Մատչելիության հղումներ

Եվրամիությունը մտադիր է պաշտպանել Ուկրաինային ռուսական ճնշումներից


Եվրամիությունը հաստատակամ է պաշտպանել Ուկրաինային ռուսական կողմի ճնշումներից. այդ մասին այսօր հայտարարել է եվրոպական ընտանիքում ներկայումս նախագահող երկրի՝ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը՝ ընդգծելով, որ Ուկրաինան իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ որ ճանապարհով է ուզում զարգանալ՝ եվրոպական, թե՝ Պուտինի առաջարկած Մաքսային միության:

«Ռուսաստանի կողմից ձեռնարկված վերջին քայլերը խիստ տագնապահարույց են, իսկապես անընդունելի է, եթե սահմանին իրականացված այդ ստուգումներով Ռուսաստանը փորձում է վրեժխնդիր լինել կամ հակահարված տալ Կիևին՝ Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի հնարավոր ստորագրման համար: Ընդ որում, այդ սահմանափակումները վնասում են ոչ միայն Ուկրաինային, այլև հենց իրեն՝ Ռուսաստանին: Ամեն դեպքում, սա քաղաքականություն է, և մենք համոզված ենք, որ Եվրամիությունը պետք է միասնական լինի այս հարցում և պաշտպանի մեր ուկրաինացի գործընկերներին», - նշել է Լինկևիչուսը:

Երեկ այս հարցի վերաբերյալ հայտարարություն էր տարածել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ջոն Կլենսին՝ կրկին ընդգծելով, որ ռուսական կողմի տնտեսական սպառնալիքներն անընդունելի են, բերած հիմնավորումները՝ կասկածահարույց:

Հայտարարությամբ են հանդես եկել նաև Եվրախորհրդարանի երկու ազդեցիկ ներկայացուցիչներ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկն ու Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ Յացեկ Սարիուշ Վոլսկին՝ կոչ անելով Բրյուսելին շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի իրավունքներն ու ինքնավարությունը պաշտպանելու համար:

«Ռուսաստանը առևտրային պատերազմ է սկսում այդ երկրի դեմ»,- հայտարարել են Եվրախորհրդարանի ներկայացուցիչներն ու փաստել, որ այդ ճնշումներով Մոսկվան ոչ միայն փորձում է Մաքսային միությունը պարտադրել Ուկրաինային, այլ նաև նախազգուշացնող ազդակ է հղում ետխորհրդային մյուս երկրներին:

«Սա լոկ առևտրային տարաձայնություն չէ, այլ շատ լուրջ քաղաքական հակամարտություն, և Եվրամիությունը պետք է ոչ թե դիտորդի դեր ստանձնի, այլ միջամտի և արագ դիվանագիտական ու քաղաքական քայլեր ձեռնարկի՝ Ուկրաինային պաշտպանելու համար»,- հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, ով նաև Եվրոպայի ամենահզոր քաղաքական ուժի՝ ԵԺԿ-ի արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատուն է և ղեկավար մարմնի անդամը:

Չնայած ԵՄ այս նախազգուշացումներին՝ ռուսական կողմը ամենևին չի ընկրկում և չի թուլացնում սպառնալիքների տոնը: Երկու օր առաջ, մասնավորապես, նախագահ Պուտինի օգնական Սերգեյ Գլազևը հայտարարեց, թե Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը Ուկրաինային ինքնակործանման կտանի և Ռուսաստանն այդ դեպքում ստիպված կլինի պատասխան քայլերի դիմել: Այսօր արդեն նույն պաշտոնյան է՛լ ավելի է խտացրել գույներն ու սպառնացել, որ Ռուսաստանից բացի սահմանափակումներ կմտցնեն նաև Մաքսային միության մյուս անդամները:

«Եթե Կիևը ստորագրի ԵՄ համաձայնագիրը, Մաքսային միությունը՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, ստիպված կլինեն խստացնել Ուկրաինայի հետ մաքսային ռեժիմը, հնարավոր է նաև ընդհանրապես դադարեցվեն այդ երկրի հետ ազատ առևտրային հարաբերությունները»,- «Վեստի» ինտերնետային պարբերականին ասել է Պուտինի օգնական Սերգեյ Գլազևը:

Հատկանշական է, որ այս հայտարարությունից ժամեր անց Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը դադարեցրել է ուկրաինական թռչնամսի ներկրումը, պատճառաբանելով, թե ներկրողները հնարավորություն չեն տալիս ապրանքը մանրազնին քննության ենթարկել: Ի պատասխան՝ Ուկրաինայի վարչապետ Նիոլայ Ազարովն այսօր հորդորել է Պուտինի նախաձեռնած միությանն արդարամիտ լինել:

«Մաքսային միությունն ու այդտեղ գործող նոր կանոնները այլևս իրականություն են, պարզ է, որ այսուհետ մեզ համար արտոնյալ պայմաններ չեն լինելու, և մենք չենք էլ պահանջում»,- ասել է Ուկրաինայի վարչապետն ու հավելել, որ Կիևն ընդամենը կոչ է անում արդարացիորեն կիրառել այն կանոնները, որոնք ընկած են Առևտրի համաշխարհային կազմակերպության ու ԱՊՀ համաձայնագրերի հիմքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG