Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ում քննարկումներ են սկսվել Սահմանադրության փոփոխության շուրջ


Հայաստանի իշխանությունները քննարկումներ են սկսել երկրի Սահմանադրության փոփոխության շուրջ, և չի բացառվում, որ քննարկումների արդյունքում Հանրապետականում որոշում կայացվի՝ առաջարկել անցում կատարել խորհրդարանական հանրապետության: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:

«Քննարկումները ընթանում են բավականին երկար ժամանակ», - ասաց Հարությունյանը` մանրամասնելով, որ 2005-ին ընդունված Սահմանադրության ոչ բոլոր լուծումներն են այսօր համարվում բավարար, - «Եվ այդ տեսանկյունից կան տարբեր կարծիքներ, որ ժամանակն է անդրադառնալու Սահմանադրությանը և կատարելու որոշակի փոփոխություններ: Կան որոշակի վտանգներ, որոնք մենք տեսնում ենք: Կարող եմ ասել, որ որոշումներ կայացնողների մոտ արդեն ձևավորվել է այն կարծիքը, որ Սահմանադրությանը պետք է անդրադարձ կատարել»:

Հանրապետականի գործադիր մարմնի անդամը նշեց, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու հարցը վստահաբար քննարկման առարկա դառնալու է, բայց հավելեց` դա միակ մոդելը չէ, որը կլինի քննարկման առարկա:

«Պետք է խնդրին նայել այլ տեսանկյունից. ո՞րն է առավել արդյունավետ Հայաստանի համար ստեղծված իրավիճակում թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ներքին քաղաքական», - մանրամասնեց Հարությունյանը, - «Եվ հենց այս տեսանկյունից է, որ պետք է լինեն շատ կարծիքների բախումներ, տարբեր մոտեցումներ, և դրա արդյունքում, կարծում եմ, կձևավորվի հայեցակարգը»:

Նա չբացառեց, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում հաջորդ խորհրդարանական ընտրություններին Հանրապետականի համամասնական ցանկը կարող է գլխավորել ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Սարգսյանը կնտրվի վարչապետ՝ արդեն այդ կարգավիճակով գլխավորելով Հայաստանը:

«Հանրաետականի ներսում դեռևս որևէ հստակ տարբերակ չի քննարկվել: Քննարկումները կծավալվեն, երբ սկսեն հնչել առաջարկություններ: Ես չեմ բացառում նման տարբերակի քննարկում, ինչպես նաև ցանկացած այլ տարբերակի քննարկում», - հավելեց Հարությունյանը:

Դավիթ Հարությունյան կարծիք հայտնեց, թե քննարկումները կտևեն մի քանի ամիս՝ մինչև որոշակի հայեցակարգի ձևավորվելը, որը «Ամանորից շուտ չի լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG