Մատչելիության հղումներ

Ղարաբաղում լուրջ փոփոխություններ չեն ակնկալում


Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրը Ստեփանակերտում
Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրը Ստեփանակերտում

Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը արդեն մշակված է, և այն կախված չէ անձերից, շեշտում է Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը՝ մեկնաբանելով նոր համանախագահի նշանակումը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի նշանակման արդյունքում ղարաբաղյան գործընթացում լուրջ փոփոխություններ չեն սպասվում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Միացյալ Նահանգների նոր համանախագահ է նշանակվել Ջեյմս Ուորլիքը, ով վերջին ամիսներին Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի տեղակալն էր, եղել է նաև գլխավոր բանակցողը Աֆղանստանի հետ երկկողմանի անվտանգության համաձայնագրի մշակման ու ստորագրման բանակցություններում:

Բաբայանը շեշտեց, որ Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը արդեն մշակված է, և այն կախված չէ անձերից։ Ըստ նրա՝ հիմնական շեշտը շարունակելու է մնալ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման վրա։

«Իհարկե, մենք ողջունում ենք, որ փորձառու դիվանագետներ են այստեղ ուղարկվում, մարդիկ, ովքեր անցել են բազմաթիվ հակամարտություններով, տեսել են՝ ինչի կարող է բերել այդ հակամարտությունը», - ասաց Ղարաբաղի նախագահի խոսնակը՝ շարունակելով․ - «Եվ մի բանով, իհարկե, ողջունելի է նաև այն, որ նա եղել է այնպիսի գոտիներում, ինչպիսին է Աֆղանստանն ու Պակիստանը, և գիտի, թե ինչի կարող է բերել ծայրահեղականությունը: Այս տեսանկյունից, իհարկե, բերելով զուգահեռներ Ադրբեջանի կողմից վարվող այս ֆաշիստական, ծայրահեղական քաղաքականության, կարծում եմ, որ հատուկ շեշտ պիտի դրվի նաև այսպիսի քաղաքականության մեղմացման վրա»:

Բաբայանը անդրադարձավ նաև օրերս ԱՄՆ-ում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի արած հայտարարությանը, որտեղ նա բողոքել էր, թե առ այսօր միջազգային կառույցները և առաջատար պետությունները չեն հայտարարել, որ Հայաստանը ագրեսոր երկիր է։

«Հենց ինքը՝ Սաֆար Աբիևը ընդունում է, որ միջազգային հանրությունը չի դիտարկում Հայաստանին որպես ագրեսոր երկիր: Այսինքն, բոլոր այս ադրբեջանական քարոզչությունը, որը նպատակ ունի ցույց տալ, ներկայացնել Հայաստանը, Արցախը, ընդհանրապես՝ հայ ժողովուրդը, որպես ագրեսիվ, այսպես ասած, մի կազմավորում, մի ժողովուրդ, ինքը՝ Աբիևը, փաստորեն, ժխտում է և ընդունում է, որ Ադրբեջանի կողմից վարված քաղաքականությունը որևէ արդյունքի չի բերում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության լուծմանը, ապա առաջիկայում, Բաբայանի կարծիքով, լուրջ փոփոխություններ չեն լինի։

«Հաշվի առնելով մի շարք գործընթացներ՝ հատկապես Ադրբեջանում նախագահական ընտրությունները, ակտիվ այդ ժամանակահատվածը, կարծում եմ, որ որևէ էական փոփոխություն չի լինելու: Ընդհակառակը՝ ավելի կարծրանալու է Բաքվի պահվածքը: Բայց քանի որ պահպանվում է ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը, որևէ էական զարգացման դա չի բերի․ ուղղակի Բաքուն կշարունակի իր ապակառուցողական քաղաքականությունը», - հայտարարեց Դավիթ Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG