Մատչելիության հղումներ

«Բարև Երևանը» 23 երթուղիների վերաբերյալ հարցում է ուղարկել քաղաքապետին


Երևանի քաղաքապետարանը տարբեր միջոցներով փորձում է բնակչությանն ապացուցել, որ տրանսպորտի ուղեվարձի 150 դրամ լինելն անհրաժեշտություն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը` բացատրելով նաև, թե ինչու հուլիսի 30-ի դրությամբ թվով 23 ավտոբուսային և թվով 1 միկրոավտոբուսային երթուղիների համար մրցույթներ չեն անցկացվել:

Քաղաքապետի՝ ուղեվարձի բարձրացման որոշումը կասեցվեց հուլիսի 30-ից մի քանի օր առաջ՝ հուլիսի 25-ին: Սաֆարյանի կարծիքով․ - «Փորձ են անում ցույց տալ նաև, որ եթե 100 դրամ է մնալու տրանսպորտի սակագինը, ապա այդ դեպքում 23 երթուղին չի սպասարկվելու: Այսինքն՝ փորձում են հասարակությանը շանտաժ անել»:

Այս առիթով «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը երեկ հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ փորձելու հասկանալ, թե ինչ բացատրություն է տրվում այն իրողությանը, որ մինչև այժմ այդ 23 երթուղիները սպասարկող կազմակերպությունները չկան, ավելին՝ օգոստոսին դրանց համար հայտարարված 2 մրցույթներն այդպես են չեն կայանում:

Ինչպես տեղեկացանք Սաֆարյանից, մինչև օրս մեկ հայտ է ներկայացվել քաղաքապետարան, որում մասնավորապես նշվել է, որ հայտատուն 150 դրամից պակաս ուղեվարձի դեպքում ծառայություն չի մատուցի:


Մյուս կողմից էլ, Սաֆարյանի կարծիքով, փորձում են ապացուցել՝ եթե տնտեսապես նպատակահարմար և շահավետ լիներ, հայտեր կլինեին, իսկ 100 դրամով սպասարկել ցանկացողներ չկան: Ըստ Սաֆարյանի, այս տրամաբանությունը նույնիսկ ծիծաղելի է, քանզի դուրս է գալիս, որ մյուս 137 գծատերերը հանուն հայրենիքի են աշխատում:

«Գաղտնիք չէ, որ Երևանում կան շահութաբեր և ոչ շահութաբեր երթուղիներ»,- իր նամակում գրում է խմբակցությունը և հարց բարձրացնում՝ ինչպես է որոշվում երթուղու նպատակահարմարությունը՝ երևանցուն առաջարկվող տրանսպորտային ծառայությունը պատշաճ իրականացնելու համար: «Բարև Երևանը» նաև հարց է բարձրացնում, թե ինչպես է պատահել, որ այս 23 երթուղին մնացել են այսպես ասած անտեր: Երևան քաղաքում երթուղային ցանցը մշակում է քաղաքապետը, հարց է առաջանում, թե ինչպես է դա մշակվել, որ արդյունքում երթուղիները կիսվել են շահութաբերների և ոչ շահութաբերների: Օրինակ բերելով քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ազգականների կողմից սպասարկվող 18 երթուղին, որոնք մի քանի անգամ փոփոխության են ենթարկվել, Սաֆարյանը հանգում է այն մտքին, որ երթուղային ցանցի կազմման գործընթացը պարզապես ծառայեցվում է մի քանի անձի կամ կազմակերպության շահերին:

Եվ առհասարակ, «Բարև Երևան» խմբակցության կարծիքով, տրանսպորտային համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի․ երևանյան տրանսպորտը գուցե մատչելի է, բայց արժանավայել չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG