Մատչելիության հղումներ

Նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիայից 9 ակտիվիստներ բերման ենթարկվեցին


Նախագահականի մոտ ցուցարարներից 9-ը բերման ենթարկվեցին
please wait

No media source currently available

0:00 0:13:37 0:00

Հայաստանի նախագահի նստավայրի մոտ այսօրվա բողոքի ակցիան ուղեկցվեց ոստիկանության հետ բախումներով, քաշքշուկով և ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելով։

Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն մտնելու, հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու՝ Հայաստանի որոշման մասին նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունների կապակցությամբ բողոքի ակցիայի դուրս եկած տասնյակ քաղաքացիներ ինքնաբուխ հավաքով պահանջում էին վերջ տալ այս քաղաքականությանը, Հայաստանի անունից չխոսել, և միանձնյա որոշումներով երկիրը չտանել հարյուր քայլով հետ դեպի Սովետական Միության վերակազմավորում։

Ոստիկանների հետ բախումները սկսվեցին այն բանից հետո, երբ Նախագահի նստավայրի դիմացի մայթին՝ «Մարշալ Բաղրամյան» մետրոյի հարևանությամբ հավաքված ցուցարարները որոշեցին, ճեղքելով ոստիկանների շղթան, հատել Բաղրամյան փողոցը և կանգնել հենց նստավայրի դարպասների դիմաց։ Ոստիկաններն անմիջապես պատ կազմեցին, սկսեցին կանխել ցուցարարներին, նրանց մի մասին հաջողվեց անցնել փողոցը և նախագահի հրաժարականի կոչեր հնչեցնել նստավայրի դիմաց։ Իրավապահներին ցուցարարները հորդորում էին «ռուսական համազգեստ» հագնել, բացականչելով՝ «Ռուսներ հեռացեք», «չեկիստներ», «Պուտինի ոստիկաններ»։

Երբ ոստիկանները սկսեցին քաշքշելով և բռնությամբ ցուցարարներին հրել դեպի դիմացի մայթ, երկու տասնյակ ակտիվիստներ, ի նշան բողոքի, շրջան կազմած նստեցին գետնին, Բաղրամյան պողոտայի՝ անմիջապես նախագահի նստավայրին հարող տարածքում մի պահ երթևեկությունը կանգ առավ, ոստիկանները շրջապատեցին նրանց և սկսեցին փողոցը մաքրել։ 9 ակտիվիստների ուժի գործադրմամբ, աղջիկներից ոմանց հագուստները քաշքշելով, մի քանի հոգով գրկած մտցրեցին ոստիկանական մեքենաները և բերման ենթարկեցի ոստիկանական բաժիններ։

Բերման ենթարկվածների թվում էր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը։

Ցուցարարները չէին ցանկանում զիջել, ոստիկանական խմբերն ու մեքենաները գնալով համալրվում էին, և իրավապահներին ի վերջո հաջողվեց բոլորին տեղափոխել Բաղրամյան մետրոյի հարակից տարածք։ Այս գործողություններն ուղեկցվում էին, «ամո՛թ» բացականչություններով։

Ոստիկանության գործողությունները տեղում վերահսկում և կարգադրություններ էր տալիս Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, նա հիմնավորեց, որ բերման ենթարկված ցուցարարները իրավախախտներ են. - «Ոստիկանության օրինական պահանջները չկատարելու դեպքում ցանկացած քաղաքացի ենթակա է բերման ենթարկվելու»։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեջբերեց հավաքների ազատության մասին օրենքի 19-րդ հոդվածը, ըստ որի հավաքն արգելվում է, եթե այն՝ «անցկացվելու է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նuտավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիuի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը»։

«Արմենիա Թուդեյ» կայքի խմբագիր Արգիշտի Կիվիրյանն էլ ակցիայից ժամեր անց հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ «խոսելու», հրաժարվել է, ինչից հետո ոստիկանները նրան էլ են բերման ենթարկել։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ոստիկանություն բերվածների մեծ մասը վարչական արձանագրություններ կազմելուց հետո դուրս են եկել. նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ այսինքն կտուգանվեն՝ ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար։

Այսօրվա բողոքի ակցիան ինքնաբուխ քաղաքացիական ակցիա էր, չուներ կազմակերպիչ․ Սերժ Սարգսյանի հայտարարություններից դժգոհողները հավաքվել էին ֆեյսբուքյան օգտատերերի տարածած ակցիայի մասին հաղորդագրությունը կարդալով։ Չկային խորհրդարանական քաղաքական ուժերի կարկառուն դեմքեր, «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներից մի քանիսին տեսանք։

Հայտնի գործիչներից միայն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էր եկել:

«Տեղի է ունեցել Հայաստանի՝ պաշտոնապես որդեգրած ուղեգծից շեղում։ Հայաստանի իշխանությունների ՝ բազում անգամներ ազդարարած ուղուց շեղում, թե որքանով է այդ շեղումը վերջնական, երևի մի քիչ պիտի համբերենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայրիկյանը, - «Ինքը [Սերժ Սարգսյանը] միանում է՝ ինքը դրա իրավունքը ունի, ես չեմ միանում Մաքսային միությանը։ Ինքը կարող է Հայաստանի Հանրապետության անունից շատ բան հայտարարել, բացi Հայաստանի ստրատեգիական կողմնորոշմանը վերաբերող հարցերի»։

Հավաքվածները հայտարարում էին, որ չնայած Սերժ Սարգսյանի պնդումներին, Հայաստանը որևէ մասնակցություն չի ունեցել նման որոշման կայացմանը և բարձրացնում իրենց խոսքերով «ոչ լեգիտիմ նախագահի» հրաժարականի հարցը. - «Զգուշացեք, հետ կանգնեք նախնական հայտարարություններից, հարգեք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես։ Նման քայլով Դուք, գուցե շատ կարճամիտ, գուցե հաշվարկներից զուրկ, բայց միգուցեև սպառնալիքի ներքո զիջում եք Հայաստանի Հանրապետության անկախությունը»,- ասաց Դավիթ Սանասարյանը։

«Սերժ Սարգսյանը ժողովրդից օժտված չէ ժողովրդի անունից հայտարարություններ անելու իրավունքով, երևի միայն ինքը տեղյակ չէ, որ օժտված չէ, ամբողջ հասարակությունը գիտե, որ ինքը ընտրված նախագահ չէ, սա մեկ»,- ասաց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը,- «Մյուսը. բա որ Դուք արդեն որոշել էիք, որ ժողովուրդն արդեն որոշել է, բա չորս տարի 200 հոգանոց դիվանագիտական կոնտինգենտ Հայաստանի փողերը ծախսելով ի՞նչ էիք բանակցել տալիս եվրոպացիների հետ անտեղի։ Թե՞ իրեն թվում է, թե ինքը շատ խորամանկ է, կարող է և՛ այն միության անդամ լինել, և՛ երկրորդի, և՛ երրորդի ու չորրորդի։ Ակնհայտորեն դա այդպես չէ»։

Արգիշտի Կիվիրյանն էլ մինչ բերման ենթարկվելը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես արձագանքեց իշխանությունների այն պնդումներին, որ Մաքսային միություն մտնելը բխում է Հայաստանի անվտանգության շահերից. - «Անվտանգությանը սպառնում է հենց նման միության մեջ մտնելը, ի՞նչ ավելի մեծ վտանգ կարող է լինել Հայաստանի համար, երբ փաստորեն վտանգվում է մեր պետականությունը և անկախությունը։ Որպես վերլուծաբան ես կարող եմ նշել, որ հեռահար արդյունքում այդ ծրագիրը տապալվելու է, Ռուսաստանը չունի նման ռեսուրսներ, բայց այն, որ նա կփորձի թունավորել շատերի կյանքը, դա փաստ է»։

Բողոքի ակցիան տևեց մոտ երկու ժամ, ցուցարարները ցրվեցին, խոստանալով, որ պայքարը շարունակական է լինելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG