Մատչելիության հղումներ

Երիտասարդ գիտնականները բնակարանաշինության ծրագիրը տապալված են համարում


Նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ համալսարանականների» բնակարանաշինության սոցիալական ծրագրի երկրորդ փուլը համալսարանականները համարում են տապալված։

Երկրորդ փուլի ավարտը նախատեսվում էր 2012 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող 14 հարկանի բնակելի շենքը պետք է հանձնվեր երիտասարդ գիտնականներին, սակայն մինչ օրս նրանք բնակարաններ չեն ստացել։

ԵՊՀ դասախոս, շահառու Լուսինե Քարամյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ երեք տարի առաջ, երբ հեռանակարային էր սեփական բնակարան ունենալու գաղափարն ու դրանից մեծ ոգևորություն էին ապրում, ապա այսօր նույնքան մեծ է հիասթափությունը։

«Բնակարանները ըստ պայմանագրի պետք է տրամադրվեին առավելագույն ուշացման դեպքում այս տարվա ապրիլի 30-ից ոչ ուշ։ Արդեն 4 ամիս է մենք չունենք հստակ պատասխան ու պատկերացում, թե ինչի հույս ունենանք, ինչի սպասենք և որն է իրական վերջնաժամկետը։ Ես նոյեմբերի 1-ի դրությամբ ամբողջությամբ վճարել եմ այն գումարը, որ պայմանագրով նախատեսված է և արդեն քանի ամիս է անգամ իմ բնակարան մուտք գործելու հնարավորություն չեմ ունեցել, այսինքն չգիտեմ ինչի դիմաց եմ վճարել, բացի նախնական պայմանագրից չունեմ որևէ փաստաթուղթ»,- ասաց Քարամյանը։

Շահառուներից Լիլիթ Հովսեփյանը նշում է, որ ինքը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի խնդրանքով ժամանակից շուտ վճարել է նույնիսկ վերջնահաշվարկը, այն էլ այն դեպքում, երբ պայմանագիրը նախատեսում է վերջնահաշվարկը հանձնման-ընդունման ակտից հետո՝ 7-օրյա ժամկետում:

Շահառուներից Համազասպ Դանիելյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստում է, որ նման իրավիճակում են հայտնվել մոտ 100 հոգի։ Դանելյանը ասում է, որ թեև պայմանագրի համաձայն իրականացնող կողմը, այս դեպքում «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն պարտավորվել է շահառուներին պարբերաբար ծանոթացնել ու տեղեկատվություն տրամադրել կատարվող շինարարության շուրջ, սակայն այս դեպքում ևս խախտվում է պայմանագրի կետը։

Նշենք, որ շահառուներին նույնիսկ արգելել են մտնել նորակառույց շենք ու տեսնել իրենց բնակարանները՝ պատճառաբանելով, որ հրաման ունեն շենք առհասարակ մարդ չթողնելու։

«Ես մասնագետ չեմ, բայց կարող եմ ասել, որ ամիսների աշխատանք կա դեռ այնտեղ անելու և ուզում եմ ընդգծել, որ բոլորը շատ տհաճ իրավիճակում են հայտնվել, որովհետև հույս դնելով կոնկրետ ժամկետների հետ մարդիկ ծրագրել են սկսած երեխաներին Ավան համայնքում դպրոց, մանկապարտեզ ընդունելուց, որ սեպտեմբերից այդտեղ դասի գնան, մինչդեռ իրենք բնակվում են մեկ այլ վարչական շրջանում, վերջացրած, որ վարձով բնակվողների ժամկետներն է լրանում, տներից են հանում, շահառուներ կան, որ շուտով երեխա են ունենալու ու շատ վատ վիճակներում են հայտնվել, իսկ մեզ ամեն օր սուտ խոստումներ են տալիս, որն իրոք հիսաթափեցնող է»,- ասաց Դանիելյանը։

Նոյեմբերին ծնվելու է Լուսինե Քարամյանի առաջնեկը։ Լուսինեն ծննդատնից ստիպված կլինի տեղափոխվել մայրական բնակարան։ Նա չի հավատում այն խոստմանը, թե մեկ ամսից բնակարանները կհանձնվեն բնակիչներին։ Վերջին անգամ շինհրապարակ այցի ժամանակ էլ տեղեկացել է, որ հունվարից շինարարական աշխատանքները դադարեցվել են, բանվորներին աշխատավարձերը չվճարելու պատճառով։

Ծրագիրն իրականացնող «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանն է, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանը։

«Այն, որ այն իրականացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, մեզ կարծես մի քիչ հավատալու երաշխիքներ է տալիս, որ այո, ծրագիրը կիրականացվի, հատկապես, որ դա գիտնականների համար է, ովքեր միշտ անտեսված են եղել, բայց արի ու տես, որ անգամ երկրի բարձրագույն պաշտոնյայի հովանավորության ներքո իրականացվող ծրագիրը այսօր տապալման եզրին է կանգնած ու արդեն հավատի որևէ նշույլ ապագա սերնդի համար գոնե չեն թողել»,- ասաց Վարդանյանը։

Քանի որ կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը դեռ արձակուրդում է, նրա հետ անձամբ զրուցել մեզ չհաջողվեց, սակայն օրերս կազմակերպության կայքում տեղադրվել է հաղորդագրություն, որտեղ շենքի հանձնման ժամկետների մասին կրկին ոչինչ չի նշվում, ասվում է, որ արվում է հնարավոր ամեն ինչ շենքը շուտ շահագործման հանձնելու համար։ Հաղորդագրության մեջ շենքը ժամկետին չհանձնելու պատճառ նշվում է շինարարական աշխատանքներ իրականացնող «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշըն» ՓԲ ընկերության «դրսևորած անպատասխանատու գործելաոճը»։ Հաղորդագրությունում նաև ասվում է, որ շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով «միավորումը համալիրի կառուցման պայմանագրային արժեքը վճարել է ամբողջությամբ, չնայած այն հանգամանքին, որ ծրագրի շահառուների մեծամասնությունը չեն վճարել իրենց բնակարանների ամբողջ արժեքը»:

Մինչդեռ շահառուները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստում են, որ իրենք կառուցապատող ընկերությունից որևէ պահանջ չունեն, քանի որ իրենց պայմանագիրը հասարակական կազմակերպության հետ է։

Շահառուները նաև չեն համաձայնում հաղորդագրության մեջ նշված այն կետի հետ, թե ծրագրի շահառուների մեծամասնությունը չի վճարել բնակարանի ամբողջ արժեքը։ Նշում են, որ կնքված պայմանագրի համաձայն իրենք մինչև շենքի կառուցման ավարտը պետք է վճարեին արժեքի 85 տոկոսը, իսկ մնացածը՝ բնակարանը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում, այնինչ զրուցակիցներիցս շատերը վստահեցրին, որ ՀԿ-ի խնդրանք-պահանջով վճարել են իրենց բնակարանի ողջ գումարը։ Զրուցակիցներս նաև համամիտ չեն հաղորդագրության մեջ իրենց բողոքը որպես «անտրամաբանական և ուղղորդված», «ծրագրի առաքելության անհարկի շահարկում» որակավորումների հետ։

«Ես շատ կուզենայի, օրինակ, պարոն Քարամյանից լսել, թե ո՞ւմ կողմից ենք մենք ուղղորդվում։ Աշխատանքը իրենք չեն կատարել, իրենք են ուշացրել, բայց փաստորեն պիտակներ ստանում ենք մենք»,- «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց շահառուներից Ալվինա Աղաբաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG