Մատչելիության հղումներ

Սոբյանինը՝ սկանդալի կիզակետում


Ռուսաստան - Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մի հանդիպման ժամանակ, հունիս, 2013թ․
Ռուսաստան - Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մի հանդիպման ժամանակ, հունիս, 2013թ․

Մոսկվայի գործող քաղաքապետի դուստրը ունի բնակարան, որի գինը 6 անգամ գերազանցում է նրա հոր 10 տարվա հայտարարագրված եկամուտը:

Ռուսաստանում սկանդալ է՝ կապված Մոսկվայի գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սոբյանինի ունեցվածքի հետ:

Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետի սեպտեմբեր 8-ին անցկացվելիք ընտրություններում Սերգեյ Սոբյանինի մրցակիցը՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ուսումնասիրելով գործող քաղաքապետի հայտարարագիրը, հանրության և իրավապահների ուշադրությունն էր հրավիրել Մոսկվայի կենտրոնում գտնվող շենքում 308 քառակուսի մետր մակերեսով բնակարանի վրա, որը 2010 թվականից գրանցված է Սոբյանինի դստեր անունով:

Ռուսաստանի կառավարության շենքի անմիջական հարևանությամբ գտնվող էլիտար այդ շենքում մեկ քառակուսի մետրը արժե մոտ 17 հազար դոլար, իսկ Սոբյանինի անչափահաս դստեր անունով գրանցված 308 քառակուսի մետր մակերեսով բնակարանը, Նավալնու հաշվարկներով, արժե մոտ 5․5 միլիոն դոլար:

Ընդդիմադիր գործիչը նկատում է, որ Սերգեյ Սոբյանինի պաշտոնապես հայտարարագրված 10 տարվա եկամուտը գումարելու դեպքում ստացվող գումարը 6 անգամ պակաս է հսկայական այդ բնակարանի գնից:

Ալեքսեյ Նավալնին այս տվյալները ուղարկել է դատախազություն՝ պահանջելով ստուգել, թե որքանով է օրինական Մոսկվայի քաղաքապետի այս բնակարանի ձեռքբերումն ու գրանցումը դստեր անունով:

Երեկ նույնաբովանդակ դիմումով Ռուսաստանի գլխավոր դատախազին է դիմել նաև Աստրախանի մարզի Դումայի պատգամավոր Օլեգ Շեինը, ով բնակարանային իրավունքի փորձագետ է: Իր դիմումում Շեինը կասկածի տակ է դնում այն պաշտոնական բացատրությունները, որ ստացվել են Սոբյանինի աշխատակազմից:

Սկանդալը ծագելուց հետո Մոսկվայի քաղաքապետի մամլո քարտուղարը հայտարարել էր, որ Սոբյանինին այդ բնակարանը տրվել է նախագահի աշխատակազմի կողմից 2006 թվականին՝ որպես ծառայողական բնակարան, երբ նա Տյումենից տեղափոխվել է Մոսկվա, իսկ հետագայում Սոբյանինը սեփականաշնորհել է այն:

Պաշտոնական այս բացատրությանը Օլեգ Շեինը հակադրում է Ռուսաստանում գործող օրենքը, որի համաձայն՝ ծառայողական բնակարանները ենթակա չեն սեփականաշնորհման, և պահանջում է պարզել, թե օրինակա՞ն կերպով է արդյոք 308 քառակուսի մետրը Մոսկվայի կենտրոնում դարձել Սոբյանինի, իսկ այժմ էլ՝ նրա անչափահաս դստեր սեփականությունը:

Ռուսաստանի դատախազությունը դեռ որևէ կերպ չի արձագանքել այս հարցմանը, մինչդեռ թեման ակտիվորեն քննարկվում է ռուսական բլոգոսֆերայում և սոցցանցերում, հնչում են բավական հեգնական մեկնաբանություններ և սուր հարցադրումներ:

Նավալնու աջակիցներից ընդդիմադիր Ֆյոդոր Կրաշեննինիկովը, օրինակ, «300 քառակուսի մետր ցինիզմ» վերնագրված իր հոդվածում հարց է բարձրացնում՝ իսկ եթե Սոբյանինը այժմ ևս մեկ ծառայողական բնակարա՞ն պահանջի պետությունից․ չէ որ փաստաթղթերով նա, փաստորեն, սեփական բնակարան և ապրելու տեղ այժմ չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG