Մատչելիության հղումներ

Հավաքականը աշխարհի առաջնությանը «մասնակցելու շանսեր ունի»


«Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի 2014 թ-ի առաջնությանը մասնակցելու շանսեր ունի»
please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի 2014 թվականի առաջնությանը մասնակցելու շանսեր ունի, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը։ Նա ասաց, որ ինչպես նախկինում, հիմա էլ հավաքականը տրամադրված է միայն հաղթանակի, և ամեն ինչ անելու են նպատակին հասնելու համար։

«Նախ չորս խաղ կա, և եթե երեք խաղ հաղթենք, մեր շանսերը շատ մեծանում են՝ երկրորդ տեղի շանսերը, որը մեզ թույլ կտա խաղալ փլեյ օֆֆում»,- ասաց գլխավոր մարզիչը։

Ուղիղ մեկ ամսից տեղի կունենա աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը, իսկ մինչ այդ օգոստոսի 14-ին հավաքականը Ալբանիայի մայրաքաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ։ Վարդան Մինասյանը ասաց, որ այս հանդիպումը կարելի է համարել նախապատրաստական խաղ, և ամեն ինչ անելու են հաղթելու համար, բայց առաջնայինը մի քանի ֆուտբոլիստների և մարտավարության փորձարկումն է լինելու։

Երեկ Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի ընդլայնված կազմը, որը պետք է նախապատրաստվի Ալբանիայի հետ հանդիպմանը։ Հավաքականի մարզիչն ասաց, որ սա նախնական ցուցակ է, օրինակ կազմում ընդգրկված է Հենրիխ Մխիթարյանը, բայց վնասվածքի պատճառով նա կարող է չմասնակցել հանդիպմանը։ Թե ովքեր կմասնակցեն հանդիպմանը, պարզ կլինի օգոստոսի 9-ին, արդեն ամսի 10-ից հավաքականը մարզումներ կանցկացնի։

Վերջերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպել էր բլոգերների հետ։ Մի շարք հարցերի թվում քննարկվել էր նաև հավաքականի ներսում առկա լարված մթնոլորտը։ Հայրապետյանը ասել էր, որ լարվածություն կա Մխիթարյանի և Մովսիսյանի շուրջ, որոնք մնացածներին վերաբերվում են որպես կարգով ցածր ֆուտբոլիստների։ Վարդան Մինասյանը ասաց, որ այժմ ամեն ինչ փոխվել է։

«Եթե այսօրվա մասին խոսեմ, ապա ամեն ինչ շատ լավ է, ու սա հենց այնպես խոսքեր չեն։ Այս թիմը իրար հետ արդեն չորս տարի է, ու հնարավոր չէ՝ ինչ-որ բաներ չլինեն, որովհետև ինչքան մարդ, այդքան բնավորություն, բայց ամենակարևորը այն է, որ պրոբլեմը կարողանաս արագ լուծել։ Ինձ թվում է՝ ամեն ինչ նորմալ անցավ, հիմա նման բաներ չկան»,- վստահեցրեց մարզիչը։

Վարդան Մինասյանի խոսքով` այժմ հավաքականը շատ լավ մարզավիճակում է, գրեթե չկան վնասվածքներ և դեղին քարտեր, ուրախալի է նաև, որ ֆուտբոլիստները սկսել են ավելի շատ խաղալ իրենց ակումբներում։ Հայաստանի ազգային հավաքականի արդեն 4 տարվա մարզիչը խոստովանեց, որ թիմի խաղամակարդակը այս տարիների ընթացքում լուրջ առաջընթաց է գրանցել, շատ են նաև լավ ֆուտբոլիստները, նրա խոսքով՝ հայկական ֆուտբոլը այժմ գտնվում է առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում։

«Էս սերունդը ավելի պրոֆեսիոնալ է, ավելի վստահ են, հավաքականը պրոգրես է գրանցում»,- ասաց նա։

Ապագայի ծրագրերից Մինասյանը առանձնացրեց Եվրոպայի առաջնությունը. նրա կարծիքով` մեր հավաքականի մակարդակը արդեն հնարավորություն է տալիս մասնակցել նման առաջնությունների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG