Մատչելիության հղումներ

Մեկնարկեցին ուսանողների բողոքի ակցիաները


ԲՈՒՀ-երի ներսում՝ դասապրոցես, ԲՈՒՀ-երի առջեւ բողոքի ակցիաներ
please wait

No media source currently available

0:00 0:06:34 0:00

ԲՈՒՀ-երի ներսում՝ դասապրոցես, ԲՈՒՀ-երի առջեւ բողոքի ակցիաներ

Այսօր առավոտից բուհերում դասերի մեկնարկի հետ մեկտեղ դրսում մեկնարկեցին ուսանողների բողոքի ակցիաները։ Մասնավորապես, ժամը 9.00-ից Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) դիմաց սկսվեցին բողոքի ակցիաներ՝ ընդդեմ բուհերի վարձավճարների բարձրացման։

Երկու ժամ անց Ճարտարագիտական համալսարանի մոտ հավաքված ուսանողների խումբը երթով միացավ ԵՊՀ-ի մոտ հավաքված ցուցարարներին։ Այստեղ նրանք բարձրախոսներով ուսանողներին կոչ էին անում միանալ իրենց և միասին պայքարել վարձավճարների բարձրացման որոշման դեմ։

Այսպես շարունակվեց մոտ 2 ժամ. այդ ընթացքում ոստիկանությունը մի քանի անգամ կոչ արեց դադարեցնել բարձրախոսներով կոչերը, քանի որ աղմուկը խանգարում է դասապրոցեսին, մինչդեռ ուսանողները շարունակեցին իրենց ակցիան։ Ժամը 12-ի հատվածում ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկվեց ակցիայի մասնակիցներից Հարություն Մկրտչյանը։ Մոտ երեք ժամից նրան ազատ արձակեցին։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ակտիվիստը ասաց, որ իրեն վարչական տույժի են ենթարկել ոստիկանության պահանջին չենթարկվելու համար։

ԵՊՀ-ի դիմաց ակցիան շարունակվեց նաև երկրորդ հերթափոխի ուսանողների համար։ Մեկ այլ, ավելի բազմամարդ երթ էլ մեկնարկեց կեսօրին։ ՀՊՃՀ-ի դիմաց հավաքված ուսանողները շարժվեցին դեպի այն վեց բուհեր, որտեղ ուսման վարձավճարները նոր ուսումնական տարուց բարձրացվել են։ Ճանապարհին նրանք կանգ առնելով ուսանողներին կոչ էին անում միանալ իրենց պայքարին։

Կառավարության օրերս ընդունած ուսանողների համար նախատեսված, այսպես կոչված, սոցիալական փաթեթը, որը դեռ պետք է քննարկվի ԱԺ-ում, ըստ ակցիայի մասնակիցների՝ բավարար չէ, և իշխանությունը պետք է չեղյալ համարի բարձրացման որոշումը։ Երթի վերջին կանգառը կառավարությունն էր։

Ուսանողները իրենց պահանջներով նաև նամակ էին պատրաստել, որը հանձնեցին կառավարության ներկայացուցչին։ Նամակում ներկայացված ընդհանուր պահանջը ուսման վարձավճարների թանկացման որոշումը չեղյալ համարելն էր։

Այսօր խնդրին է անդրադարձել նաև մարդու իրավունքների պաշտպանը։ Իր հայտարարությունում օմբուդսմենը առաջարկում է հետաձգել սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձերի վճարումը, քանի որ նման թանկացումները երկրում գոյություն ունեցող ոչ բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններում կարող են հանգեցնել մի խումբ անձանց բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի սահմանափակմանը։

Ի դեպ, ուսանողները պատրաստվում են շարունակել ցույցերը, արդեն հայտարարել են, որ սեպտեմբերի 5-ին նույն պահանջով երթ է տեղի ունենալու դեպի նախագահական նստավայր։ Ինչպես ասացին ուսանողները, վարչապետի հետ հույսեր չեն կապում, հուսով են խնդրին լուծում կտա նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG