Մատչելիության հղումներ

Պատգամավորի՝ Ռուսաստանում բնակվող ազգականներն ուրախացել են


Իշխանամետները հիացած են, ընդդիմադիրները՝ քննադատում են
please wait

No media source currently available

0:00 0:02:21 0:00

Իշխանամետները հիացած են, ընդդիմադիրները՝ քննադատում են

Պատգամավորներն իրենց դիտարկումներն են ներկայացնում Մաքսային միությանը միանալու հարցի շուրջ։

«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի՝ Ռուսաստանում բնակվող ազգականները ուրախացել են, երբ լսել են, որ Հայաստանը պատրաստվում է միանալ Մաքսային միությանը։

Պատգամավորն այս մասի անկեղծացավ ԱԺ ճեպազրույցի ընթացքում։ Բիշարյանը ասաց՝ Մաքսային միությանը միանալը բխում է նախ Հայաստանի, ապա Ռուսաստանում ապրող հայերի անվտանգությունից։

«Չկա մի ընտանիք, որ չի ուզում, որ իր հարազատը Ռուսաստանում ավելի անվտանգ չապրի»,- ասաց պատգամավորը։

Իհարկե, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ չբացառելով սա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, սակայն, դիլետանտություն է համարում որոշ պաշտոնյաների այն հայտարարությունները, թե «դուք դա չգիտեի՞ք»։

«Մենք գիտեիք, այդ դո՛ւք չգիտեիք, «Բարգավաճ Հայաստանը» չէր այդ բանակցությունները վարող, «Ժառանգությունը» կամ ՀԱԿ-ը չէր, Դաշնակցությունը չէր»,- ասաց Զոհրաբյանը։

Ինչպես հասկանանք ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ նախաստորագրել Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիրը, երբ մի շարք բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ այն այլևս օրակարգից դուրս են համարում, ավելին՝ պնդում են, որ մեկը մյուսին հակասում է։ Այս հարցերի պատասխանը փորձեցինք պարզել ԱԺ բոլոր խմբակցություններից։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ սա ընդամենը եվրոպացիների կարծինք է. - «Եթե ասում եմ՝ «և-և», եթե մի ուրիշ տեղ էլ «և»-ի խնդիր լինի, որ մեր պետությանը անհրաժեշտ է, էդտեղ էլ պիտի փորձենք որոշակի համագործակցություններ ունենալ»,- ասաց Սահակյանը։

ՕԵԿ-ից էլ ասում են, թե կյանքը ցույց կտա և հույսը դնում են դիվանագետների վրա։

«ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, մեկը մյուսին չեն խանգարի, ընդհակառակը՝ կօգնեն»,- ասաց Հեղինե Բիշարյանը։

Մինչդեռ ոչ կոալիցիոն խմբակցությունները այնքան էլ լավատես չեն այս հարցում։ Եթե կար կասկած, ո՞վ էր ստիպում այսքան տարի բանակցել ԵՄ հետ, հարց են բարձրացնում ԲՀԿ-ականները։

«Կորցրեցինք մեր իմիջը, մենք այլևս չենք դիտվում որպես վստահելի գործընկեր տարբեր տերությունների համար»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը։

«Տնտեսական և քաղաքական փոխկապակցվածությունից առանձնանալ չենք կարող»,- համաձայնելով եվրոպացի պաշտոնյաների հետ ասում էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը.- «Սա քայլ է դեպի աշխարհաքաղաքական նոր բևեռի մաս կազմելու կամ չկազմելու հետ կապված։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը Մաքսային միությունով սկսելով, գնալով ԵվրԱզԷս, հասնելու է Եվրասիական միությանը, որը քաղաքական միավոր է»։

Մեր դիվանագետները չորս տարի բանակցելուց հետո պետք է ոչ թե ուղին փոխեն, այլ փորձեն Եվրոպայի դուռը բաց պահել, ասաց «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը։

«Ես իսկապես կցանկանայի, որ մենք ունենայինք նախաստորագրված ինչ-որ փաստաթուղթ, որի հիման վրա կարելի կլինի խորացնել, շարունակել, միգուցե դռները բացել, հատկապես, որ մեր այսօրվա իշխանության ներկայացուցիչները արդեն մի քանի անգամ ասել են՝ «իսկ ո՞վ է ասել, որ Մաքսային միությունը մինագամից կստացվի, դեռ Բելառուսի և Ղազախստանի նախագահներն էլ պետք է իրենց համաձայնությունը տան, ո՞վ գիտի՝ ինչ կլինի»»,- ասաց Պողոսյանը։

ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանն էլ ասում է՝ այդքան փող ծախսվեց չորս տարիների ընթացքում, ու արդյունքում հայտնվեցինք անորոշ վիճակում։ Մանուկյանի խոսքով՝ անորոշությունը ամենամեծ դժբախտությունն է։

«Դա վնասո՞ւմ է մեր անկախությանը, թե՞ չի վնասում, Ղարաբաղի հարցին դա օգուտ տալի՞ս է, թե՞ վնասում է։ Գոնե մեծ, կարևոր առանցքային խնդիրների շուրջ այն մարդը, ով հայտարարություն է անում, պետք է համագործակցի, տեղյակ պահի, խորհրուրդ հարցնի գոնե իր համախոհներից, և ոչ թե ինքն իրեն որոշումներ կայացնի, որից բոլորը շոկի մեջ են։ Շոկի մեջ է եղել ամբողջ Հայաստանը, շոկի մեջ է եղել ամբողջ Եվրոպան, շոկի մեջ է եղել Հանրապետական կուսակցությունը»,- ասաց Մանուկյանը։
XS
SM
MD
LG