Մատչելիության հղումներ

Օգոստոսի 17-ի մամուլ


Երեկ դատախազության առջև Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների պաշտպանության համար բողոքի ակցիայի ժամանակ «Առավոտ»-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվել է՝ թեև ՀԱԿ ակտիվիստների գործը Վճռաբեկ դատարանից ուղարկվել է նորից Վերաքննիչ, բայց երկու դատական նիստերի ընթացքում Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները դատարանը չբավարարեց, ընդառաջ չգնաց, իշխանությունների վերաբերմունքն այս գործի նկատմամբ փոխվե՞լ է: Զուրաբյանը պատասխանել է․ - «Ես նման մանրամասներով խորհուրդ չէի տա դատել իշխանությունների մտայնությունների մասին: Նրանք կարող են ինչ-որ միջնորդություններ բավարարել, ինչ-որ միջնորդություններ չբավարարել, բայց կարևորագույն հարցը՝ արդյո՞ք Տիգրան Առաքելյանը կամ տղաները կլինեն ազատության մեջ, թե ոչ՝ որոշելու է անձամբ Սերժ Սարգսյանը: Դատական ընթացքից բացարձակ հնարավոր չի լինի պարզել, թե նա ինչ է որոշել: Միակ կարևոր խնդիրն այն է, որ մենք ձեռնարկենք բոլոր այն միջոցառումները, որոնք թույլ կտան լուրջ ճնշումներ գործադրել այս իշխանությունների վրա: Մեկը ակցիաներն են, որոնք պետք է իշխանություններին ցույց տան, որ մեր քաղաքական ակտիվիստները համառորեն, հետևողականորեն մինչև վերջ պայքարելու են քաղբանտարկյալների ազատության համար: Երկրորդ ուղղությունը ԵԽԽՎ-ն է: ԵԽԽՎ նիստերին, ես, որպես պատգամավոր, միշտ այդ հարցը բարձրացրել եմ և, բնականաբար, բարձրացնելու եմ նաև սեպտեմբերյան լիագումար նիստում, որտեղ ծրագրավորված է Սերժ Սարգսյանի ներկայությունը և ելույթը: Հայաստանն այսօր նախագահում է նախարարների կոմիտեում, և սա շատ պատեհ առիթ է, որ մենք այս բոլոր հարցերը բարձրացնենք և Հայաստանի ղեկավարության վրա լրջագույն ճնշումներ գործադրենք միջազգային ասպարեզում, առաջին հերթին՝ ԵԽԽՎ-ում»:

Արձանագրելով, որ Հայաստանում բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը շարունակում է սրընթաց անկում ապրել, «Հրապարակ»-ը գրում է․ - «Երեկ երևանյան միջին կալիբրի ռեստորաններից մեկի տերը, օրինակ, պնդում էր, որ անցած տարվա համեմատ 50 տոկոսով իր եկամուտները կրճատվել են: Անգամ կոշկակարն էր տրտնջում, որ գործ չկա անելու՝ «կլիենտները գնացել են, ով էլ մնացել է՝ չստեր է հագնում»: Իսկ բիզնեսը Ռուսաստան տեղափոխած մեկ ուրիշը զարմացած հարցնում էր․ - «Լավ, Սերժ Սարգսյանը չի՞ տեսնում ինչ է կատարվում երկրում, չի՞ ուզում քայլեր ձեռնարկել երկիրն այս փոսից հանելու համար»: Եվ բոլորը՝ ռեստորանի տնօրենը, բիզնեսմենն ու անգամ կոշկակարը փրկության իրենց բանաձևն էին առաջարկում: Մեկն ասում էր՝ կադրային կտրուկ փոփոխություններ է պետք անել՝ մինչև վարչապետին չփոխեն, ոչ մի բան երկրում չի փոխվի: Մյուսն ասում էր՝ փրկության կոմիտե է պետք ստեղծել, օլիգարխներից մեծ գումարներ վերցնել և ուղղել աղքատության եզրից այն կողմ գտնվողներին աջակցելուն: «Թող կանչի Ծառուկյանին, Քոչարյանին, մյուսներին, ասի, որ ամեն մեկդ մի միլիարդ պետք է տաք, որ երկիրն էս վիճակից հանենք, հերիք է ինչքան օգտվեցիք պետությունից, հիմա օգնելու ժամանակն է եկել», - լուրջ-լուրջ առաջարկում էր նա: Եվ ամենակարևորը․ մարդկանց առավելապես զարմացնում ու զայրացնում է այն անգործությունը, որ դրսևորում է իշխանությունը ոչինչ չանելով»:

Lragir.am էլեկտրոնային պարբերականը արձագանքում է Հայաստանում Շվեյցարիայի նոր դեսպանի նշանակմանը: Վերջինս երեկ իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, տարածաշրջանային հարցեր: Հիշեցնելով, որ հենց Շվեյցարիան էր հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման միջնորդներից մեկը, մեկնաբանը գրում է․ - «Շվեյցարիայի նոր դեսպանի հետ տարածաշրջանային հարցերի քննարկումն անշուշտ դուրս եկած կլինի սովորական արարողակարգի շրջանակից: Բանն այն է, որ այս առումով հետաքրքիր վիճակ է ստեղծվել հայ - թուրքական տիրույթում: Մի կողմից ակնհայտ է, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալուն զուգահեռ աշխարհում բավական ակտիվանալու է հայկական հարցի վերաբերյալ աղմուկն ու սրվելու է Թուրքիային ուղղված հարցադրումների ֆոնը՝ այդ թվում գերտերությունների մակարդակում, մյուս կողմից սակայն հարցն այն է, որ գերտերությունների համար այսպես ասած կլոր տարելիցը չի կարող լինել ցեղասպանության ճանաչման բավարար հիմք: [...] Իսկ այդպիսի հիմքեր կարող են լինել հայ - թուրքական կարգավորման գործընթացի թեկուզ ժամանակավոր կարկատանները: Այնպես որ չի բացառվում, որ Երևանին այդ կապակցությամբ արվում են առաջարկներ: Բնական է, որ Հայաստանի իշխանությունն էլ համաձայնելու դիմաց կդնի իր պայմաններն Արևմուտքին, այսինքն կփորձի բարձրացնել կարկատանների համաձայնության գինը: Պատահական չէ, որ չնայած Թուրքիայի դիրքորոշմանը, Երևանը շարունակում է օրակարգում պահել վտանգավոր և մերժելի կետեր պարունակող հայ - թուրքական արձանագրությունները»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG