Մատչելիության հղումներ

Վճարման նոր կարգը գլխացավանք է դարձել թոշակառուների համար


Վճարման նոր կարգն իսկական գլխացավանք թոշակառուների համար
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00
Կենսաթոշակների վճարման համակարգում վերջերս ներդված նոր՝ էլեկտրոնային համակարգը իսկական գլխացավանք է դարձել 200-ից ավելի գյումրեցի թոշակառուների համար։ Այս նոր համակարգի ծրագրային խնդիրների պատճառով շատ թոշակառուներ արդեն մի քանի ամիս կենսաթոշակ չեն ստացել։

Թոշակառուները ամեն օր գալիս են Սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրիի տարածքային բաժին՝ ճշտելու թոշակը չստանալու պատճառները։

«Պրոբլեմը Երևանի ծրագրի հետ է կապված», - բացատրում է ծառայության աշխատակիցը, մինչ մարդիկ իրենց վրդովմունքն էին հայտնում իրենց գումարները չստանալու առնչությամբ և բացատրություններ պահանջում։

«Երեք ամիս է՝ արդեն չեմ ստացել»,- բողոքում էր հաշմանդամություն ունեցող երեխայի մայրը՝ շեշտելով, որ որդուն ամեն օր դեղորայք է անհրաժեշտ, որը թանկ արժե։

Սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրիի տարածքային բաժնի պետ Սամվել Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ առաջացած խառնաշփոթի պատճառը ծրագրային խնդիրներն են. - «Էլեկտրոնային համակարգի ենք անցել, «Արաքս» համակարգը փոխարինվել է, անցումային շրջաններում միշտ եղել են դեպքեր, խոչընդոտներ առաջացել են, հունիս ամսին ավելի շատ թոշակառուներ էին դուրս մնացել, հուլիսին՝ ավելին քիչ, օգոստոսին՝ արդեն կարելի է ասել, որ ծրագրային խնդիրները համարյա լուծվել են, ինչ-որ թերություններ կան, մասնագետներից էլ է դա կախված, ինչ-որ բաներ չեն կարողացել անել։ Բայց հուլիսի հետ համեմատած այս ամիս, օրինակ, իրավիճակը բավարար է։ Գյումրիում մենք ունենք 26 հազար թոշակառու, մոտ 210 հոգի մնացել էին դուրս»։

Սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրիի տարածքային բաժնում թոշակառուների իսկական հերթ էր։ Մարիետա Մանուկյանը կենսաթոշակների նշանակման գծով գլխավոր մասնագետն է և նա է հիմնականում պատասխանում թոշակառուների հարցերին։ Մանուկյանն ասում է՝ նոր ծրագրի պատճառով կան թոշակառուներ, որոնք մի մարզից մյուս մարզում են «հայտնվել»։

Թոշակառուներից մեկն էլ խնդրեց, որ իր խոսքը հասնի նախագահ Սերժ Սարգսյանին։

«Կառավարությունը մեր մասին հեչ կմտածե՞։ Շատ կխնդրեմ, ես գուզեմ՝ սա հասնի Սերժ Սարգսյանին։ Ինքը կարո՞ղ է 28 հազար դրամով 30 օր ապրի։ 40 տարի աշխատել եմ, ընձի ի՞նչ կվճարեն, մե՞ղք չեմ, մնացել է վերջին մե երկու տարին»,- արցունքները չկարողացավ զսպել տարեց կինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG