Մատչելիության հղումներ

Ակտիվիստներից 2-ը բերման էին ենթարկվել


Երեւանի քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց հայտարարած ակտիվիստներից երկուսին՝ Վահագն Մինասյանին եւ Սուրեն Սահակյանին, այսօր առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Նստացույցի մասնակիցները «Ազատություն» ռադիոկայանին պատմեցին, որ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանները նստացույց անող երիտասարդներից պահանջեցին քաղաքապետարանի տարածքում կայանած իրենց ավտոմեքենաները տեղափոխել այլ վայր՝ պատճառաբանելով, որ կայանատեղը միայն ծառայողական մեքենաների համար է:

Կար, սակայն, ևս մեկ պատճառաբանություն․ ինչպես փոխանցեց ակտիվիստներից Գոռ Առաքելյանը, իրենց է մոտեցել գնդապետ Օսիպյանը․ - «Մեզ առաջարկեց, որ Վահագն Մինասյանի մեքենան կայանենք 10 մետր այն կողմ: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ, որևէ իրավական հիմնավորում չբերվեց, ընդամենը պատճռաբանեցին, որ սիրուն չի՝ մուտքի մոտ է մեքենան»:

«Սուրեն Սահակյանի մեքենայի բանալիները երեկվանից կորել էին», - հավելեց ակտիվիստն ու ասաց, որ Սուրենը ոստիկաններին խոստացավ 20 րոպեի ընթացքում բերել բանալիների կրկնօրինակն ու ինքնակամ հեռացնել մեքենան, սակայն ոստիկանները չսպասեցին և Սուրենի ու Վահագնի մեքենաները քարշակներով տեղափոխվեցին տուգանային հրապարակ: Իսկ ակտիվիստներին վեճի արդյունքում բերման ենթարկվեցին ոստիկանության բաժին, որտեղ նրանց պահեցին մոտ երեք ժամ:

Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նշեց, որ «վարչական բերում» է իրականացվել երկու անձի նկատմամբ ու կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար՝ Վարչական իրավախախտման օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն:

Քաղաքապետանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության ղեկավար Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով արդեն 57 օր նստացույց անող երիտասարդները «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ, անկախ ամեն ինչից, շարունակելու են նստացույցը, քանի դեռ չեն բավարարվել իրենց պահանջները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG