Մատչելիության հղումներ

Օգոստոսի 7-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է․ - «Իրանի նախագահի երդմնակալությանը մասնակցությամբ կարող ենք ենթադրել, որ Սերժ Սարգսյանի արձակուրդը ավարտվեց: Թեև արձակուրդի ավարտվելու այլ նշաններ առայժմ չկան: Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի հետ հանգստանում էր նաև Հովիկ Աբրահամյանը, որից նույնպես «քաղաքական կենդանության» նշաններ առայժմ չկան: Փոխարենը վերջին շրջանում ակտիվացել է վարչապետ Տիգրան Սարգսյանը և իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Տիգրան Սարգսյանը Տարոն Մարգարյանին նախատում էր տրանսպորտի գնի և հասարակության կարծիքը հաշվի չառնելու մեջ, իսկ երեկ էլ Տարոն Մարգարյանին առաջը գցած գնացել էր խաբված բնակիչներին և բակերում հասարակական բողոք առաջացրած շինարարություններից վրդովված քաղաքացիներին հանդիպելու՝ կրկին Տարոնին մեղմորեն վարկաբեկելու ենթատեքստով: Այսպիսով, Սերժ Սարգսյանի արձակուրդը նշանավորվում է կարծեք թե ներհամակարգային որոշակի տեղաշարժերով: Տիգրան Սարգսյանն է խաղատախտակի վրա առաջ գալիս, իհարկե առայժմ պարզ չէ` ձիու, թե զինվորի քայլերով, կամ գուցե փղի կամ նավակի»:

Թեման շարունակում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ գրելով․ - «Հայաստանում այս օրերին, ըստ էության, անիշխանություն է տիրում: Չնայած երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրներին ու մարտահրավերներին՝ իշխանությունները չեն շտապում որևէ կերպ արձագանքել դրանց: Ավելին՝ Սերժ Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս օրերին կարծես անհետացել են․ չնայած նրանց արձակուրդը վաղուց ավարտվել է, սակայն նրանք նույնիսկ չեն էլ երևում: Նույնիսկ իշխանական կուլիսներում խոսվում էր, որ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը պատրաստվում է դիմել կոնկրետ քայլերի և Կառավարության ներսում լուրջ փոփոխությունների: Սակայն, դատելով իշխանությունների լռությունից, այս հարցում ևս անորոշություն է»:

«Հրապարակ»-ի խմբագիրը նկատում է․ - «Երբ տարիներ շարունակ, ժողովրդական լեզվով ասած, «ստայանշչիկները» «մուրացկանների» նման ձեռքը պարզած 100-200 դրամ էին մուրում մեքենաների վարորդներից, բոլորս բողոքում էինք և անգամ հրաժարվում վճարել: Մտածում էինք՝ ինչի՞ համար, ո՞ր ծառայության, մանավանդ` մեկ ժամ կանգնեիր, թե 10 րոպե, նույն գումարն էին ուզում: Բայց, ինչպես ասում են, մինչև չգա հետինը, չի հիշվի նախկինը: Այդ խեղճ ու կրակ «ստայանշչիկների» հացին մեր պետությունը «վայիս եղավ»՝ որոշեց ինքը հավաքել այդ կոպեկները: Պետություն ասեմ՝ դուք ինչ-որ մութ անձինք հասկացեք, տզրուկներ, որոնք փողի հոտը կիլոմետրից են զգում և պղտոր ջրում ձուկ որսալու մեծ վարպետներ են: Սրանք որոշեցին, որ ոչ մի դրամ այս երկրում անվերահսկելի չպետք է լինի, և ոչ ոք, բացի իշխանության հովանավորությունը վայելողներից, փող չպետք է աշխատի: Որոշեցին մի քիչ կարմիր ներկ ծախսել՝ գծեր քաշել ու փող աշխատել: Եվ ոչ ոք չի ասում, թե այդ ո՞ր ծառայության դիմաց եք ուզում փող հավաքել: Կարմիր ներկի՞, թե՞ ձեր շպիոնական տեսախցիկների, որոնց տեղադրումից մենք՝ ՀՀ քաղաքացիներս, հարկատուներս ոչինչ չենք շահելու»:

lragir.am-ը գրում է․ - «Հայաստանի սահմանին ռուս սահմանապահների կողմից թուրք հովվի գնդակահարությունը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխանության գլխավոր հարցերից մեկը՝ ինչո՞ւ են ինքնիշխան Հայաստանի սահմանները պաշտպանում այլ երկրի սահմանապահները: Ինչո՞ւ են Հայաստանի սահմանները համարվում «ԱՊՀ արտաքին սահմաններ», որոնք պահպանում է Ռուսաստանը: Այս հարցերը երկու պատասխան ունեն. կամ Ռուսաստանը պաշտոնապես պետք է հայտարարի, որ չի ճանաչում Հայաստանի ինքնիշխանությունը և նրան համարում է իր «էքսկլավը», կամ իր սահմանապահներին հանի Հայաստանից: Ռուսական-եվրասիական գոտին ուժի միջոցով պահվում է արդեն 20 տարուց ավելի, որպես խորհրդային կայսրության «իրավահաջորդ»: Սակայն հետխորհրդային երկրներին կապող ոչինչ չի մնացել, բացի «կայսրությունը հավաքելու» Ռուսաստանի ղեկավարության ցանկությունից: Այս ցանկությունն արդեն անցնում է բոլոր սահմանները»:

«Իշխանությունների երանելի սպառնալիքը» վերնագրի ներքո «Ժամանակ»-ը գրում է․ - «Հայաստանում վերջին շրջանում շատ մոդայիկ են դարձել սպառնալիքները՝ լուծեք հարցը, թե չէ կարտագաղթենք, լուծեք հարցը, թե չէ կանցնենք սահմանը: Թվում է, թե սա պայքարի հաստատակամության և վճռականության դրսևորում է, իրականում սրանից ավելի խայտառակ նահանջի ու պարտվողական տրամադրություն դժվար է պատկերացնել: Մարդը սպառնում է իր իսկ երկիրն ուզուրպացրածներին, որ կգնա իր իսկ երկրից, եթե հարցը չլուծեն: Մարդը չի պատկերացնում, որ այդ սպառնալիքը այդ իշխանության համար ոչինչ է, որովհետև եթե այդ սպառնալիքը ինչ-որ բան նշանակեր, ապա հոծ զանգվածներով արտագաղթը լավ էլ տեսնող իշխանությունը վաղուց էր իրար խառնվել, վաղուց էր ընկել դռնեդուռ ու համոզել, որ չգնան, որ մի քիչ էլ մնան ու համբերեն, ինչպես որ դռնեդուռ են ընկնում ամեն մի ընտրության ժամանակ ու համոզում և կաշառում են, որ մարդիկ ձայն տան: Եթե արտագաղթի սպառնալիքը փոքր-ինչ նշանակություն ունենար այս իշխանություն կոչվածի համար, ապա նույնիսկ կաշառք կբաժանեին մարդկանց, ինչպես ընտրություններին, որ մարդիկ չգնան երկրից»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG