Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանում քննադատում են Մոսկվային Կիևի նկատմամբ ճնշումների համար


Օգոստոսի 28-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը արտահերթ նիստ հրավիրեց` քննարկելու Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ կիրառվող տնտեսական պատժամիջոցները: Նիստին հրավիրված էին ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենիյ Յացենյուկն ու Վիտալի Կլիչկոն:

Պաշտոնական Մոսկվան մի կողմից առաջարկում է Ուկրաինային քննարկել՝ ինչ հետևանքներ կունենա այդ երկրի ինտեգրացիան Եվրամիության հետ, և ինչ կլինի, եթե Կիևն այդուամենայնիվ համաձայնի եվրոպական համաձայնագրի փոխարեն Պուտինի առաջարկած Մաքսային միությանը միանալ, մյուս կողմից, առանց նախազգուշացման և պատճառաբանության, խիստ սահմանափակումներ է մտցնում ուկրաինական արտադրանքի ներմուծման վրա:

Ուկրաինացի ընդդիմադիրներն այսօր Եվրախորհրդարանում հայտարարեցին, որ դա մաքսային պատերազմ է և պատիժ՝ Պուտինի առաջարկած Մաքսային միությանը չմիանալու և դեպի Եվրոպա գնալու համար: Ուկրաինայում իր մեծությամբ երկրորդ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկը Բրյուսելում հայտարարեց, որ Պուտինին կարելի է համարել ամեն ինչ, բայց ոչ հուսալի գործընկեր:

«Սա աշխարհաքաղաքական քայլ է արդեն և ոչ միայն Ուկրաինայի դեմ: Սա մարտահրավեր է, որին բախվում են այսօր թե՛ Եվրամիությունը, թե՛ Ուկրաինան», - հայտարարեց նա:

«Մոսկվայի գործելաոճն ուղղակի անընդունելի է»,- նշում են ուկրաինական ընդդիմության առաջնորդները:

Ի դեպ, այս հարցում Եվրախորհրդարանում միակարծիք էին թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանության ներկայացուցիչները: Եվրոպական միությունում Ուկրաինայի դեսպան Կոնստանտին Ելիսեևը շեշտեց, որ Ուկրաինան եվրոպական ճանապարհից չի շեղվելու:

Եվրոպական խորհրդարանի անդամ Ջացեկ Վոլսկին իր ելույթում նշեց, որ ճնշումներ կան: Ավելին՝ փորձ է արվում ավելացնել ճնշումները նաև Հայաստանի և Մոլդովայի ուղղությամբ, և դա միայն առևտրային հարցերին չէ վերաբերում: Ռուսաստան-Ադրբեջան հանդիպումները կոնկրետ նշան են, որ Ռուսաստանն ուղղում է մյուս երկրներին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Մարեկ Սիվեցն ասաց, որ Հայաստանի պարագայում Ռուսաստանը ճնշումները գործադրում է նաև Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ:

«Մենք այս խաղը լավ գիտենք: Լեռնային Ղարաբաղը Ռուսական մեծ ստրատեգիական ծրագրի` «բաժանիր, որ տիրես»-ի մաս է: Ստեղծիր հակամարտություն և վառ պահիր այն: Երբ հարևանները պատերազմական դրության մեջ են, դա թույլ է տալիս Ռուսաստանին ավելացնել իր ազդեցությունը: Իհարկե նրանք խաղում են Հայաստանի հետ նույնպես: Նրանց հիմնական նպատակը տարածաշրջանում գերիշխանություն ունենալն է, դա էլ անում են», - նշեց Սիվեցը:

Եվրախորհրդարանի մեկ պատգամավոր՝ Պավել Կովալը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս կապակցությամբ ասաց․ - «Եվրոպայում մենք հասկանում ենք, գիտեմ, որ Հայաստանում մարդիկ նույնպես հասկանում են, որ սա միայն առևտրային հարաբերություններին վերաբերող հարց չէ, սա իրական քաղաքական ճնշում է: Եվ միակ համարժեք պատասխանն այս ճնշումներին` բանակցությունները շարունակելն է»:

Եվրոպացի պատգամավորները խորհուրդ են տալիս չվախենալ հնարավոր պատժամիջոցներից և ճնշումներից:

«Պուտինին պետք է առաջադրել Նոբելյան մրցանակի` ակնաբուժական մեծ հայտնագործության համար: Նա բացեց բոլորիս աչքերը և ցույց տվեց, թե ինչպիսին են իրականում ռուսական մոտեցումները», - ասում է Քրիստոֆ Լիսեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG