Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավոր. Թեև ունենք «ցեց ընկած» անկախություն, բայց այն «անշրջելի է»


Ընդդիմադիր պատգամավոր. Թեև ունենք «ցեց ընկած» անկախություն, բայց այն «անշրջելի է»
please wait

No media source currently available

0:00 0:01:05 0:00
Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանի (ՀԱԿ) խոսքով` Հայաստանի անկախությունը անշրջելի է, չնայած առկա խնդիրներին և մարտահրավերներին:

«Մեր անկախությունը անշրջելի է: Եթե այսօր կան պրոբլեմներ, եթե այսօր կան մարտահրավերներ, եթե այսօր մեր անկախությունը խիստ աղճատված է, ես կասեի` ցեց ընկած, ճիճուն կերած անկախություն ունենք այսօր… Բայց դա չի նշանակում, թե անվերադարձ այն կորսված է: Այդպես չէ», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ընդդիմադիր խմբակցության քարտուղարը` հիմնավորելով. - «Որովհետև կա երիտասարդություն, կան հաղորդակցման լավագույն միջոցները, որոնք մարդկանց կապում են իրար, հասարակության [անդամներին] այսօր մոտեցնում են իրար, ու եթե խնդիր է լինում, փուշ կա մատիդ մեջ, այդ փուշը հանելու ցանկացողները համախմբվում են: Այսօրվա հասարակական շարժումները ձեզ օրինակ»:

23 տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, հիշեցնենք, Արամ Մանուկյանն էր, որ դեռևս ԽՍՀՄ կազմում գտնվող Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի ամբիոնից ընթերցեց Անկախության հռչակագիրը: Այդ օրն էր, որ Գերագույն խորհուրդը ընդունեց պատմական հանդիսացող այդ փաստաթուղթը, որով դրվեց Հայաստանի անկախության վերանվաճման գործընթացի սկիզբը և որի հիման վրա մեկ տարի անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, անցկացվեց անկախության հանրաքվեն:

«Անկախությունը մի ամբողջ համալիր է, հզոր, մեծ համալիր, որը իր ինստիտուտներն ունի` դրոշ, դատարան, դրամ, անձնագիր և այլն, և ամենակարևորը` մարդկային հոգեբանություն. երբ մարդը գիտի դրա առավելությունը: Երբ մարդը զգում է, որ կարող է ստեղծագործել, երեխա դաստիարակել, սեփական երկրում ապրել, դա անկախության հոգեբանական գործոնն է, որը շատ ավելի կարևոր է, ըստ իս, քան մնացած բոլորը միասին», - այսօրվա ասուլիսում նշեց Մանուկյան:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ, վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները, ավելի կոնկրետ՝ երկրորդ և երրորդ նախագահների վարչակազմերը, իրենց գործողություններով թուլացրել են Հայաստանի անկախությունը:

«Ամբողջ էներգահամակարգը տվեցինք այլ երկրի: Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալներից էր, երբ 100 միլիոն դոլարի փոխարեն ամբողջ հայաստանյան ռազմավարական հիմնարկները տվեց ուրիշին: Տվեց` առանց աչքը թարթելու: Եվ ամենավերջին դեպքերը, որ արդեն ամաչում ես: Մոսկովյան եկեղեցու դեպքերից ես ամաչում եմ: Անարժանապատիվ կեցվածքով խեղճանում են բոլորի առաջ, գնում են նվաստացած, գնում են անգամ այն դեպքում, երբ տանտերը իրենց չի դիմավորում. Ռուսաստանից որևէ պաշտոնյա չդիմավորեց երկու նախագահ կոչվածին», - փաստարկեց Մանուկյանը:

Սեպտեմբերի 3-ից ի վեր, երբ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ բանակցություններից հետո նախագահ Սարգսյանը շատերի համար անակնկալ կերպով հայտարարեց Մաքսային միությանը մեր երկրի միանալու մասին, Հայաստանի իշխանությունների հասցեին չի դադարում քննադատությունը, թե նման քայլը հարված է Հայաստանի ինքնիշխանությանը, և անդամակցությունը Մաքսային միությանը ուղղակի սպառնալիք կլինի մեր երկրի անկախությանը:

Այսօրվա ասուլիսում հարցին, թե արդյոք Մաքսային միությանն անդամակցելը չի սպառնում Հայաստանի անկախությանը, Արամ Մանուկյանը պատասխանեց. - «Ես դեռ չգիտեմ ինչ է: Այն, ինչին փորձում են միանալ, իմ համոզմամբ, ոչ մեկը դեռևս չգիտի, թե ինչ է... Ես չգիտեմ շատ կարևորագույն հարցերի պատասխաններ` ռուբլու գոտու, ռուսերեն լեզվի, Ղարաբաղի հետ կապված, անվտանգության խնդիրների հետ կապված: Ես չեմ համարձակվում գնահատական տալ մի բանի, որի մասին տեղեկություն չունեմ»:

Տեղեկության համար նշենք, որ Եվրասիական տնտեսական հանրության Մաքսային միությունը, որին պատրաստվում է անդամակցել նաև մեր երկիրը, գործում է 2010 թվականի հուլիսից՝ ավելի քան երեք տարի: Նույնքան, եթե ոչ ավելի, գործում է նաև կառույցի պաշտոնական կայքէջը, ուր զետեղված են միությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, որոշումները:

Ահա մի մեջբերում այդ կայքէջից, ուր նկարագրված է, թե ինչ բան է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որը Մաքսային միության ղեկավար մարմինն է. - «Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ և իր գործունեության ժամանակ առաջնորդվում է եվրասիական հանրության ընդհանուր շահերով, և չի հիմնավորում իր որոշումները որևէ ազգային կառավարության շահերով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները պարտադիր պետք է կատարվեն Մաքսային միության անդամ-երկրների տարածքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG