Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 18-ի մամուլ


Մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Մաքսային միությանը Հայաստանի առաջիկա անդամակցության թեման:

«Ժամանակ» թերթում կարդում ենք. - «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման մասին հայտարարությունը մեր պետության համար կարևոր ինդիկատորի դեր խաղաց հասարակական դիմադրողունակության տեսանկյունից: Այդ որոշման հրապարակումը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունը երկրի համար բախտորոշ, վճռորոշ, ճակատագրական հարցերում չունի բավարար հասարակական դիմադրողունակության համակարգ: Եվրոպայի անունով երդված և նույնիսկ մինչ այժմ երդվող ՀԿ-ների հանրույթից կարելի է լսել եզակի ձայներ, իսկ պայքարի բուն գործողությունները, ակցիաները, նախաձեռնությունները նույնիսկ եզակի էլ չեն՝ չկան ընդհանրապես»:

Թեման շարունակում է «Ազգ» թերթը, որում կարդում ենք. - « Նախագահ Սարգսյանի սեպտեմբերերեքյան հայտարարությունից հետո մեկ շաբաթ հետևելով մեր քաղաքական դաշտի իրարամերժ ու շփոթված պահվածքինՙ մի շարք հետևությունների հանգեցինք: Մեր քաղաքական դաշտը պարզապես բանի պետք չէ («նեգոդնի» Է` մի լավ խոսք կա զինվորական գործում): Գիտե՞ք ինչու: Որովհետև արդեն ոչ մեկ տարի է, ինչ լրատվամիջոցների մակարդակով գոնե խոսվում է, թե Հայաստանն, այնուամենայնիվ, ի վերջո ընտրություն անելու է եվրոպական և ռուսական ուղղությունների միջև, ու խելքը գլխին քաղաքական ուժն իր ներսում վաղուց պետք է վերլուծած լիներ տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական ու անգամ մշակութային մինուսն ու պլյուսը երկու ուղղությամբ ու պատրաստ տեսակետ ունենար երկու տարբերակների համար էլ: Նման բան մինչև սեպտեմբերի երեքը տեղի չունեցավ»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Դաշնակցությունը «Մենք ապրելու ենք մեր երկրում» անվանումով մի ծրագիր է ներկայացրել, որն ուղղված է արտագաղթի կանխարգելմանը: Ծրագրում լավ-լավ բաներ են գրված: Օրինակ, գրված է, որ պետք է տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ստեղծել նոր աշխատատեղեր և արդարացի վարձատրության համակարգ, բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը, վերացնել անպատժելիությունը և այլն: Մի խոսքով` տասը կետից բաղկացած «կուկլա» ծրագիր է: Միայն երկու փոքրիկ թերություն ունի: Առաջին. ծրագրում Հայաստանի գործող իշխանությունների մասին ոչ մի քննադատական բառ չկա, տպավորություն է ստեղծվում, թե իշխանություններն այս իրավիճակի հետ հեչ կապ չունեն: Երկրորդ փոքրիկ թերությունն էլ այն է, որ, ճիշտ է, ծրագրի իրականացման հարցում անելիքներ ունեն նաև ընդդիմությունը, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը և այլն, բայց հիմնական իրականացնողը պիտի լինեն իշխանությունները»: «Չէինք ցանկանա չափից դուրս հոռետես լինել, բայց, կարծում ենք, իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անի, այլև մտքում մի լավ կծիծաղեն այս ամենի վրա», - եզրափակում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է երեկ Մոսկվայում տեղի ունեցած՝ Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման միջոցառմանը` գրելով․ - «Օծման հանդիսավոր ծիսակատարությունը կատարել է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Արարողությանը ներկա է եղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը: Եկեղեցու բացմանը մասնակցել են նաև Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը: Սույն արարողությունը երեկ լայնորեն քննարկվում էր հանրության շրջանում, սոցկայքերում: Լայն քննարկման առարկա էր դարձել այն, որ հյուրերի ցանկում չկային ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ, անգամ Մոսկվայի նորընտիր քաղաքապետը չէր եկել: Այնինչ, մինչ այդ խոսվում էր, որ հայկական եկեղեցու բացմանը թերևս մասնակցի նաև ՌԴ նախագահը: Արձանագրությունը մեկն է՝ Ռուսաստանի իշխանությունները առիթը բաց չթողեցին Հայաստանի իշխանությանը արհամարհելու և նվաստացնելու համար»:

«Հրապարակ» թերթի խմբագրականը ներքաղաքական դաշտի համատարած պասսիվության համապատկերում առանձնացնում է նորաստեղծ քաղաքական մի կազմակերպություն` «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը: Թերթը գրում է. - « Եվ այս ֆոնին դաշտում հայտնվում է նոր քաղաքական ուժ՝ «Նոր քաղաքական մշակույթ» հավակնոտ անունով, որի լիդերը՝ 33-ամյա Անի Զախարյանը կոչ է արել հայ աղջիկներին 26 տարեկանում հրաժեշտ տալ կուսությանը: Այո, այո, քաղաքական ուժի լիդերը որոշել է սեքսուալ հեղափոխություն անել երկրում, այդ ճանապարհով հասնել հաջողության: Եվ եթե հաշվի առնենք, որ իրական հեղափոխության կոչերը երկրում չեն իրականանում, իսկ նման կոչեր անողները հաջողության չեն հասնում, գուցե հաջողության ճշմարիտ ուղին հենց այս աղջիկն է գտել: Գուցե նա արդեն իր կուսակցության պլատֆորմն է մշակում՝ հույսը դնելով իր օգնությամբ կուսությունից զրկված կանանց քվեների վրա»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG