Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանի ակումբը այս անգամ պարտվեց


Հենրիխ Մխիթարյանը (ձախից) «Բորուսիա»-ի կազմում, արխիվ
Հենրիխ Մխիթարյանը (ձախից) «Բորուսիա»-ի կազմում, արխիվ

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների գավաթի խմբային մրցաշարի առաջին տուրում եվրոպական լավագույն ակումբների հանդիպումներն անցել են շատ դրամատիկ պայքարում։

Հայ երկրպագուներին հետաքրքրող խաղերից մեկը տեղի է ունեցել Նեապոլում, որտեղ «Նապոլին» ընդունել է Դորթմունդի «Բորուսիային»։ Գերնյարդային հանդիպումն ավարտվել է իտալական ակումբի հաղթանակով` 2-1։

«Բորուսիայի» կազմում 10-ը համարի տակ հանդես եկող Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը լավ է սկսել հանդիպումը, սակայն հետագայում ամբողջ թիմի խաղն անկում է գրանցել։ Ի վերջո, հավանաբար տակտիկական հանգամանքներից ելնելով, մարզիչները Մխիթարյանին 76-րդ րոպեին փոխարինել են։

Գերմանական և իտալական բարձրագուն լիգաների (Բունդեսլիգա և Սերիե Ա) առաջատարներ «Բորուսիայի» և «Նապոլիի» հանդիպումն ինչ-որ առումով հիշեցնում էր Իռլանդիայի և Հայաստանի հավաքականների վճռական մարտը Դուբլինում, որտեղ տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղալու համար դաշտից հեռացվել էր Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

Բայց եթե Դուբլինում մրցավարի որոշումը բավական վիճելի էր, ապա Նեապոլում «Դորթմունդի» դարպասապահ Ռոման Վայդենֆելերը` առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին փորձելով կասեցնել մրցակցի գրոհը, ակնհայտ ձեռքով էր խաղացել ու հեռացվել։

Այդ պահին հաշիվն արդեն 1-0 էր հօգուտ «Նապոլիի», որի կազմում գոլ էր խփել Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, արգենտինացի Գոնզալո Իգուաինը։

Ինչպեսև Դուբլինում Բերեզովսկու դեպքում, Նեապոլում էլ հիմնական դարպասապահին փոխարինել է երիտասարդ և անփորձ մարզիկ` Միտչել Լանգերակը (ծնվել է Ավստրալիայում), ով ընդհանուր առմամբ լավ է խաղացել։

67-րդ րոպեին հրաշալի գոլ է խփել «Նապոլիի» ևս մեկ արգենտինացի ֆուտբոլիստ Լորենցո Ինսինյեն։ Դա «Դորթմունդի» անհաջողություններից սոսկ մեկն էր։ Մրցավարը դաշտից հեռացրել է նաև… մարզիչ Յուրգեն Քլոփին, ով հայտնի է որպես մրցավարների հետ վիճաբանության մեջ մտնող չափազանց էմոցիոնալ մարդ։

Մինչդեռ, Նեապոլում ֆուտբոլային դրաման շարունակվել է։ 87-րդ րոպեն ողբերգական էր «Նապոլիի» աջ պաշտպան, կոլումբիացի Խուան Կամիլո Սունյիգայի համար, որովհետև նա ... սեփական դարպասն էր գրավել։
1-2 պարտությունը տհաճ իրողություն է «Բորուսիայի» համար, սակայն թիմը միևնույն է համարվում է հաջորդ փուլ անցնելու հիմնական հավակնորդ։

Չորեքշաբթի երեկոյան մնացած հանդիպումները նույնպես հետաքրքիր էին, գոլառատ և մի քանիսն էլ` սենսացիոն։

«Չելսի» (Լոնդոն) - «Բազել» (Բազել) 1-2
«Շալկե-04» (Գելզենկիրխեն) - «Ստյաուա» (Բուխարեստ) 3-0
«Մարսեյ» (Մարսեյ) - «Արսենալ» (Լոնդոն) 1-2
«Աուստրիա Վիեն» (Վիեննա) - «Պորտո» (Լիսաբոն) 0-1
«Ատլետիկո» (Մադրիդ) - «Զենիտ» (Սանկտ Պետրբուրգ) 3-1
«ԱՑ Միլան» (Միլան) - «Սելթիկ» (Գլազգո) 2-0
«Բարսելոնա» (Բարսելոնա) «Այաքս» (Ամստերդամ) 4-0

ՈԻԵՖԱ-ի Չեմպիոնների գավաթի խմբային մրցաշարի առաջին տուրը երեքշաբթի օրն է մեկնարկել։

«Մանչեսթեր Յունայթեդ» (Մանչեսթեր) - «Բայեր» (Լեվերկուզեն) 4-2
«Ռեալ Սոսիեդադ» (Սան Սեբաստիան) - «Շախտար» (Դոնեցկ) 0-2
«Գալաթասարայ» (Ստամբուլ) - «Ռեալ» (Մադրիդ) 1-6
«Բենֆիկա» (Լիսաբոն) - «Անդերլեխտ» (Բրյուսել) 2-0
«Կոպենհագեն» (Կոպենհագեն) - «Յուվենտուս» (Տուրին) 1-1
«Օլիմպիակոս» (Պիրեուս) - «Պարի Սեն-Ժերմեն» (Փարիզ) 1-4
«Բայերն» (Մյունխեն) – ԲԿՄԱ (Մոսկվա) 3-0
«Վիկտորիա» (Պլզեն) - «Մանչեսթեր Սիթի» (Մանչեսթեր) 0-3

Խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին և 2-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG