Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել «Բարև» շարժման ակտիվիստը


Երեկ երեկոյան ծեծի է ենթարկվել «Ժողովրդական ուղի» կուսակցության անդամ, «Բարև» շարժման ակտիվիստ Վիգեն Դավթյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը:

Նրա փոխանցմամբ՝ Դավթյանին ծեծի են ենթարկել «Շիրակ» հանրախանութի մոտ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի սեպտեմբերի 20-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկները բաժանելիս:

Ծեծի ենթարկվելուց հետո Վիգեն Դավթյանը դիմել է ոստիկանություն: Ժամանած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի մոտ վիճաբանության ժամանակ անհայտ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր դեմքին, մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ, ինչից հետո ոստիկանության կողմից դատաբժշկակական փորձաքննություն է նշանակվել:

Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց՝ Հանրապետական հիվանդանոցում ստուգվելուց հետո պարզ է դարձել, որ կոտրվածքներ և լուրջ վնասվածքներ չունի, սակայն երեկվանից իր ինքնազգացողությունը չի լավանում:

«Նույն օրը [երեկ] ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վիգեն Դավթյանին ծեծի են ենթարկել Լենինգրադյան փողոցի 52 շենքի բնակիչներ ոմն Վազգենն ու Էդգարը», - նշված է Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում: Ոստիկանությունը հայտնում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ Վազգենի ու Էդգարի անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:


Աննա Բարսեղյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG