Մատչելիության հղումներ

Սահակյանը համաչափ է համարում ոստիկանների գործողությունները


Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյան, արխիվ
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյան, արխիվ
Ոստիկանությունը շտապ օգնություն չէ, որ գուրգուրի օրենքը խախտողներին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա համոզմամբ՝ Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցող բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունը համաչափ է գործում:

Ինչ վերաբերում է բռնությունների մասին հայտարարություններին, ապա Հանրապետական խմբակցության ղեկավարը չի հավատում, թե ոստիկանը կարող է տարեց կնոջը հրել գցել գետնին կամ մայթին կանգնած ակտիվիստներին բերման ենթարկել:

«Ես չեմ կարծում՝ որևէ ոստիկան, եթե քաղաքացին նախահարձակ չլինի, կգնա էդ ճանապարհով: Եթե հարձակվում է, ոստիկանին ուզում է չանչերով ինչ-որ մի բան ապացուցել, բնականաբար, ոստիկանը օրենքի մարդ է, պիտի․․․», - ասաց Սահակյանը:

Հիշեցմանը, որ խոսքը 70-ն անց կնոջ մասին է, Հանրապետականի փոխնախագահը արձագանքեց․ - «70-ն անց կինը ես չգիտեմ նախ ով է, ինչ բնութագիր ունի, և նաև միջադեպը չգիտեմ: Դուք մտածում եք՝ հանկարծ հայ տղամարդը երբևիցե, 70 տարեկան կինը հանգիստ կանգնել է և անեծքների կույտից զերծ մի կողմի վրա է քաշվել՝ նրան հանկարծ ոստիկանը բան կասի՞: Էդպիսի միջադեպ չի կարող լինել: Ես ամբողջ օրը դրա մեջ եմ»:

Վերջին օրերին Կոմիտաս 5 հասցեից ոստիկանությունը բերման ենթարկեց տասնյակ ակտիվիստների, նրանցից ոմանք բռնությունների են ենթարկվել, մասնավորապես ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի փոխանցմամբ՝ իրեն ծեծի են ենթարկել հենց ոստիկանական մեքենայում, անգամ փորձել են խեղդամահ անել:

«Այսինքն, համաչա՞փ են ոստիկանության այդ գործողությունները», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց․ - «Անպայման, եթե չի ենթարկվում, ուրեմն՝ պիտի ուժ գործադրեն»:

«Բայց ոստիկանը ծեծելու համար չէ», - այս դիտողությանն էլ նա հակադարձեց․ - «Այսինքն, դուք մտածում եք՝ ոստիկանները շտապ օգնություն են, պիտի գնան գուրգուրե՞ն օրենքը խախտողներին»:

Հարցին՝ չի՞ տեսել տեսանյութը, որտեղ երևում են Արգիշտի Կիվիրյանի վնասվածքները, Հանրապետականի փոխնախագահը պատասխանեց․ - «Եթե նման բան էլ կա, ինչ-որ կայքերում տեղադրված է, պիտի սկզբից ցույց տային, թե էդ Արգիշտին ինչ էր անում ոստիկաններին, որպեսզի կարողանանք ռեալ ձևով բնութագրել»:

Իշխող կուսակցության փոխնախագահն ասում է, թե, բնականաբար, մարդկանց պետք է հնարավորություն տալ, որ իրենց բողոքները ներկայացնեն, բայց դա չպետք է անեն այլոց իրավունքների հաշվին: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս Կոմիտաս 5-ի բնակիչները պայքարեն նորմալ պայմաններում ապրելու` իրենց իրավունքների համար, եթե նրանց որևէ մեկը չի լսում և շինարարությունը շարունակվում է, Գալուստ Սահակյանն ասաց, թե կոնկրետ Կոմիտաս 5-ում նոր շենքի կառուցման փաստաթղթեը օրինական են, բայց բնակիչներին էլ պետք է լսել և խնդրին լուծում տալ:

«Իսկ ինչ վերաբերում է` ոստիկանները եկան… ոստիկանները պիտի գան, որովհետև շինարարների իրավունքներն են խախտվել», - մեկնաբանեց Սահակյանը, - «Հասարակությունը պիտի խոսի, բայց հասարակությունը սանձարձակ դառնալու այդ բնավորությունը պիտի իր միջից հանի»:

Կոմիտաս 5-ից բացի լարված իրավիճակ է նաև Երևանի քաղաքապետարանի մոտ: Այստեղ էլ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «ԵրևանՏրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով նստացույցին մասնակցող երիտասարդներն են ծեծի ենթարկվում: Տուժածները տեղի ունեցածը որակում են ահաբեկչություն: Այս միջադեպի առնչությամբ Հանրապետական կուսակցության փոխնախագահը ուշագրավ մեկնաբանություն տվեց ասելով, թե` նախ լացկանություն չի սիրում, և հետո` նստացույց անողներին էլ որևէ մեկը իրավունք չի տվել վարկաբեկել վերոհիշյալ պաշտոնյաներին:

«Իհարկե, եթե այդպես գնա, նաև վենդետայի երևույթներ կարթնանան: Ի՞նչ է նշանակում… այդ մարդիկ տուն ունեն, ընտանիք ունեն, հարազատ ունեն, բարեկամ ունեն… ինչո՞ւ են վարկաբեկում, ո՞ր իրավունքով», - ասաց Սահակյանը:

ՀՀԿ փոխնախագահն արձագանքեց նաև ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` անցած շաբաթ հրավիրած ժողովին, որի ընթացքում Հովհաննիսյանը կոչ արեց ոչ իշխանական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին առաջիկա մեկ ամսվա ընթացքում համախմբվել, համոզմունք հայտնելով, որ այս տարի իշխանափոխությունն իրականություն կդառնա: Գալուստ Սահակյանն ասում է, թե հետևել է այդ ժողովին, և կարող է ասել, որ «ռոքը ստացվեց, բայց Հովհաննիսյանի ժողովը` ոչ»:

Իշխող կուսակցության փոխնախագահն ասաց` ցավում է, որ նախագահական ընտրություններում 37 տոկոս ձայն ստացած «Ժառանգության» ղեկավարն այսօր իրականում 0.037 տոկոս ձայն ունի:

«Մասնակիցներից մի երկու-երեք հարյուր հոգի մարդ էին, որոնց կեսից շատը եկել էին ռոք լսելու», - նշեց Սահակյանը` հավելով, թե ինքը ավելի շատ ջազի սիրահար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG