Մատչելիության հղումներ

Կառավարությունը մերժեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու առաջարկը


.
.
Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը՝ եկող տարվա հունվարի 1-ից շուրջ 67 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ ներկայիս 45 հազարի փոխարեն դարձնելով 75 հազար դրամ:

Ներկայացնելով մերժման հիմնավորումները` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, թե Կառավարությունն արդեն իսկ նախատեսել է նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ բայց աստիճանական․ միայն 4 տարի անց՝ 2017 թվականին այն կհասնի 70 հազար դրամի, իսկ հաջորդ տարի աշխատավարձը կավելանա 5 հազար դրամով՝ դառնալով 50 հազար․ - «Ըստ էության, սա մեր ծրագրային առաջնահերթություններն են, և առաջարկում ենք մերժել այս նախագիծը»:

Գործադիրի հակափաստարկներում շեշտվում է, թե նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ դարձնելու դեպքում շուրջ 177 միլիարդ լրացուցիչ ծախսեր են պահանջվելու, ինչը Կառավարությունն այժմ իրատեսական չի գնահատում:

Մինչդեռ օրենսդրական նախաձեռնության հեղինակներից ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հակադարձելով հայտարարեց, թե քաղաքական կամքի առկայության դեպքում իշխանությունները կարող էին բարձրացնել նվազագույն աշխատավարձը․ - «Այդ քաղաքական կամքը ես այսօր չեմ տեսնում: Հաշվարկները ներկայացված են, և միշտ էլ կա փող: Եթե բյուջեի գումարները չմսխվեն, ծախսվեն խիստ հասցեական, ապա միշտ էլ հնարավոր է գտնել աղբյուրներ: Այսօր այն խայտառակ գնաճը, որ կա երկրում, ուղղակիորեն չի համապատասխանում այն աշխատավարձի բարձրացման շեմին, որը իրենք արել են»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, պաշտոնապես 56 հազար դրամ գնահատվող նվազագույն սպառողական զամբյուղը վաղ անցյալում է մնացել՝ թեկուզ հաշվի առնելով առաջին անհրաժեշտության ապրանքների սրընթաց թանկացումը:

Ոչ իշխանական խմբակցության պատգամավորը, սակայն, վկայակոչելով նաեւ նախորդ օրինակները` պնդում է, որ Տիգրան Սարգսյանի գլխավորած Կառավարությունը հատուկ միտում ունի մերժելու «Բարգավաճ Հայաստան»-ի բոլոր նախաձեռնությունները․ - «Իրենք անգամ կոմպրոմիսի տեղ չեն թողնում երբեք մեր օրենսդրական առաջարկների դեպքում: Իրենք միանգամից՝ իմպերատիվ կերպով, հետևողական, անընդհատ մերժում են»:

Կառավարության նիստից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի Արտեմ Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իրատեսական համարում է, որ մարդը մեկ ամիս գոյատևի ներկայիս 45 հազար դրամ նվազագույն աշխատավարձով, արձագանքեց․ - «Այն հնարավոր առավելագույնն է, որ ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում իրականացվում է»:

Նվազագույն աշխատավարձի ամենամյա բարձրացմանը երեկ անդրադարձավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Կրթության եւ գիտության նախարարությում կայացած քննարկմանը նա բավական ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, թե միայն 2018 թվականին հնարավոր կլինի հասնել այնպիսի աշխատավարձի, որով պետական ծառայողը կկարողանա հոգալ նվազագույն կարիքները․ - «Վստահորեն կարող եմ ասել, որ 2014 թվականի հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետը ստանալու է 200-280 հազար աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից: Այսինքն՝ մենք 2018 թվականին պիտի գանք հասնենք աշխատավարձի մի մակարդակի, որը հնարավորություն է տալիս պետական ծառայողին իր աշխատավարձով ապահովելու իր ընտանիքի նվազագույն կարիքները»:
XS
SM
MD
LG