Մատչելիության հղումներ

Նարեկ Սարգսյանը չի կարող «որևիցե պատասխան կամ արդարացում ասել» Փակ շուկայի հետ կապված


Նարեկ Սարգսյան. «Ես որեւիցե արդարացում չեմ կարող ասել Փակ շուկայի հետ կապված»
please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00

«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանի համոզմամբ՝ Փակ շուկայի ազատագրումն այսօր կարող է իրականանալ միայն ժողովրդի համառ պայքարի միջոցով։

Համակարգային վերլուծաբան, «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանն այսօր Փակ շուկայի մոտ կազմակերպված հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց, որ երկու տարվա թղթաբանության միջոցով տարվող անարդյունք պայքարից հետո Փակ շուկայի ազատագրումն այսօր կարող է իրականանալ միայն ժողովրդի համառ պայքարի միջոցով։

Չուքասզյանը հայտարարեց, որ վաղվանից սկսելու են ակցիաները. - «Պատրաստվում ենք օրենքով չարգելված բոլոր միջոցները կիրառել, այդ թվում՝ նաև քաղաքացիական անհնազարդության ամբողջ զինանոցը»։

Նախաձեռնության անդամ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ստեղծված իրավիճակում առաջին հերթին մեղադրում է Քաղաքապետարանին՝ արդարացնելով Մշակույթի նախարարությանը, քանի որ նախարարությունը մինչև օրս կազմակերպել է 6 քննարկում, մանրամասնորեն ուսումնասիրել հարցն ու կոչ արել սեփականատիրոջը զերծ մնալ հուշարձանի ամբողջականությունը խաթարելուց։

«Քաղաքապետարանը գրանցել է, որ սա ապօրինի է, երկու անգամ տուգանել է, որից հետո հայտարարել է, որ շինարարությունը դադարեցված է, իր հսկողության տակ է գտնվում և ապօրինությունը կքանդի։ Հիմա ես քաղաքապետարանից հարցնում եմ՝ ո՞ւր է իր քանդած ապօրինությունը», - ասաց Քալաշյանը։

Իրավաբան Կարո Եղնուկյանը ցավում է, որ պետությունն անզոր գտնվեց այս շինարարությունը կասեցնելու հարցում։ Նա նշում է, որ այս դեպքում հույսը միայն ժողովրդի վրա է. - «Փաստորեն մեր երկիրն անտեր է, ոչ մի պետական կառույց՝ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ դատախազությունը չեն հանձն առնում օրինականությունը վերականգնելու համար։ Մնում է, որ ժողովուրդն ինքը օրենքը կիրառի հանցագործների դեմ»։

Այն, որ հուշարձանն աղճատված է, փաստեց նաեւ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. - «Հուշարձանն աղճատված է, այսինքն բազմաթիվ ջանքերն օգուտ չտվեցին։ Հիմա օրակարգում հարցը պետք է մնա, ըստ իս, մինչև փորձենք այլ լուծումներ գտնել։ Համենայն դեպս, ես չեմ կարծում, որ հարցը պետք է այդպես փակվի»։

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սագսյանը նշեց, որ նախկինում, երբ դեռ ինքը գլխավոր ճարտարապետն էր, շուկայի նման նախագիծ իրենք չեն հաստատել՝ չնայած նման նախագիծ քաղաքապետարանին ներկայացվել է։

«Կամարների 50 տոկոսը մնացել է, այնտեղ ոչ մի բան չի փոխվել, մյուս 50 տոկոսի կամարները քանդված են, այդտեղ հարկեր են ավելացել, և ինքը [Սամվել Ալեքսանյանը] ունեցել էր թույլտվություն միայն հետևի՝ այն մասում, որտեղ կամարներ չկան, այդ մսի պասաժի մասում հարկեր կառուցել։ Այնպիսի խնդիր է, որտեղ ես որևիցե պատասխան, կամ արդարացում չեմ կարող ասել»։
XS
SM
MD
LG