Մատչելիության հղումներ

«Արգելված գազի կիրառումը` մեծ մտահոգության առիթ»


ԱՄՆ-ը հայտարարել է, թե դեռ հնարավոր չէ միանշանակ ասել, որ Բաշար ալ-Ասադի ուժերը քիմիական զենք են օգտագործել։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման CNN հեռուստակայանին տված հարցազրույցում Սիրիայում քիմիական զենք կիրառելու մասին հաղորդագրությունը որակել է «մեծ մտահոգություն հարուցող չափազանց լուրջ զարգացում»։

«Մենք հիմա բանակցում ենք ամբողջ միջազգային համայնքի հետ և փորձում ենք ՄԱԿ-ի միջոցով առավել արդյունավետ լուծումը գտնել։ Մենք կոչ ենք անում Սիրիայի կառավարությանը արտոնել փորձագետների մուտքն այդ տարածք, որովհետև հենց այս պահին ՄԱԿ-ի տեսուչներն այնտեղ են», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը։

Նա ավելացրել է, թե որոշակի առումով չափազանցություն է ակնկալել, որ Միացյալ Նահանգները կարող է որևէ կերպ կարգավորել Սիրիայի ներքին հակամարտությունը։ Վաշինգթոնը նշում է, որ այս պահին դեռ չի կարող համոզված պնդել, որ այդ զենքը Բաշար ալ-Ասաադի բանակն է օգտագործել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ով հիմա գտնվում է իր հայրենի Հարավային Կորեայում, Սիրիայի իշխանություններին կոչ է արել համագործակցել ՄԱԿ-ի տեսուչների հետ։

«Որևէ երկրում, որևէ հանգամանքում և որևէ կողմից քիմիական զենքի օգտագործումը միջազգային օրենքների աղաղակող ոտնահարում է, հանցագործություն մարդկության դեմ, որը պետք է շատ լուրջ հետևանքներ ունենա դրա կազմակերպիչների համար», - հայտարարել է Բան Կի-մունը։

Սիրիայի ընդդիմության պնդմամբ, նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը չորեքշաբթի օրը Դամասկոսի արվարձանները հրթիռակոծել է թունավոր գազով լցված մարտագլխիկներով, ինչի հետևանքով զոհվել է 500-1300 խաղաղ բնակիչ։

ՄԱԿ-ի տեսուչներն անցած կիրակի օրն են մեկնել Սիրիա՝ նպատակ ունենալով քննել արգելված գազ կիրառելու մասին հաղորդագրությունները։ Սիրիայում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունները միմյանց մեղադրում են քիմիական զենք օգտագործելու մեջ։

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայից քաղաքական պատերազմի հետևանքով փախուստի դիմած երեխաների թիվն արդեն անցել է մեկ միլիոնը։ Սիրիացի փախստականներից մոտ 740 հազարը մինչև 11 տարեկան է։

Ընդհանուր հաշվով անցած 2.5 տարվա ընթացքում երկու միլիոն մարդ է լքել Սիրիան։ Փախստականների մեծ մասը ապաստանել է Թուրքիայում, Լիբանանում, հորդանանում, Հյուսիսային Աֆրիկայում։ Հազարավոր սիսիահայեր տեղափոխվել են Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG