Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի․ «Պատրաստ ենք ուղիղ երկխոսության աբխազ և օս եղբայրների հետ»


Վրաստան - Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ռուս - վրացական պատերազմի 5-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ, Թբիլիսի, 8-ը օգոստոսի, 2013թ․
Վրաստան - Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ռուս - վրացական պատերազմի 5-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ, Թբիլիսի, 8-ը օգոստոսի, 2013թ․
Պաշտոնական Թբիլիսին պատրաստ է ուղիղ երկխոսության աբխազ և օս եղբայրների հետ, Վրաստանը պետք է ներելու ուժ ունենա՝ միաժամանակ ընդունելով իր սխալները, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հինգշաբթի օրը ելութ ունենալով Գորիի զորամասում նորակոչիկ զինծառայողների երդման արարողությանը:

Իր ելույթում, որը ուղիղ հեռարձակվում էր հեռուստակայաններով, Իվանիշվիլին ասել է, որ օգոստոսի 8-ը Վրաստանի նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկն է: «Կործանումներ և զոհեր, հարյուրավոր զոհված մարդիկ, օկուպացված նոր տարածքներ, տասնյակ հազարավոր ներքին տեղահանվածներ իրենց հայրենիքում՝ սրանք են այն ծանր հետևանքները, որ բերեց օգոստոսի 8-ը», - նշել է նա՝ շարունակելով․ - «Ես հավատում եմ, որ Վրաստանի պատմության այդ ողբերգական օրից մենք ճիշտ եզրակացության կգանք, ապագայի ճիշտ պլաններ կկազմենք, հետևողական ռազմավարությամբ մենք կարող ենք լիարժեքորեն վերականգնել խաղաղ հարաբերությունները վրացիների և օսերի, վրացիների և աբխազների միջև»:

«Բայց դա բավարար չէ», - ասել է նա՝ նշելով, որ պետք է կարողանալ ընդունել և սեփական սխալները․ - «Մենք պետք է ուղղենք այն, ինչ դեռ հնարավոր է ուղղել»:

«Մենք պատրաստ ենք ուղիղ երկխոսության մեր աբխազ և օս բարեկամների հետ: Ես համոզված եմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք ապագա միասնական հարաբերությունների համար: Վրաստանի ժողովրդավարական զարգացումն ու տնտեսական աճը աբխազներին ու օսերին կշրջի դեպի մեզ և նրանց վերջնականապես կհամոզի, որ Վրաստանը իրենց հայրենիքն է», - հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Նա ասել է, որ 5 տարի առաջ Ռուսաստանը Վրաստանի հանդեպ զինված ագրեսիա է իրականացրել, օկուպացված տարածքների անկախությունը ճանաչելով մեծ հարված է հասցրել Վրաստանի պետականությանը, բայց և նշել է, որ դեպքերի նման զարգացման համար, ցավոք, իր պատասխանատվության բաժինն ունի նաև Վրաստանը:

Իվանիշվիլին նշել է, որ ողբերգական փորձից հստակ հետևություններ անելով՝ Վրաստանը պետք է մտածի ապագայի մասին, և չնայած այդ ամենին՝ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եղանակներ փնտրել:

«Սկզբնական շրջանում մենք որոշեցինք կոնկրետ հարցեր լուծել, հաջորդ փուլում ավելի բարդ խնդիրների լուծում է սպասվում», - ասել է նա՝ նշելով, որ Վրաստանի միջազգային գործընկերները դրական են գնահատում Ռուսաստանի հետ երկխոսությունը, դա համարում են կառուցողական քայլ՝ ուղղված լարվածության թուլացմանը:

Բիձինա Իվանիշվիլին ընդգծել է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցը օրակարգում կարող է դրվել, երբ լուրջ առաջընթաց արձանագրվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ:

«Մենք շատ լավ ենք հասկանում, որ այդ խնդիրները հնարավոր չէ լուծել ձեռքի մեկ շարժումով, համոզված եմ, որ այս գործում մեզ էական աջակցություն կցուցաբերեն մեր ռազմավարական գործընկերները՝ Միացյալ Նահանգները, Եվրամիության երկրները, միջազգային կազմակերպությունները», - ասել է նա՝ հավելելով, որ Վրաստանը իր յուրաքանչյուր քայլը պետք է այնպես նախատեսի, որ գործընկերներին ավելի հեշտ լինի աջակցություն ցուցաբերելը:

Միաժամանակ, նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը ինտեգրվելը Վրաստանի ռազմավարական ընտրությունն է, որը այլընտրանք չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG