Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը աջակիցներին կոչ է անում զերծ մնալ հակառուսական արտահայտություններից


ՀԱԿ առաջնորդը վստահ է, որ փորձ է արվելու «Կոնգրեսին փակցնել հակառուսի պիտակ»:

Անցած շաբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստում անդրադառնալով Մաքսային միությանը միանալու՝ Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը՝ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը իր կողմնակիցներին նախ կոչ արեց վիրավորական որևէ արտահայտություն թույլ չտալ Ռուսաստանի և անձամբ Պուտինի հասցեին:

Ըստ Տեր-Պետրոսյանի, վերջին շրջանում փորձում էին Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես «լայնախոհ, արևմտամետ գործիչ», իսկ Կոնգրեսին՝ «խավարամիտ ռուսամետներ», սակայն «Սերժ Սարգսյանի 180 [աստիճանով] շրջադարձից հետո» փորձելու են Կոնգրեսին փակցնել հակառուսի պիտակ, ինչը, ըստ Հանրապետության առաջին նախագահի, «լուրջ վտանգ է»:

«Ես այստեղ իսկապես լուրջ վտանգ եմ տեսնում, որովհետև ես բազմիցս եմ ասել՝ մենք ոչ ռուսամետ ենք եղել, ոչ ամերիկամետ, ոչ էլ այսուհետև ենք լինելու: Մենք ուրիշ սկզբունք ենք դավանում․ չլինել հակառուս և չլինել հակաարևմտյան, սա է եղել մեր սկզբունքը: Հետևաբար մենք առիթ չպետք է տանք այս պիտակը հաստատելու համար: Մենք պետք է գիտակցենք, որ ոչ թե մարգինալ, անպատասխանատու տարր ենք, այլ՝ իշխանության այլընտրանք հանդիսացող լուրջ ինստիտուցիոնալ քաղաքական ուժ»,- ընդգծեց Տեր-Պետրոսյանը:

Թե ինչքանով է Հայաստանի շահերից բխում անդամակցել Մաքսային միությանը, Կոնգրեսի առաջնորդը, ըստ էության, դիրքորոշում չհայտնեց՝ մանրամասնելով․ - «Նախևառաջ ասեմ, որ սա իմ խնդիրը չէ, ես պրոֆեսիոնալ առումով էլ չեմ կարող սրա մասին խոսել, որովհետև նախևառաջ սա պետք է ուսումնասիրեն տնտեսագետները: Նրանց խնդիրն է՝ պրոֆեսիոնալ, լուրջ տնտեսագետների, պարզել, հաշվարկել այդ պայմանագրով Հայաստանի համար բացվող հնարավորությունները և Հայաստանի առջև դրվող սահմանափակումները»:

Հիշեցնենք, սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները ստորագրեցին համատեղ հայտարարություն, որով Սերժ Սարգսյանը հրապարակավ հավաստիացրեց Մաքսային միությանը միանալու, «իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու»՝ Հայաստանի որոշման մասին:

Մոսկովյան հայտարարությունը բուռն բացասական արձագանք գտավ հայ հանրության շրջանում, Երևանում բողոքի ակցիաների տեղի ունեցան: Ընդդիմադիր մի շարք գործիչների համոզմամբ, Մաքսային միությանը անդամակցելը սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը:

Իր շաբաթօրյա ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը սուր քննադատության ենթարկեց Սերժ Սարգսյանին՝ «էլեմենտար բլեֆ» որակելով այն փաստարկը, որ Մաքսային միությանը միանալը չի նշանակում հրաժարում եվրաինտեգրումից: Իսկ հաջորդ փաստարկը, որ Մաքսային միությանը անդամակցելու որոշումը կայացվել է հաշվի առնելով Ղարաբաղի անվտանգության խնդիրը, ըստ Տեր-Պետրոսյանի՝ «բացարձակ անմեղսունակության արդյունք է»:

«Որովհետև Եվրոպայի հետ այս խաղերի մեջ մտնելու պարագայում Ղարաբաղին սպառնացող վտանգը Սերժը պետք է գիտակցեր ոչ թե հիմա, այլ իր քաղաքական ավանտյուրան սկսելուց առաջ», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը, - «Ասոցացման առաջարկը ստանալուն պես նա պետք է հանդիպեր Պուտինին և ասեր՝ ահա, Եվրոպան մեզ սա է առաջարկում, դուք ի՞նչ կարող եք առաջարկել նրա փոխարեն: Սա բնական գործընկերային դիվանագիտական պարտավորություն է: Եվ եթե արդյունքը միևնույնն՝ կրկին լիներ Մաքսային միությանն անդամակցելը, ապա այս դեպքում դա կլիներ արժանապատիվ ու շատ ավելի շահավետ պարտնյորություն ու Հայաստանը Ռուսաստանից անհամեմատ ավելի շատ բան կստանար, քան ստանալու է այսպիսի նվաստացած վիճակում»:

«Սերժի քայլը չի կարելի անգամ համեմատել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետ»,- ասաց Կոնգրեսի առաջնորդը, - «Որովհետև գոնե այդ դեպքում Սերժը դա նախաձեռնել էր կամավոր կերպով, ոչ ոք իրեն չեր ստիպել, չէր հարկադրել, իսկ այս պարագայում Մաքսային միությանը միանում է ոչ թե հավասար պարտնյորի, այլ նվաստացած ու ծեծված մուրացիկի վիճակում: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի կարողանալու անգամ ինչ-որ պայմաններ առաջարկել Ռուսաստանին կամ թեկուզ վիճարկել վերջինիս առաջարկած պայմանները ու ստիպված է բավարարվել այնքանով, որքան Ռուսաստանը կբարեհաճի տալ կամ շնորհել նրան»:

Լևոն Տեր-Պետրոսյանը նաև կարծիք հայտնեց, որ տեղի ունեցածին Եվրամիության արձագանքը «բավականին մեղմ է և վստահ եմ՝ չի էլ կոշտանալու»:

«Եվ երկրորդ հանգամանքը կա՝ Եվրոպան նույնպես դեմքը փրկելու խնդիր ունի, որովհետև չորս տարի հավատացել են այս մարդուն՝ [Հայաստանի նախագահին], բանակցել, գումարներ տրամադրել և հանկարծ խաբվել են»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

«Մի հարց էլ կա, որը վերաբերում է մի անձի՝ Ֆյուլեին, որը Եվրամիության ընդլայնման նախարարն է և փաստորեն 3,5 տարի այս գործը համարել է իր կյանքի խնդիրը: Բնական է՝ եվրաբյուրոկրատ, պետք է ցույց տար Եվրոպային՝ տեսեք ինչպիսի նվաճման հասավ, քանի երկիր պոկեց Ռուսաստանից, ստեղծեց մի բուֆերային գոտի՝ Ռուսաստանի և Եվրոպայի միջև: Հիմա Հայաստանի հարցում Ֆյուլեի համար սա նաև անձնական ձախողում է: Այս ամեն ինչի մասին ես ասել եմ Ֆյուլեին: [Նա] կտրուկ ասաց՝ Դուք սխալվում եք: Ես էլ ասացի՝ Ձեր համառության մեջ տեսնում եմ մի բան․ Ձեզ ձեռք են տալիս այս իշխանությունները՝ Ձեր գեոպոլիտիկ շահերից ելնելով Ձեզ ձեռք են տալիս, որ նրանք լինեն ոչ դեմոկրատ, կոռումպացված, քանի որ այդպես ավելի կառավարելի են: Ֆյուլեն շատ նեղացավ, կարմրեց: Ինչ որ է․․․ բաժանվելուց ես նրան ասացի, որ կացնի որոշ ժամանակ, կհամոզվես, որ ես ճիշտ էի: Դե հիմա արդեն թող ինքը որոշի՝ կընդունի՞, թե չի ընդունի»,- նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մենք կապվեցինք նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողմոնյանի հետ, որպեսզի ճշտենք, թե երկրորդ նախագահն ի՞նչ դիրքորոշում ունի Մաքսային միությանը միանալու հարցի վերաբերյալ:

«Կարծում եմ, առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը կներկայացնի իր դիրքորոշումը»,- պատասխանեց Սողոմոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG