Մատչելիության հղումներ

Օգոստոսի 10-ի մամուլ


«Ադրբեջանում որոշակի նախագծերի քննարկումներ են սկսվել, որոնք շուտով կարող են դառնալ իրողություններ»,- գրում է Lragir.am-ի մեկնաբանն ու շարունակում.- «Ադրբեջանն ու Թուրքիան իբր հայտարարել են միասնական բանակի ստեղծման մասին: Հատկանշական է, որ այս տեղեկությունը հաճույքով տիրաժավորել են հատկապես ռուսական լրատվամիջոցները՝ նման բանակի ստեղծումը որպես սպառնալիք ներկայացնելով Հայաստանի համար: Ընդ որում, գոհունակությամբ հայտնվում է, որ այդ բանակը զինվելու է ռուսական զենքի հաշվին: Իրականում ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են տարածաշրջանում նոր իրողություններին, որը կանգնած է վերաֆորմատովորման շեմին: Թուրք-ադրբեջանական ենթադրյալ միասնական զորքի ստեղծումն առաջին հերթին պատասխան է հայկական բանակի ղեկավարությանը, որը փաստացի հայտարարել է Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպանական համակարգերի միաձուլման մասին: Ընդ որում, համաշխարհային ուժային կենտրոններից ոչ մեկը, այդ թվում, Ռուսաստանը, չեն վիճարկել այդ հարցը: Երկրորդ, Թուրքիան ու Ադրբեջանը հասկանում են, որ մասնատման առաջ են կանգնած: Ադրբեջանը գիտի, որ եկել է Ղարաբաղի կորուստը ճանաչելու ժամանակ, իսկ Թուրքիան անմիջապես բարձրացրել է Աղվան Հովսեփյանի միջոցով Հայաստանի նետած ձեռնոցը: Այժմ այդ երկու երկրները տենդագին դիտարկում են տարբերակներ, թե ինչպես քիչ կորուստներով դուրս գան իրավիճակից: Տարբերակներից մեկն էլ, ինչպես ադրբեջանցի քաղաքագետներն են ասում, Զանգեզուրի գրավումն է»։

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ իշխանությունը երբեք ու երբեք անգործ չի թողնի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պես «մեծ պահանջարկ ունեցող մարդու տեսակին, ընտրությունների ժամանակ համապատասխան թվեր ապահովող պրոֆեսիոնալին»: Ըստ իրավապաշտպանի՝ ամենևին էլ զարմանալ պետք չէր, եթե թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ն որոշեր առաջադրել ոչ թե Կապանի նախկին քաղաքապետ, Սուրեն Խաչատրյանի նախկին օգնական Արմեն Կարապետյանի, այլ հենց նախկին մարզպետի թեկնածությունը: Պատճառը, «Առավոտ»-ի զրուցակցի խոսքերով, այն է, որ Լիսկայի տեսակը Ազգային ժողովում լի ու լի կա: «Ես բացարձակապես չեմ զարմացել՝ լսելով, որ հենց նախկին մարզպետն է շահագրգռված Ազգային ժողովի պատգամավոր դառնալով, եթե շատ ուշադիր նայենք ընդհանրապես այս իշխանություններին, ռեժիմին հավատարիմ մարդկանցից ոչ մեկին ոչ մի տեղ էլ չեն ուղարկել մշտական, բոլորը իրենց զինանոցում են, պահեստում են, կամ եթե հանել են մի տեղից, ուրեմն պիտի տեղավորեն մեկ ուրիշ տեղ: Նարեկ Սարգսյանին էլ էս երկու օրը հանեցին և արդեն նրա համար պաշտոն են ստեղծել, որպեսզի էդ մարդը էդտեղ տեղավորվի և շարունակի Հայաստանի ողջ բնակչությանն ու Երևանի բնակչությանը իր ստեղծագործական մտքի թռիչքների զոհը դարձնել: Էդ իմաստով բացարձակապես պետք չէ զարմանալ: Իսկ Սյունիքի նախկին մարզպետի տեսակը չափից ավելի կարևոր է այս իշխանությունների համար»,- ասում է Սեյրան Մարտիրոսյանը։

«Հրապարակ»-ն անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանի երաժշտական կատարմանը։ Նախօրեին այցելելով երիտասարդական ճամբար՝ վարչապետը բոլորի համար անսպասելի ձեռքն էր վերցրել կիթառը և երգել։ ««Բարով եկար, սիրուն կռունկ»-ն արտագաղթի «ջատագովի» կատարմամբ լսելը, անշուշտ, տարօրինակ էր»,- գրում է թերթի խմբագիրը և շարունակում.- «Հանրությունը լավ զվարճացել էր Տիգրան Սարգսյանի երգով, թեև կային նաև հանդիմանողներ, թե «սաղ երգերը երգել է, մնում է սարի սմբուլը»: Ամեն դեպքում, քարոզչական այս տրյուկը տեղ էր հասել, ազդեցություն էր գործել: Վարչպետական թիմը հասկանում է, որ ավելի լավ է ծաղրեն ու հումոր անեն, քան քննադատեն ու մեղադրեն երկիրը քանդելու, տնտեսությունը կործանելու, կոռուպցիայի մեջ թաղված լինելու համար: Բայց երեկվա զվարթ քննարկումը նաև այլ խորհուրդ ունի. մեր հասարակությունը կարոտ է անմիջական շփման, պաշտոնյաների մարդկային, շարքային դրսևորումների: Մենք այնքան հաճախ ենք տեսնում կաղապարված, աթոռի հետ նույնացած, մարդկային կերպարը կորցրած չինովնիկներ, որ երգող ու նվագող պաշտոնյան անսովոր է մեզ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG