Մատչելիության հղումներ

Քիմիական զենքի կիրառման նոր մեղադրանք Ասադի ուժերին


Սիրիա - Ընդդիմադիրների պնդմամբ՝ այս մարդիկ Դամասկոսի արվարձաններից մեկում զոհվել են կառավարական ուժերի կողմից նյարդապարալիտիկ գազի կիրառման հետևանքով, 21-ը օգոստոսի, 2013թ․
Սիրիա - Ընդդիմադիրների պնդմամբ՝ այս մարդիկ Դամասկոսի արվարձաններից մեկում զոհվել են կառավարական ուժերի կողմից նյարդապարալիտիկ գազի կիրառման հետևանքով, 21-ը օգոստոսի, 2013թ․

Դամասկոսի արվարձաններում հրթիռակոծությունների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել:

Սիրիական ընդդիմությունը մեղադրում է կառավարական ուժերին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենք կիրառելու մեջ, մինչդեռ պաշտոնական Դամասկոսը հերքում է մեղադրանքները՝ դրանք որակելով ապստամբների ապատեղեկատվություն:

Ընդդիմադիրները, մասնավորապես, պնդում են, որ Դամասկոսի մերձակա Այն Թերմ, Ջուբար և Զամալք ավանները հրթիռակոծվել են «զարին» նյարդապարալիտիկ գազի կիրառմամբ, ինչի հետևանով մի քանի հարյուր զոհ կա:

Ընդդիմադիրները համացանցում կադրեր են տեղադրել, որոնք ցույց են տալիս այդ գրոհի հետևանքները: Սակայն դրանց իսկությունը հնարավոր չէ պարզել, քանի որ Սիրիայում անկախ լրատվամիջոցներ չեն գործում, այժմ այս տեղեկատվությունը ստուգում են Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունը, ինչպես նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:

Սիրիական ընդդիմության այս հայտարարություններն ու մեղադրանքները կառավարության հասցեին հնչում են հենց այն ժամանակ, երբ Սիրիայում է գտնվում ՄԱԿ-ի փորձագետների խումբը, որի նպատակն է տեղում պարզել քիմիական զենքի կիրառման մասին ավելի վաղ ստացված տեղեկությունները:

Արաբական պետությունների լիգան և եվրոպական մի քանի երկրներ այսօր կոչ են արել քիմիական զենքի գծով ՄԱԿ-ի փորձագետներին անմիջապես ուղևորվել Դամասկոսի մերձակայք, որտեղ ենթադրաբար քիմիական զենք է կիրառվել:

Հնչում են նաև կոչեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդրի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG