Մատչելիության հղումներ

Գյումրիում կանցկացվի քանդակագործության միջազգային սիմպոզիում


Այս տարի Անկախության տոնի կապակցությամբ կազմակերպվող մշակութային միջոցառումներին կավելանա ևս մեկը՝ Գյումրիի քանդակագործության միջազգային սիմպոզիումը:

Նախաձեռնության հեղինակը Գյումրիի Մշակութային էքսպերիմենտալ կենտրոնինն է, որի նախագահ Արթուր Գևորգյանն ասաց, որ սեպտեմբերի 21-ին մեկնարկող մեկամսյա սիմպոզիումի ընթացքում ստեղծված քանդակները տեղադրվելու են քաղաքի՝ Խաղաղության օղակ կոչվող կենտրոնական հատվածում:

Նա հավելեց, որ այդ մեկ ամսվա ընթացքում, երբ աշխատելու են քանդակագործները, զուգահեռ կազմակերպվելու են դասական և ժողովրդական երաժշտության համերգներ, ասմունքի երեկոներ, ցուցահանդեսներ:

Սիմպոզիումի մասնակից տասը քանդակագործներից 4-ը Գյումրիից են և մեկական քանդակագործ՝ Երևանից, Ստեփանակերտից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Իտալիայից:

Ֆլորենցիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Մասսիմո Լիպին, ով երկու տարի առաջ մասնակցել էր Շուշիի սիմպոզիումին, Գյումրի կժամանի հրավիրյալի կարգավիճակով, կաշխատի առանց հոնորարի, քանի որ, Գևորգյանի փոխանցմամբ, շատ է սիրում Հայաստանը, հայ ժողովրդին ու հայկական քարը:

Մյուս մասնակիցները սիմպոզիումի ավարտին կստանան հազարական դոլար: Գյումրիի քանդակագործության միջազգային սիմպոզիումի անցկացմանը 8 մլն դրամ տրամադրել է Հայաստանի կառավարությունը, 3.5 մլն դրամ հատկացրել է Գյումրիի քաղաքապետարանը:

Արթուր Գևորգյանը հույս ունի ոչ միայն արվեստի գեղեցիկ անկյուն բացել Գյումրիի կենտրոնում, այլև ստիպել աշխարհին Գյումրուն նայել ոչ թե խղճահարությամբ, այլ հիացմունքով:

«Մտածելու տեղիք էր տալիս, թե ինչպես վերաբերվել առհասարակ այն հանգամանքին, որ Գյումրիում շատ կան հուշարձաններ՝ նվիրված երկրաշարժի զոհերին, և դա ինչպես կոմպենսացնել», - ասաց նա՝ շարունակելով․ - «Դրա համար մենք առաջարկեցինք կոնցեպտ՝ առանց բովանդակային խնդրի, և վերնագրեցինք ամբողջը «Կենդանարար աղբյուր»: Այսինքն՝ նոր ստարտ»:

Ստեղծագործական առումով սիմպոզիումի մասնակից քանդակագործները միանգամայն ազատ են լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG