Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը քննարկելու է այլընտրանքային միասնական թեկնածուի հարցը


Ադրբեջան -- Ընդդիմության հանրահավաքը, 18-ը օգոստոսի, 2013թ․
Ադրբեջան -- Ընդդիմության հանրահավաքը, 18-ը օգոստոսի, 2013թ․
Այսօր Ադրբեջանի միավորված ընդդիմությունը` Միացյալ ազգային խորհուրդը, նիստ է անցկացնելու, որում քննարկվելու է ընդդիմությունից այլընտրանքային միասնական թեկնածուի հարցը: Այդ մասին հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը երեկ ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքի ընթացքում:

Ադրբեջանի միավորված ընդդիմությունը միացյալ թեկնածու էր ընտրել գրող, սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովին, ով սակայն երկքաղաքացի լինելու պատճառով առայժմ չի կարող առաջադրվել: Իբրահիմբեկովն անցած ամիս արդեն դիմել է Ռուսաստանի իշխանություններին իրեն քաղաքացիությունից զրկելու խնդրանքով, սակայն գործընթացը ձգձգվում է և մտավախություն կա, որ նա կարող է չհասցնել իր փաստաթղթերը կարգի բերել մինչև առաջադրման համար նախատեսված վերջնաժամկետը: Այդ պատճառով Ադրբեջանի միավորված ընդդիմությունը մտածում է այլընտրանքային միասնական թեկնածուի մասին:

Երեկվա հանրահավաքի ընթացքում, որը փաստորեն նախանշում էր ակտիվ քարոզարշավի սկիզբը, Իսա Ղամբարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը միավորված ընդդիմությունը պատմական նշանակություն ունեցող նիստ է անցկացնելու:

«Մենք որոշում կկայացնենք. կամ մենք կընտրենք այլ մտավորականի՝ որպես մեր միասնական թեկնածու, կամ մենք կվարվենք, ինչպես առաջարկել է Ռուստամ Իբրահիմբեկովը՝ ընդդիմադիր առաջնորդները կարող են մասնակցել ընտրություններին իրենց կուսակցությունների առաջադրմամբ և վերջում ընտրություններից մի քանի օր առաջ նրանք կմիավորվեն և իրենցից մեկին միասնական թեկնածու կդարձնեն: Այդ անձը ևս կլինի ընդդիմության միասնական թեկնածուն և մենք հավատում ենք՝ այդ թեկնածուն կհաղթի», - հայտարարել է Իսա Ղամբարրը՝ հավելելով, որ օգոստոսը ավանդաբար զարթոնքի ժամանակաշրջան է ադրբեջանական հասարակության համար. - «Հիմա, երբ ընդդիմությունը միավորվել է Ազգային խորհրդում, որպեսզի դիմադրի Ալիևների բռնապետական ռեժիմին, 40 տարի իշխող և ժողովրդին հոգնեցրած այդ ռեժիմը կգնա պատմության արխիվը»:

Նախագահական ընտրությունները Ադրբեջանում կանցկացվեն հոկտեմբերի 9 –ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG