Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի հարցը կարող է հանգուցալուծվել մինչև տարեվերջ


«Նաիրիտ»-ի հարցը, ըստ գործարանի արհմիության ղեկավար Հրաչյա Թադևոսյանի, կհանգուցալուծվի մինչև տարեվերջ:

Այսօր առավոտյան Թադևոսյանին ու գործարանի մի քանի աշխատակիցների ընդունել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թադևոսյանը, հանդիպմանը քննարկել էին աշխատավարձերի պարտքերի ու «Նաիրիտ»-ի ճակատագրի հարցը:

«Հույս կա, որ մինչև տարվա վերջը գործարանի վաճառքի հարցը, օպերատորի հարցը կլուծվի», - հավելեց նա:

«Նաիրիտ»-ի ավելի քան 2000 աշխատակիցներ հարկադիր պարապուրդում են. նրանց վճարվում է ամսական աշխատավարձի երկու երրորդը: Մի քանի հարյուր հոգի աշխատում են, սակայն, նրանց խոսքով` մոտ 10 ամիս աշխատավարձ չեն ստացել, և աշխատավարձերի մասով «Նաիրիտ»-ի պարտքը կազմում է մոտ 10 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանն ընդառաջ «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը աշխատանքային հանդիպում է անցկացրել «Նաիրիտ» ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանի և գլխավոր տնօրենի վերակառուցման և զարգացման գծով տեղակալ Կարեն Միրզոյանի հետ: «Ռոսնեֆտ»ի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ «Նաիրիտ»-ի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է գործարանում քլորոպրենային կաուչուկի արտադրության ծրագրին «Ռոսնեֆտ»-ի մասնակցության հնարավորության հարցը:

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ Jacobs Consultancy ընկերությունն այս տարվա օգոստոս ամսին «Նաիրիտ»-ում անցկացրել է բուտադիենից քլորոպրենային կաուչուկի արտադրման տեխնիկական և բնապահպանական աուդիտ: Աուդիտի վերջնական արդյունքներից և Հայաստանի կառավարության հետ ծրագրին ընդգրկվելու պայմանների վերաբերյալ բանակցություններից հետո միայն «Ռոսնեֆտ»-ը որոշում կկայացնի ծրագրին մասնակցելու նպատակահարմարության մասին:

Բացի այդ, «Ռոսնեֆտ»-ը պայմանավորվածություն է ձեռք բերել իր գործընկեր «Պիրելի» ընկերության հետ, որպեսզի վերջինի պատվիրակությունը այցելի «Նաիրիտ»` գնահատելու և որոշելու համար հնարավոր համագործակցության ուղիները:

Մեկնաբանելով աշխատանքային հանդիպման արդյունքները` Իգոր Սեչինը ասել է. - «Մենք մեր հայ գործընկերների հետ փոխգործակցության նշանակալի հեռանկարներ ենք տեսնում և վստահ ենք, որ Հայաստանում ռազմավարական ներդրումների մեծ պոտենցիալ կա, որը կարող է տնտեսական և առևտրային լրացուցիչ առավելություններ տալ «Ռոսնեֆտ»-ին ու Ռուսաստանին»:

«Նաիրիտ»-ի գլխավոր տնօրենի վերակառուցման և զարգացման գծով տեղակալ Կարեն Միրզոյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս ամսվա վերջին սպասվում են Jacobs Consultancy ընկերության իրականացրած աուդիտի արդյունքները, և ակնկալում են, որ դրանք դրական կլինեն:

Ինչ վերաբերում է իտալական «Պիրելի» ընկերության ներկայացուցիչների «Նաիրիտ» կատարած այցին, ապա Միրզոյանի խոսքով, նրանց հիմնական նպատակը գործարանի վիճակին ծանոթանալն էր և իրենց ներդրումային մասով ծրագիր կազմելը. - «Որը ենթադրում է «Նաիրիտ»-ի աշխատելուց հետո արտադրանքի մի մասը որպես հումք օգտագործվի Հայաստանում և այստեղից ինչ-որ բաներ գնա արտասահման»:

Նա հավելեց, որ այս պահին խոսվում է տարեկան 35 հազար տոննա կաուչուկ արտադրելու մասին, որը կազմում է աշխարհում կաուչուկի պահանջարկի 10 տոկոսը:
XS
SM
MD
LG