Մատչելիության հղումներ

Ուկրաինայի օլիգարխները՝ եվրաինտեգրման կողմնակից


Քաղաքական գովազդ. «Ուկրաինա - Եվրոպա. Ինչ կտա Ձեզ Ասոցացման պայմանագիրը»
Քաղաքական գովազդ. «Ուկրաինա - Եվրոպա. Ինչ կտա Ձեզ Ասոցացման պայմանագիրը»

Ուկրաինայի մեծահարուստ գործարարների համոզմամբ, երկրի շահերը պահանջում առավել սերտ քաղաքական և տնտեսական կապեր հաստատել Բրյուսելի հետ։

Մրցակցությունը որակի խթանն է


Նախագահ Վիկտոր Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցությունից Ուկրաինայի խորհրդարան [Գերագույն ռադա] ընտրված պատգամավոր Բորիս Կոլեսնիկովը, ով, ըստ «Ֆորբս» հանդեսի, 50 ամենահարուստ ուկրաինացի գործարարների ցանկում է, ասել է, որ գործարար աշխարհի գերիշխող մեծամասնությունը Եվրոպայի հետ համագործակցության գաղափարի ջատագովներ են։

«Պարզապես չեն կարող լինել այնպիսի խմբավորումներ, որ չաջակցեն եվրաինտեգրմանը։ Որքան հզոր լինի մրցակցությունը, այնքան արագ կզարգանան ուկրաինական ընկերությունները։ Եթե 90-ականներին չլիներ Կիևի «Դինամո»-ն, հիմա այդքան ուժեղ չէր լինի Դոնեցկի «Շախտյոր»-ը։ Մրցակցությունը որակի խթանն է», - ասել է Կոլեսնիկովը։

Ենթադրվում է, որ չնայած Ռուսաստանի գործադրած ճնշումներին՝ Ուկրաինան Վիլնյուսում կստորագրի Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը, որի անբաժան բաղկացուցիչն ազատ առևտրի համաձայնությունն է։

Կիրառելով տարատեսակ պատժամիջոցներ և տնտեսական այլ մեխանիզմներ՝ Ռուսաստանն ամիսներ շարունակ Ուկրաինայի ղեկավարներին ամեն կերպ համոզում է անդամակցել Մաքսային միությանը։

Հզոր ճնշումն ուժ է հաղորդում Ուկրաինային


Արևեմտյան փորձագետները մի զավեշտալի հանգամանք են նկատել՝ որքան հզորանում է Կրեմլի գործադրած ճնշումը, այնքան ավելի է Ուկրաինայի գործարար աշխարհը համոզվում, որ զարգացման միակ ուղին Եվրոպայի հետ համագործակցություննն է։

Ռինատ Ախմետովը, ով Ուկրաինայի ամենահարուստ և ազդեցիկ օլիգարխն է, ռուսական կողմի սահմանած խիստ մաքսային հսկողության մասին ասել է, որ դա ավելի ուժեղ կդարձնի Ուկրաինան, ուկրաինական բիզնեսը և յուրաքանչյուր ուկրաինացուն։

«Այդ ամենից մենք պետք է դասեր քաղենք, պարզենք, թե ինչն ենք ճիշտ արել, որտեղ ենք սխալվել։ Եթե մենք ճշգրիտ վերլուծություն կատարենք, դա ապագայում մեզ ավելի ուժեղ կդարձնի», - ասել է Ախմետովը։

Եվրոպայի հետ կապերն ակտիվորեն խորացնելու հետ մեկտեղ, ուկրաինացի օլիգարխները պետք է նաև փորձեն լեգիտիմություն ձեռք բերել և ամուր դիրքեր ապահովել 2015 թվականի նախագահական ընտրություններից հետո։

Օլիգարխների շահերը հիմա համընկնում են երկրի շահերին


Նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի փոխանցմամբ՝ հիմա ստեղծվել է շատ բարենպաստ վիճակ, քանի որ օլիգարխների շահերն այս փուլում համընկնում են երկրի շահերին։

«Եվրոպական քաղաքականությունն այդ կլանների համար ապահովում է ոչ միայն տնտեսական առավելություններ, այլև ճանաչում, լեգիտիմություն։ Իմ կարծիքով, դա է առանցքային գործոնը։ Դա չի նշանակում, որ նրանք [ուկրաինացի օլիգարխները] միանգամից կդառնան եվրոպացիներ։ Բայց կա շարժիչ ուժ, այն, որ նրանց կորպորատիվ և մասնավոր շահերը այս հարցում, բարեբախտաբար, համընկնում են Ուկրաինայի ազգային շահերին», - ասել է Յուշչենկոն։

Վերլուծաբանները նշում են, որ նախկինում ուկրաինացի օլիգարխները լավ էլ օգտվել են խորհրդային ոճի ոչ թափանցիկ քաղաքականության մեխանիզմներից, սակայն հիմա կարծես թե պատրաստ են հրաժարվել իրենց շահերի մի մասից, ընդունել գործարարության եվրոպական կարգավորումը և այդ եղանակով մրցունակ լինել թե՛ երկրի ներսում և թե՛ քաղաքական կապերի շնորհիվ բարգավաճող ռուսաստանցի օլիգարխների համեմատությամբ։

Հայաստանի հետ տեղի ունեցածը մեսիջ է Ուկրաինային


«Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դը Վաալի համոզմամբ, Ռուսաստանը բնավ չի հրաժարվի ճնշումների գործելակերպից, և դրա ապացույցը Հայաստանի օրինակն է։

«Հայաստանը Ռուսաստանի համար, կարող ենք ասել՝ միջին կարևորության գործոն էր։ Մաքսային միության ծրագրի առանցքային նպատակը, այսպես ասած՝ «գլխավոր մրցանակը» կլիներ Ուկրաինայի մասնակցությունը։ Հայաստանի հարցի հանգուցալուծումն Ուկրաինային հասցեագրված ուղերձ էր՝ «դու հաջորդն ես, մենք ամեն ինչ կանենք, որ դու անդամակցես Մաքսային միությանը», - այսպես է վերլուծել տեղի ունեցածը Թոմաս դը Վաալը։

Եվրաինտեգրումը՝ տեխնոլոգիայի ոլորտի ընկերությունների համար մահապատիժ է


Մոսկվան ունի ազդեցության լծակներ։ Ուկրաինան ավելացնում է արտահանումը Եվրոպայի ուղղությամբ, սակայն արդյունաբերական հիմնական արտադրանքի՝ պողպատի, քիմիայի, գյուղմթերքի սպառողները ետխորհրդային երկրներն են, այդ թվում՝ Մաքսային միության անդամները։

«Մոտոր Սիչ» ավիաընկերության ղեկավարը վերջերս ասել է, թե Ասոցացման պայմանագրի ստորագրումը տեխնոլոգիայի ոլորտում գործող ընկերությունների համար հավասարազոր է մահապատժի։ Հնացած և անմրցունակ գործարանների ղեկավարների համոզմամբ՝ փրկությունը Մոսկվայի հետ կապի պահպանումն է։

Ուկրաինայի գաղտնի ծառայությունների նախկին ղեկավար Վալենտին Նալիվայչենկոյի պնդմամբ, ռուս - ուկրաինական միջխորհրդարանական բարեկամության խումբը հիմա շատ ակտիվ է աշխատում Գերագույն ռադայում։

Քաղաքագետ Վոլոդիմիր Ֆեսենկոն էլ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակցին ասել է, որ պաշտոնական տեսակետը հրապարակավ պաշտպանող պատգամավորները մասնավոր զրույցներում խոստովանում են, թե ավելի լավ կլիներ գործարք կնքել Ռուսաստանի հետ։

«Կա հզոր, բայց ընդհատակյա լոբբի, նրանք միառժամանակ լռում են, որովհետև պարզապես վախենում են Յանուկովիչից», - ասել է վերլուծաբանը։

Սեպտեմբերի 5-ին ուկրաինացի օրենսդիրներն ընդունել են Եվրոպայի հետ պայմանագրեր կնքելու համար անհրաժեշտ բարեփոխումների առաջին փաթեթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG