու լրագրողների զրույցի մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը: Նիստում Լիտվայի արտգործնախարարության և Ազգային անվտանգության դեպարտամենտի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Եվրամիությունում Լիտվայի նախագահության շրջանի սպառնալիքները:

Հիշեցնենք՝ նախատեսվում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում Եվրամիության և Ուկրաինայի միջև կստորագրվի Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիրը, իսկ Վրաստանն ու Մոլդովան կնախաստորագրեն համապատասխան համաձայնագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG