Մատչելիության հղումներ

Պուտին. «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերընթաց զարգացում են արձանագրում»


Վլադիմիր Պուտինը համոզված է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն:

Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարեց Բաքվից ոչ հեռու գտնվող «Զագուլբա» պետական ամառանոցում` մի քանի ժամ առաջ մեկնարկած բանակցությունների ամենասկզբում:

Մինչև բանակցությունների դռնփակ հատվածի մեկնարկը դիմելով ադրբեջանցի իր գործընկերոջը` Վլադիմիր Պուտինը հիմնականում կենտրոնացավ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման վրա:

«Մեր հարաբերություններն իրոք վերընթաց զարգացում են արձանագրում: Մենք արդեն իսկ նշեցինք, որ չնայած համաշխարհային տնտեսությունում առկա բարդություններին, անցած տարվա ընթացքում միայն ռուս-ադրբեջանական երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 50 տոկոսով: Եթե ավելի ճշգրիտ լինեմ, ապա այդ աճը կազմել է ավելի քան 47 տոկոս: Սա մեր հարաբերությունների ներուժը բնութագրող շատ լավ ցուցանիշ է», - ասել է Պուտինը: - «Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի հիմնական առևտրատնտեսական գործընկերներից մեկը: Ապրանքաշրջանառությունը աճում է և ամենահաճելին թերևս այն իրողությունն է, որ այդ ապրանքաշրջանառությունը բավական լավ կառուցվածք ունի թե՛ ռուսական և թե՛ ադրբեջանական կողմից»:

Ռուսաստանի նախագահի պնդմամբ, սակայն, ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը չի սահմանափակվում զուտ տնտեսական ոլորտով. - «Այսօր ինձ հետ միասին մի մեծ թիմ է ժամանել Բաքու: Այստեղ են մեր երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունները համակարգող առանցքային նախարարները: Այնպես որ, ես կարծում եմ, մեր աշխատանքը կլինի շատ ծավալուն, բովանդակալից և օգտակար»:

Հիշեցնենք, որ Բաքու ժամանած ռուսաստանյան պատվիրակության կազմում են Արտաքին գործերի, Պաշտպանության, Էներգետիկայի, Տրանսպորտի, Տնտեսական զարգացման և Արտակարգ իրավիճակների նախարարները, ինչպես նաև արտերկրում ռուսական զենքի վաճառքով զբաղվող РосОборонЭкспорт պետական կորպորացիայի նախագահն ու Роснефть և LUKOIL նավթային ընկերությունների նախագահները:

Ռուսաստանի Դաշնության ղեկավարը, սակայն, հարկ համարեց հատուկ անդրադարձ կատարել հումանիտար ոլորտում ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ բարձր գնահատելով պաշտոնական Բաքվի որդեգրած մոտեցումները, նախևառաջ այն հանգամանքը, որ երկրում ռուսական դպրոցները չեն փակվել:

«Ադրբեջանում շատ ուշադիր են ռուսաց լեզվի զարգացման, այդ լեզվով կրթության պահպանման նկտամամբ: Ե՛վ դպրոցներ են աշխատում, և՛ ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերն են ակտիվորեն գործում: Այդ ամենը խիստ կարևոր է, քանի որ հենց դա է հիմք ստեղծում մյուս բոլոր ուղղություններով աշխատանքի համար», - նշել է Ռուսաստանի նախագահը:

Բանակցությունների մեկնարկին պակաս լավատեսորեն չէր տրամադրված նաև Իլհամ Ալիևը:

«Մեր հարաբերությունները շատ դրական, հաջող, դինամիկ կերպով են զարգանում: Դրանք տարատեսակ ոլորտներ են ընդգրկում, և ես կարծում եմ, որ մենք այսօր հնարավորություն կունենանք քննարկել թե՛ երկկողմ հարաբերությունների օրակարգը և թե՛ տարածաշրջանային հարցերը», - հայտարարել է Իլհամ Ալիևը և, դիմելով իր ռուսաստանցի պաշտոնակցին, հավելել. - «Ձեր այցը նոր լիցք կհաղորդի մեր հարաբերություններին: Համոզված եմ՝ Ձեր այս այցից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում նկատվող դրական դինամիկան կպահպանվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG