Մատչելիության հղումներ

Եգիպտոսում բախումների արդյունքում ոչ մի հայ չի տուժել


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը ասաց, որ Եգիպտոսում իրադարձությունների աննախադեպ զարգացումից հետո, երբ երկրում սկսվեցին բախումները, նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ։

«Կոչ արեցինք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում այցելել Եգիպտոս, քանի որ այնտեղ գնալով սրվում էր իրավիճակը, և փաստորեն, այդ կոչը հաշվի առնելով, Հայաստանում աշխատող տուրիստական գործակալությունները դադարեցրել են Եգիպտոս զբոսաշրջիկների տեղափոխումը: Այսօր մեր դեսպանությունից և տուրիստական գործակալություններից ստացված տեղեկություններով Եգիպտոսում հանգստացող զբոսաշրջիկներ Հայաստանից չկան», - մանրամասնեց Բալայանը:

Նրա խոսքով, հայտարարությունում նաև կոչ էր արվում Եգիպտոսում գտնվող Հայաստանի քաղաքացիներին զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից և որևիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ։ Այդ նպատակով ստեղծվել է նաև թեժ գիծ։

Հայաստանից դեպի Եգիպտոս հիմնականում ուղևորվում են զբոսաշրջության նպատակով։ Երևանում գործող տասնյակ տուրիստական գործակալությունների շրջանում անցկացված հարցումը ցույց տվեց, որ վերջին շրջանում գրեթե բոլորը հրաժարվում են դեպի Եգիպտոս տուրիստական փաթեթների վաճառքից։ Առանձնապես մեծ չէ նաև պահանջարկը։

Այս պահին Եգիպտոսում գտնվող 400-ից ավելի Հայաստանի քաղաքացիների շրջանում տուժողներ չկան։ Դեպքեր չեն գրանցվել նաև զբոսաշրջիկների հետ։

Ինչ վերաբերում է հայկական համայնքին, այստեղ նույնպես տուժողներ չկան, չի տուժել նաև համայնքային սեփականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG