Մատչելիության հղումներ

Հավաքականին «ամենադժվար հանդիպումներից մեկն է սպասվում»


Այսօր երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին ամենադժվար հանդիպումներից մեկն է սպասվում։ Ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանն ասում է՝ թեև հավաքականը լավ է տրամադրված, սակայն առաջատար ֆուտբոլիստների շրջանում լուրջ կորուստներ ունենք, ինչն էլ, ըստ նրա, կազդի խաղի ընթացքի վրա։

«Բերեզովսկի՝ վնասվածք, Արզումանյան, Մինասյան՝ որակազրկված, Օզբիլիսը պետք է, որ խաղա, բայց քիչ է մարզվել, լավ չէր զգում, այնպես որ լավատեսական կանխատեսում անելը շատ բարդ է»,- ասաց մեկնաբանը։

Եթե աշխարհի առաջնություն, ուրեմն միայն հաղթանակներ, ցանկացած պարտություն ուղղակի խաչ կքաշի աշխարհի առաջնությանը մասնակցելու մեր հնարավորության վրա։ Էդուարդ Քալանթարյանի կարծիքով՝ Դանիային հաղթելը իհարկե հավանական է, դրան մեծամասամբ կարող է նպաստել երկրպագուների աջակցությունը, կարևոր է, որպեսզի խաղի ընթացքում մարզադաշտը լեփ-լեցուն լինի։ Ըստ նրա՝ Դանիան Հայաստան է եկել հաղթանակի համար, նրանք գիտակցում են, որ ավելի ուժեղ են, և փորձելու են ավելի հարձակողական ֆուտբոլ ցուցադրել, ինչից մեր հավաքականը պետք է օգտվի։

«Նրանք գալու են հաղթելու համար, և Դանիայի պաշտպանությունում ազատ գոտիներ կլինեն, իսկ եթե գնդակ բաց թողնեն, մեզ համար ավելի հեշտ կլինի։ Մեզ համար դեպի հաղթանակ տանող բանալին կլինի առաջին գոլը, կարևորը՝ մենք խփենք առաջին գոլը»,- ասաց Քալանթարյանը։

Խաղից միայն հաղթանակ են ակնկալում հավաքականի երկրպագուները։ Այսօր երեկոյան նրանք երթով շարժվելու են մարզադաշտ։ Երկրպագուների ՖԱՖ ակումբից Էդգարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են 90 րոպե ոտքի վրա լինել և աջակցել հավաքականին։ Հաղթանակի են տրամադրված հատկապես վերջին երկու խաղերից հետո։

Հաղթելու դեպքում երկրպագուները պատրաստվում են դուրս գալ փողոցներ և տոնել այն։ Ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, ով այսօր երեկոյան վարելու է հանդիպման հեռուստահեռարձակումը, ասաց, որ թեև չի պատրաստվում հաղթանակի դեպքում գլուխը սափրել, ինչպես ընդունված է, բայց խմբից դուրս գալու դեպքում որոշել է, որ ինչ-որ բան անելու է։

Խոսելով ընտրական խմբից դուրս գալու հնարավորության մասին՝ նա ասաց, որ այստեղ կարևոր է նաև մեր հավաքականի և մրցակիցների առաջիկա ելույթները։ Նրա խոսքով՝ ընտրական խմբի շատ հավաքականներ հավասար արդյունքներ են ցուցադրում, և նաև դրա շնորհիվ է, որ Հայաստանը դեռ պահպանում է խմբից դուրս գալու շանսերը։

«Դա կախված է նրանից, թե ինչպես կխաղան մեր մրցակիցները մյուս խաղերում։ Օրինակ, եթե այսօր հանկարծ Բուլղարիան միավոր կորցնի Մալթայում, իսկ մենք հաղթենք, արդեն երկու մրցակցի շրջանցենք։ Եթե հաշվի առնենք, որ Չեխիան էլ խաղում է Իտալիայի հետ, այսօրվա փուլից հետո լավագույն տարբերակը մեզ համար կարող էլ լինել մաքուր երկրորդ տեղը։ Իսկ դա նշանակում է, որ Բուլղարիային հաղթելու դեպքում էլ մենք արդեն մեկ ոչ ոքիի իրավունք կարծես թե ունենում ենք»,- ասաց մեկնաբանը։

Ի դեպ, այսօր երեկոյան ժամը 8-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի ունենալիք հանդիպմանը ընդառաջ հաղորդագրություն է տարածել ճանապարհային ոստիկանությունը, որտեղ ասվում է, որ ժամը 17.30-ից մինչև 22.00-ը մարզադաշտին հարող փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG