Մատչելիության հղումներ

Ջեյմս Ուորլիքը «երջանիկ է» գտնվելու Ղարաբաղում


Հայաստան - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, 12-ը սեպտեմբերի, 2013թ․
Հայաստան - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, 12-ը սեպտեմբերի, 2013թ․

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը այդ մասին հայտարարեց Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հանդիպումից հետո:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահը ուրբաթ օրը Ստեփանակերտում հայտարարեց, թե երջանիկ է գտնվելու Լեռնային Ղարաբաղում:

«Ես իրոք երջանիկ եմ, որ կարողացա այցելել ձեր գեղեցիկ երկիրը», - Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ շուրջ երկու ժամ տևած հանդիպումից հետո հայտարարեց Ջեյմս Ուորլիքը, ով, իր խոսքերով, Լեռնային Ղարաբաղում է՝ լսելու, սովորելու, ծանոթանալու բոլոր կողմերի կարծիքներին:

«Բոլոր հանդիպումների ժամանակ ուզում եմ մի քայլ առաջ նայել և տեսնել, թե ինչ հնարավորություններ կան ավելի կայուն խաղաղության հասնելու համար», - ասել է ամերիկացի համանախագահը:

Նախկինում Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի եվրոպական անվտանգության և քաղաքական հարցերով բյուրոյի տնօրենի ու Բուլղարիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնները զբաղեցրած Ջեյմս Ուորլիքը այս օգոստոսի սկզբին նշանակվեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահ, և սա նոր կարգավիճակով ամերիկացի դիվանագետի առաջին այցն է տարածաշրջան:

Ամերիկացի համանախագահը, ով Ստեփանակերտ է ժամանակել երեկ երեկոյան, Twitter-ի իր էջում այդ մասին շտապել է հաղորդագրություն թողնել, որտեղ ասվում է․ - «Ղարաբաղ. հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների հետ և շփման գծի դիտարկում»: Մասնավորապես «բարձրաստիճան պաշտոնյաներ» ձևակերպումը անմիջապես հարուցել է Ադրբեջանի արտգործնախարարի խոսնակի և այլ օգտատերերին զայրույթը, ինչին ամերիկացի դիվանագետը չի արձագանքել:

Ջեյմս Ուորլիքը Ստեփանակերտում հայտարարեց կողմերի միջև խաղաղության հասնելու, փոխադարձ վստահություն հաստատելու հնարավորությունների մասին:

«Մեր հիմնական առաքելությունն է կողմերի միջև շփման խողովակների բացելը: Եթե իրոք մենք կարողանանք հասնել վերջնական խաղաղության, բնական է, որ պիտի զարգացնենք փոխադարձ վստահությունը բոլոր այն մարդկանց միջև, ովքեր ապրում են այստեղ», - հայտարարեց ամերիկացի միջնորդը, ով լրագրողների հետ հանդիպումից հետո շտապեց մասնակցել շփման գծի դիտարկմանը:

Ջեյմս Ուորլիքը տարածաշրջան է ժամանել այս շաբաթ և Լեռնային Ղարաբաղից առաջ այցելել է Ադրբեջան և Հայաստան:
XS
SM
MD
LG