Մատչելիության հղումներ

ՀԿ-ները չեն վստահում զինդատախազության աշխատանքային խմբին


Ինչպես Զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խմբում ընդգրկված, այնպես էլ չընդգրկված կազմակերպություններն այն համարում են PR ակցիա:

Զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խմբում ընդգրկված «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատեց առայժմ 1 նիստ գումարած խմբի գործելաոճը․ - «Զինվորական դատախազը թելադրել է իր պայմանները, շատ տեղերում ոչ այդքան ընդունելի: Մենք դեռ վերջնական որոշում չենք կայացրել՝ մասնակցենք, թե չէ հետագայում, սակայն կարծում եմ, որ զինվորական դատախազի կողմից սա հերթական PR ակցիայի քայլերից մեկն է»:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավարը, մասնավորապես, դժգոհում է, որ աշխատանքային խումբը քննարկելու է միայն այն գործերը, որոնց վերաբերյալ վերջնական որոշում է կայացվել 2011 թվականի հունվարի 1-ից հետո: Աշխատանքային խումբը նաև որոշել է, որ խմբի քննարկման առարկա կարող են դառնալ միայն այն ավարտված կամ կասեցված գործերը, որոնցով տուժողների իրավահաջորդները ներկայացրել են այդ գործերը վերանայելու դիմում:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համաձայն չէ այս որոշումների հետ:

«Բոլոր մահացության դեպքերի ցանկը պետք է դրվի սեղանին, դրանից հանվեն միայն այն դեպքերը, որոնցով քրեական գործ է հարուցվել և ուղարկվել է դատական ատյաններ, և նաև այն մահացության դեպքերը, որոնցով քրեական գործ չի հարուցվել, այդ դեպքերով մենք պահանջում ենք և պնդում ենք, որ դա նույնպես պետք է քննարկման առարկա դառնա», - հավելեց նա:

Արթուր Սաքունցը խմբում հետագա մասնակցության հարցի վերաբերյալ ասաց, որ չեն հրաժարվելու աշխատանքից, բայց չեն կարող թույլ տալ մասնակցել «իմիտացիոն բնույթի աշխատանքներին»:

Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը այսպես մեկնաբանեց դժգոհությունները․ - «Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դժգոհելու իրավունք չունեն: Այդ որոշումը ընդունվել է ոչ թե իմ կողմից, այլ հենց աշխատանքային խմբի կողմից, այսինքն այդ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից»:

Ինչ վերաբերում է որոշմանը, որ քննարկման առարկա պետք է դառնան միայն այն գործերը, որոնց վերաբերյալ որոշում է կայացվել 2011 թվականի հունվարի 1-ից հետո, զինդատախազն ասաց՝ այս ժամկետը պայմանավորված է իր՝ պաշտոնը ստանձնելու ժամանակի հետ:

«Եթե աշխատանքային խումբը անհրաժեշտ կհամարի քննարկման առարկա դարձնել նաև առանձին քրեական գործեր, որոնցով վերջնական որոշումները կայացվել են ավելի վաղ ժամկետում, դա, արդեն առանձին կորոշի աշխատանքային խումբը», - հավելեց Կոստանյանը:

Զինդատախազությունը երեկ հաղորդագրություն էր տարածել՝ երախտագիտություն հայտնելով 5 հասարակական կազմակերպությունների, որոնք արձագանքեցին Զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ կազմելու նախաձեռնությանը և պատրաստակամություն հայտնեցին ներգրավվել խմբում:

Նույն հաղորդագրությունում զինդատախազությունը միաժամանակ դժգոհություն էր հայտնել աշխատանքային խմբում չընդգրկված հասարակական կազմակերպություններից: Զինդատախազության առաջարկը չընդունած կազմակերպություններից մեկի՝ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես մեկնաբանեց խմբում չընդգրկվելու՝ իր կազմակերպության որոշումը․ - «Այս ձևի հանձնաժողովները ընդհանրապես ստեղծվում են մի բանի համար, որ սիրուն ֆասադ սարքեն այս զինվորաոստիկան, ավտորիտար իշխանությունների համար»:

2010 թվականի հուլիսի 27֊ին բանակում պաշտոնական վարկածով՝ ինքնասպան եղած, հարազատների պնդմամբ՝ սպանված սպա Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, նշում է, որ զինդատախազի առաջարկով ստեղծված աշխատանքային խմբում այնպիսի պայմաններ են ստեղծված, որ հնարավորինս բացառվեն իր նկատմամբ սուր քննադատական վերաբերմունք ունեցողների ներգրավումը այդ գործերում:

«Ու ընդհանրապես, չեմ էլ պատկերացնում, թե ինչու պիտի զինվորական դատախազությունը ինքն իր վերաբերյալ ուսումնասիրություն կատարի: Ո՞վ է տեսել, որ պաշտոնական հաստատությունը ինքը տա իր սեփական գնահատականը», - մեկնաբանում է Նազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG