Մատչելիության հղումներ

Լավրով. «Որևէ մեկի դեմ պատերազմել չենք պատրաստվում»


Ռուսաստան -- Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռանում է մամուլի ասուլիսից հետո, Մոսկվա, 26-ը օգոստոսի, 2013թ.
Ռուսաստան -- Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռանում է մամուլի ասուլիսից հետո, Մոսկվա, 26-ը օգոստոսի, 2013թ.

Սիրիայի դեմ ահաբեկման գործողությունը մեկնարկել է, ասում է Ռուսաստանի արտգործնախարարը:

«Սիրիայի դեմ ահաբեկման գործողությունը մեկնարկել է: Տասը տարի առաջ նույն կերպ սկիզբ իրադարձությունները Իրաքում, ինչպես նաև Լիբիայում` վերջերս տեղի ունեցած դեպքերը», այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Այսօրվա ասուլիսը նախապես ծրագրված չէր, և նվիրված էր բացառապես վերջին օրերին Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձություններին: Լավրովը մոտ մեկ ժամ տևած ասուլիսի ընթացքում մի քանի անգամ կրկնեց` «որևէ գործողություն, որ կհակասի միջազգային իրավունքի նորմերին Մոսկվայի համար ընդունելի չէ»:

«Ուժի կիրառումն առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության` միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է: Բայց եթե անգամ մի կողմ թողնենք հարցի իրավական, բարոյաէթիկական կողմերը, ապա միջազգային հանրության կողմից չարտոնված արտաքին միջամտությունը միայն վատթարացնելու է իրադրությունն այն երկրում որն իբր փրկում են բռնատիրությունից և որում ցանկանում են ժողովրդավարություն կառուցել», - նշում է Լավրովը:

Անդրադառնալով Ասադի զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին հայտարարություններին` Սերգեյ Լավրովը հատուկ նկատեց, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում կիրառված քիմիական զենքերը նմանություն ունեն գարնանը Հալեպի մերձակայքում պայթեցված քիմիական զինատեսակներին: Այն ժամանակ Սիրիայի հյուսիս ժամանած ռուս փորձագետները պարզել էին, որ քիմիական նյութեր պարունակող այդ զինատեսակները ինքնաշեն են` պատրաստված Սիրիական ազատ բանակի ստորաբաժանումներից մեկի մարտիկների կողմից: Ուշագրավ է, որ ամիսներ առաջ ռուս փորձագետների կողմից պատրաստված այս զեկույցն այդպես էլ չհերքվեց միջազգային որևէ կազմակերպության կողմից:

Այսօրվա ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հնչեցված հարցին, թե ` ի՞նչ է անելու Ռուսաստանը, եթե Սիրայի դեմ ռազմական գործողություններն այնուհանդերձ մեկնարկեն, Լավրովը խուսափողական պատասխաններ էր տալիս: Միայն լրագրողների հետ զրույցի ավարտին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ակնարկեց, որ Մոսկվան Արևմուտքի հնարավոր ռազմական գործողություններին սիմետրիկ պատասխան չի տա:

«Որևէ մեկի հետ պատերազմել մենք չեն պատրաստվում: Մենք դեռ հույս ունենք, որ մեր արևմտյան գործընկերները ռազմավարական մտածողություն կցուցաբերեն: Հասկանում ենք նաև, որ Արևմուտքում շատ հաճախ կրկնվող ընտրական ցիկլերը ռազմավարական մտածողության կիրառման համար թիվ մեկ խոչընդոտն են: Մյուս կողմից ակնհայտ է, որ միջազգային իրավունքի նորմերը վերջին տարիներին գնալով ավելի անկարևոր են դառնում գոնե մեր առաջատար արևմտյան գործընկերոջ համար: Այս ամենը շատ վատ է, բայցևայնպես, որևէ մեկի հետ պատերազմի մեջ մտնել մենք չենք պատրաստվում», - հայտարարեց Լավրովը:

Մեկնաբանելով ՄԱԿ-ի փորձագետների հետ այսօր տեղի ունեցած միջադեպը, երբ օգոստոսի 21-ի քիմիական հարձակման վայր ժամանող այս խումբը հայտնվեց դիպուկահարների կրակի տակ, Լավրովը նկատեց. - «Որևէ կասկած չունեմ, որ արդեն մի քանի ժամից կհայտարարվի, որ դիպուկահարը կառավարական զորքերի կողմից էր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG