Մատչելիության հղումներ

Դատարանը հրաժարվեց ազատ արձակել Տիգրան Առաքելյանին


Վերաքննիչ դատարանը հրաժարվեց ազատ արձակել Տիգրան Առաքելյանին
please wait

No media source currently available

0:00 0:05:53 0:00

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր առաջին դատական նիստի հենց սկզբում հրաժարվեց ազատ արձակել արդեն երկու տարի կալանավայրում գտնվող ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:

Նախագահող դատավոր Եվա Դարբինյանի գլխավորությամբ դատարանը մերժեց խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներով 2011-ի օգոստոսի 9-ից ազատազրկված ակտիվիստի խափանման միջոց կալանավորումը փոխելու՝ պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը:

Շուշանյանի հիմնավորումն այն էր, որ արդեն անցել են Առաքելյանին կալանավորված պահելու բոլոր ողջամիտ ժամկետները, մանավանդ Վճռաբեկ դատարանի այս տարվա մայիսի 8-ի որոշումից հետո, որով ամենաբարձր ատյանը ընդունեց նախորդ ատյանում թույլ տրված դատավարական կոպիտ սխալները և այն փաստը, որ այդ սխալները հնարավորություն չեն տալիս պարզել այս գործով մեղադրվողների անմեղության աստիճանը։ Բացի այդ, ըստ Շուշանյանի, Առաքելյանի այս տարիների վարքը որևէ հիմք չի տվել ենթադրելու, որ նա կթաքնվի նախաքննությունից։ Բայց դատարանը չընդունեց այս փաստարկները։

«Ես ճիշտն ասած՝ զարմացա այս դատարանի վրա. սա ինձ մի փոքր հիասթափեցրեց»,- վրդովված հայտարարեց Առաքելյանը: Նիստին ներկաները սկսեցին բացականչել՝ «ամոթ»։

Վերաքննիչ ատյանը, փաստորեն երկրորդ անգամ է գործը քննում՝ Վճռաբեկի պարտադրանքով։ Առաջին անգամ, հիշեցնենք, այս դատարանը դատավորների այլ կազմով անցած տարվա նոյեմբերի 13-ին որոշել էր նույնը թողնել Կարապի լճի շրջակայքում տեղի ունեցած այս հայտնի միջադեպի մեջ մեղադրվող Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին 6-2 տարվա ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի դատարանի վճիռը։ Սակայն երբ երիտասարդները բողոք ներկայացրեցին Վճռաբեկ, այս ատյանը մասնակի բավարարեց բողոքը՝ Վերաքննիչից պահանջելով նորից քննել գործը և վերացնել դատավորների թույլ տված խախտումները։ Հիմա այլ դատավորներ են գործը քննում։ Այսօրվա նիստում Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ այս գործը ամբողջությամբ հիմնված է ոստիկանների և ուղղորդված վկաների կեղծ ցուցմունքների վրա։ Հիշեցնելով, որ իրեն ամենածանր մեղադրանքն է առաջադրված՝ ոստիկանի նկատմամբ բռնությունը, ինչի համար հիմա բանտում է, ակտիվիստը հերքեց այդ մեղադրանքը, հայտարարելով, որ մեքենայի մեջ բերման ենթարկվելիս ոստիկան Տիգրան Ավետիսյանը իր վիզը երկու ձեռքով սեղմելիս է եղել, և ինքը ընդամենը վիզն ազատելու համար է գլուխը թափով հետ է տարել:

«Արդյո՞ք իմ պարանոցից բռնած խեղդելով նա կատարում էր ինչ-որ ոստիկանական գործառույթ։ Դա ապացուցող փաստ կա քրեական գործում՝ իմ պարանոցի վրա 18 սանտիմետրանոց կապտուկ։ Ինչո՞ւ այդ տեղեկանքին չի տրվում գնահատական։ Դա շատ կարևոր հանգամանք է. ձեզ համար միևնույնն է երևի՝ հինգից տաս, տասից քսան, թվեր են ձեզ համար հնչում, բայց դրանք տարիներ են, որ ես պետք է բանտում նստեմ, եթե կատարել եմ այդ արարքը»,- ասաց Առաքելյանը, միջնորդելով կրկնակի փորձաքննության ենթարկել այդ ոստիկանի քիթը, որի վրա կոտրվածքը, նրա խոսքով, որքան էլ տարօրինակ է, չի երևում։

Նա մեկ առ մեկ թվարկեց, իր կարծիքով, գործում խեղաթյուրված փաստերն ու կեղծ վկայությունները. օրինակ թե ինչպես վկաներից մեկի մայրը հայտարարել է, որ իր որդուն ստիպել են գալ և կեղծ ցուցմունք տալ, կամ թե ինչպես իրենց դեմ վկայություն տված մի տաքսիստ դատարանում հարցաքննության ժամանակ չի հիշել իր սեփական մեքենայի գույնը:

«Ինքը չգիտեր իր մեքենայի համարները, չգիտեր իր մեքենայի գույնը, չգիտեր, թե որտեղ է այդ ցուցմունքը գրել, ոստիկանության շենքի տեղը չգիտեր, տաքսի սերվիսի տեղը չգիտեր, ոչ մի բանի տեղը չգիտեր, բայց տաքսու վարորդ էր, եկել ցուցմունք էր տալիս։ Բա ամոթ չի՞, ինձ պահում եք անազատության մեջ սրանց նմանների պատճառով։ Ամո՞թ չի բոլորիս»,- հարցրեց ամբաստանյալը։

Ի դեպ, դատարանը հենց այսօրվանից սկսեց առանցքային վկաների հարցաքննությունը, ինչը նախորդ անգամ մերժել էր։ Հարցաքննվեց ոստիկան Շահեն Հարությունյանը, ով, ըստ ամբաստանյալների, իր հեռախոսով նկարահանել է Կարապի լճի միջադեպը, բայց և՛ հեռախոսը, և՛ տեսագրությունն անհետացել են։ Ոստիկանն այսօր էլ պնդեց, որ երիտասարդների հետ քաշքշուկի ժամանակ իրեն հարվածել են, նկարահանելու պահին հեռախոսը ձեռքից ընկել է և տեղում կորել։ Կասկածելի համարելով այս պնդումը, Մուշեղ Շուշանյանը միջնորդեց հեռախոսահամարը հրապարակել: Ոստիկանը սկզբում անընդհատ հրաժարվում էր, պատճառաբանելով, թե դա իր անձնական տեղեկությունն է, այնուհետև դատարանի պարտադրանքով ի վերջո համաձայնեց համարը տրամադրել դատարանին:

«Իմանալով համարը, հնարավոր է գտնել նկարահանումը. եթե նույնիսկ նկարահանումը ոչնչացված լինի, հնարավոր կլինի վերականգնել։ Դա կարևոր ապացույց է, իսկ մենք միշտ պնդել ենք»,- «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շուշանյանը։

Մյուս վկաները կհարցաքննվեն հաջորդ նիստերում։

Այսօրվա նիստին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից բացի հետևում էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իսկ դատարանից դուրս անցկացվող պիկետին՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը։ Ե՛վ նրանք, և՛ մյուս հավաքվածները լիահույս էին, որ այս անգամ դատարանը կփոխի կայացված դատավճիռները և երիտասարդների նկատմամբ, իրենց գնահատմամբ՝ քաղաքական հետապնդումը կդադարեցվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG