Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը շարունակում է բիրտ ուժի քաղաքականությունը»


Էնն Ափլբաում, ամերիկացի վերլուծաբան, ʺԼեգատումʺ ինստիտուտի աշխատակից
Էնն Ափլբաում, ամերիկացի վերլուծաբան, ʺԼեգատումʺ ինստիտուտի աշխատակից

Ռուսաստանի վերնախավը չի գործում հանուն Ռուսաստանի շահերի։ Էլիտան միայն իր շահի մասին է մտածում։

Ամերիկացի անվանի վերլուծաբան և հրապարակախոս Էնն Ափլբաումը Washington Post-ում հրապարակած հոդվածում վկայակոչել է նախագահ Բարաք Օբամային, ով շաբաթներ առաջ Սպիտակ տան Վարդերի պարտեզում ասել է. - «Իրավունքն է ստեղծում ուժը, ոչ թե հակառակը»։

Ափլբաումի համոզմամբ, Օբաման նկատի ունի «մեղմ ուժը», որը գերտերությունները պետք է կիրառեն բարեկամներ ձեռք բերելու համար։ Ոչ թե բիրտ վերաբերմունք, այլ գրականություն, արվեստ, զարգացած տնտեսություն, տեխնոլոգիական նորարարություններ և ամենակարևորը՝ ոգևորող ազգային գաղափարներ։

Այնուամենայնիվ, ոմանք, երբ չունեն այդ «մեղմ ուժը», առանց վարանելու բիրտ գործողությունների են դիմում։

Ափլբաումի փոխանցմամբ, դրա վառ օրինակը Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններն են։ Տարիներ տևած ակտիվ բանակցություններից հետո, ընդհուպ հասնելով Եվրոպական միության հետ Ասոցացման պայմանագիր և դրա մաս կազմող ազատ առևտրի համաձայնություն կնքելուն, Հայաստանը հանկարծ հայտարարեց, որ հրաժարվում է այդ ծրագրից։

Աշխարհում ազատ առևտրի ամենամեծ գոտուն միանալու, ամենակատարյալ դեմոկրատիաներին մերձենալու փոխարեն Հայաստանը նախընտրեց կառչած մնալ Ռուսաստանից, անդամակցել ռուս-բելառուսա-ղազախական Մաքսային միությանը, ինչին պետք է հաջորդի անդամակցությունը Եվրասիական միությանը։

Վերլուծաբանը նշում է, որ ոչ ոք չի էլ ձևացնում, թե Հայաստանին Ռուսաստանի «մեղմ ուժն» է գրավել։ Փորձելով պարզաբանել իր որոշումը՝ նախագահ Սերժ Սարգսյանը երկու հանգամանք է նշել. Հայաստանն անվտանգության ապահովման հարցում ապավինում է Ռուսաստանին, Ռուսաստանում կա հայկական մեծ համայնք։

«Սա առնվազն տարօրինակ է հնչում։ Անվտանգության դաշինքների գերիշխող մասը, այդ թվում ՆԱՏՕ-ն, իրենց անդամներից չեն պահանջում միանալ մաքսային համաձայնություններին, և որևէ երկրի տարածքում ներգաղթյալների առկայությունը սովորաբար չի ազդում մեկ այլ երկրի հետ առևտրի վրա», - գրում է Ափլբաումը։

Նրա համոզմամբ, Հայաստանին մտահոգել են «Ադրբեջանի հետ Ռուսաստանի դիվանագիտական խաղերը և այլազգիների հասցեին ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հնչեցրած սպառնալիքները»։

Հայերը հասկացել են «մեսիջը». եթե Երևանը պայմանագիր կնքի Եվրամիության հետ, ապա ռուսներն ավելի շատ տանկեր կվաճառեն Ադրբեջանին և մի օր էլ կարող են արտաքսել Ռուսաստանում ապրող հայերին։

Հայկական կողմն, անշուշտ, հետևել է, թե ինչպես են ռուսները արգելում մոլդովական գինին և ուկրաինական շոկոլադը, ինչպես է Մոսկվան պարզորոշ ակնարկում Կիևին, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Ուկրաինան ավելի մատչելի գնով կստանա բնական գազը։

Էնն Ափլբաումը գրում է, որ, իհարկե, հենց Ռուսաստանի շահերից կբխեր սահմանակցել միջազգային բազմազան կապեր հաստատած և արագ զարգացող տնտեսություն ունեցող պետությունների հետ, որոնք մուտք են գործում եվրոպական շուկա։ Եվ բնավ չէր բացառվում, որ Հայաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ ասոցացման պայմանագրեր մշակած Եվրոպան մի օր էլ նմանօրինակ համաձայնություն կառաջարկի նույն Ռուսաստանին։ Այդ դեպքում ի՞նչն է Մոսկվային ստիպում այդպես վարվել նախկին խորհրդային երկրների հետ։

«Բացատրությունը որքան պարզ է, այնքան էլ՝ տխուր։ Ռուսաստանի վերնախավը, որի առաջնորդը Վլադիմիր Պուտինն է, չի գործում հանուն Ռուսաստանի շահերի։ Ռուսաստանի էլիտան միայն իր սեփական շահի մասին է մտածում։

Այս պահին նրանք շահարկում են տնտեսական ազգայնականության գաղափարը և խոսում նեոկայսրական լեզվով, ենթադրելով, թե դա կապահովի ռուսաստանցիների աջակցությունը և օգտակար կլինի իրենց բիզնեսի համար։ Հարցն այն է, թե որքան ժամանակ այդ ամենը համոզիչ կլինի մնացած ռուսաստանցիների համար», - ավարտում է հոդվածը վերլուծաբան Էնն Ափլբաումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG