Մատչելիության հղումներ

Հասմիկ Պապյան․ «Հայաստան գալը պատիվ է բոլոր մեծ արտիստներին»


Հայազգի աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ով արդեն երկու տասնամյակից ավելի ապրում է Հայաստանից դուրս, պատիվ է համարում ցանկացած երաժշտի համար Հայաստանում ելույթ ունենալը:

«Մենք ունեցանք Վիեննայի ֆիլհարմոնիկը, ունեցանք Ամստերդամի նվագախումբը, ունեցանք Լոնդոնի ֆիլհարմոնիկը, Դոմինգոն, Մոնսերատ Կաբալյեն և այլն», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգչուհին՝ հավելելով․ - «Բայց հիմա պետք է այդ միջոցները, այդ գումարները օգտագործենք մեր երիտասարդներին օգնելու համար՝ նրանց կրթաթոշակներ տալ, խրախուսել մեր այն երաժիշտներին, որոնք այսօր Հայաստանում են ապրում»:

Պապյանը շեշտեց, որ Հայաստանում «հրաշալի երիտասարդներ» են ապրում և ստեղծագործում, և հենց նրանց առաջին հերթին պետք է ուղղված լինի պետական հոգածությունը:

Պապյանը, հիշեցնենք, անցած ամիս մենահամերգով հանդես եկավ Երևանում՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը նվիրված էր Վերդիի և Վագների ծնդդյան 200-ամյա հոբելյաններին:

«Նախ ես զարմացա, որ այդպիսի կազմ, երաժիշտների կազմ, այդքան մեծ թվով երաժիշտներ դեռ կան Հայաստանում: Որովհետև անընդհատ լսում ես, որ հեռանում են, հեռանում են: Բայց կան այդ որակյալ երաժիշտները, ապրում են Հայաստանում և երաժշտության նվիրյալներն են: Նրանց պետք է պահել, պահպանել, հոգ տանել: Եվ դա պետք է անի մեր երկիրը, պետությունը, որովհետև դա շատ կարևոր է մեր երկրի համար»:

Երգչուհին տեղեկացրեց, որ շարունակելու է համագործակցությունը Էդվարդ Թոփչյանի ղեկավարած նվագախմբի հետ և մինչև տարեվերջ հանդես կգա ևս մեկ մենահամերգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG