Մատչելիության հղումներ

Թոմաս դը Վաալ․ «Ինչի մասին չխոսեց Պուտինը Բաքվում»


Ադրբեջան - Ռուսաստանի և Ադրբեջան նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Բաքվի նավահանգստում այցելում են «Դաղստան» նավը, 13-ը օգոստոսի, 2013թ․
Ադրբեջան - Ռուսաստանի և Ադրբեջան նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Բաքվի նավահանգստում այցելում են «Դաղստան» նավը, 13-ը օգոստոսի, 2013թ․

Կովկասյան հարցերով հայտնի փորձագետը որոշել է այս տեսանկյունից դիտարկել Ռուսաստանի առաջնորդի վերջին այցը Ադրբեջան:

Ինչի մասին չխոսեց Պուտինը Բաքվում, ինչ թեմաներ դուրս մնացին Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումից և ինչու. «Քարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, կովկասյան հարցերով փորձագետ Թոմաս դը Վաալը որոշել է այս տեսանկյունից դիտարկել Ռուսաստանի առաջնորդի վերջին այցը Ադրբեջան՝ փաստելով, որ երկկողմ բանակցությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները բավական սուղ էին և շատ քիչ բան էին բացահայտում դրանց մանրամասների վերաբերյալ:

Առաջին հերթին վերլուծաբանը առանձնացնում է այն հանգամանքը, որ կողմերն այդպես էլ չհիշատակեցին Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը, որտեղից ռուսները հարկադրված էին դուրս գալ մեկ տարի առաջ: «Եթե դրանից հետո Պուտինն այցելում է այդ երկիր, ուրեմն Ռուսաստանն արդեն փակված է համարում այս էջը», - կարծիք է հայտնում դը Վաալն ու շարունակում՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Պուտինն ընդամենը մեկ նախադասություն ասաց, ինչը ևս մեկ անգամ ակնհայտ դարձրեց, որ այս հարցն առանձնապես չի հետաքրքրում նրան:

Շարունակելով վերլուծել Պուտինի հայտարարությունների ու այցի «թաքնված մանրամասները»՝ բրիտանացի փորձագետը փաստում է, որ այս անգամ Պուտինի ներկայացուցչական պատվիրակության կազմում ակնառու էր «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի բացակայությունը: Ռուսական կողմը որոշել էր Միլլերի փոխարեն Բաքու տանել «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինին՝ հույս ունենալով համագործակցության ընդարձակ պայմանագրեր ստորագրել Ադրբեջանի նավթային պետական ընկերության՝ SOCAR-ի հետ: «Ռոսնեֆտ»-ը փորձում էր մասնաբաժին ստանալ Ապշերոնի գազային հանքավայրից, սակայն ռուսները պետք է որ հիասթափված լինեն արդյունքներից, քանի որ ստացան ընդամենը համագործակցության մասին ընդհանուր բառերով նկարագրված մի համաձայնագիր և ոչինչ ավելի», - ընդգծում է Թոմաս դը Վաալը:

Մյուս կողմից, ըստ վերլուծաբանի, ուշագրավ է այն հանգամանքը, որ հրապարակային հայտարարություններում կողմերից որևէ մեկն այդպես էլ չհիշատակեց Միացյալ Նահանգները: «Միայն այն փաստը, որ Ռուսաստանի ղեկավարը Բաքու էր ժամանել գրեթե մեկ տասնյակ նախարարների հետ, հիշեցում էր Ադրբեջանին, թե որտեղ պետք է այդ երկիրը փնտրի իր գերակայությունները», - կարծիք է հայտնում դը Վաալը:

Երկկողմ բառապաշարից բացակայում էր նաև Հայաստանը, թեև, ըստ դը Վաալի, Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին խոսակցություններով Պուտինը նպատակ ուներ զայրացնել հայերին և ստիպել, որ հայկական կողմն ավելի լրջորեն մտածի իր առաջարկած Մաքսային միությանը միանալու մասին:

«Երրորդ չարտասանված բառը, որը ամբողջ այցի ընթացքում շարունակում էր «օդում կախված մնալ», «ընտրություններն» էին», - շեշտում է դը Վաալը՝ հիշեցնելով, որ Ալիևը հոկտեմբերին կրկին փորձելու է նախագահ դառնալ: «Այս անգամ, սակայն, Ադրբեջանի՝ որպես կանոն անգործունակ ընդդիմությունը միասնական թեկնածու է առաջադրել իրական կշիռ ունեցող մի մարդու՝ ճանաչված ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովին, ով ընտրապայքարին մասնակցելու համար պետք է հրաժարվի իր ոուսական անձնագրից», - փաստում է բրիտանացի վերլուծաբանն ու ընդգծում, որ սա ըստ էության հնարավորություն է տալիս Ռուսաստանին վետո դնել Իբրահիմբեկովի մասնակցության վրա: «Այս դեպքում խոսքերն ավելորդ էին, կողմերից յուրաքանչյուրը գիտեր, թե դիմացինն ինչ է ցանկանում», - եզրափակում է հոդվածը «Քարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան Թոմաս դը Վաալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG