Մատչելիության հղումներ

Թուրքիայի ըմբշամարտի ֆեդերացիան պաշտպանում է որակազրկված ըմբիշին


Ֆեդերացիայի նախագահը պնդում է, թե Twitter-ում հակահայ գրառման հեղինակը Ռըզա Քայաալփը չէ:

Թուրքիայի ըմբշամարտի ֆեդերացիան պաշտպանության տակ է վերցրել հակահայ արտահայտության համար որակազրկված թուրք ըմբիշին և մտադիր է Ռըզա Քայաալփին որակազրկելու որոշումը բողոքարկել սպորտի արբիտրաժային դատարանում:

Վերջերս Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վեց ամսով որակազրկեց աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն, օլիմպիական բրոնզե մեդալակիր թուրք ըմբիշին՝ թվիթերյան գրառման պատճառով, որտեղ նա վիրավորել էր հայերին ու հույներին: Այս որոշման պատճառով Ռըզա Քայաալփը չի կարող մասնակցել հաջորդ ամիս Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Թուրքիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Համզա Յերլըքայան ասել է, թե ըմբիշի որակազրկումը անօրինական է, և խոստացել է, որ եթե Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում իրենց բողոքը մերժվի, ապա կդիմեն սպորտի արբիտրաժային դատարան: Յերլըքայան պնդում է, թե Twitter-ում գրառումը ըմբիշը չի արել:

Հունիսին Twitter-ի օգտատեր Ռըզա Քայաալփը, ով, ինչպես ենթադրվում է, թուրք ըմբիշն է, գրառումներ էր կատարել՝ Գեզի այգու ցուցարարներին մեղադրելով, թե հայերի համար փողոցներ են դուրս եկել, հակառավարական ցույցերով, ակցիաներով ուրախություն են պատճառում հայերին, նրանց դավաճաններ էր համարել, անպարկեշտ արտահատություններ գրել:

Ավելի ուշ գրառումները հանվել են, իսկ ըմբիշը մամուլին ասել է, թե դրանք սխալ էին ընկալվել, ինքը գրել է անկարգություններ, հրկիզումներ և ամեն ինչ ջարդուխուրդ անող ցուցարարների մասին:

«Մեր տղան ռասիստական հայտարարություններ չի արել, դա այդքան էլ հստակ չէ, որոշ գրառումներ կան երկրորդ, երրորդ անձանց կողմից», - Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` ասել է Թուրքիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG