Մատչելիության հղումներ

Վերաքննիչը մերժեց Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյան, արխիվ

Վերաքննիչ դատարանում այսօր մեկնարկեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստների գործով դատավարությունը։

ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը 2012 թվականի հուլիսի 20-ին ազատազրկման են դատապարտվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 2011 թվականի օգոստոսին խուլիգանության և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Դրանից հետո՝ նույն տարվա նոյեմբերի 13-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր նրանց բողոքները: Երիտասարդները եւ նրանց փաստաբանը այնուհետև դիմել էին Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել վերաքննիչ ատյանի որոշումն ու արդարացման վճիռ կայացնել: Վճռաբեկ դատարանը ակտիվիստների պահանջը բավարարել էր մասնակիորեն։

Տիգրան Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը այսօր իր պաշտպանյալին՝ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց, որի համար որպես հիմք վկայակոչեց Վճռաբեկ դատարանի մայիսի 8-ի որոշումը, ըստ որի նախորդ ատյաններում դատավարական այնպիսի կոպիտ խախտումներ էին եղել, որոնց պայմաններում հնարավոր չէ ամբաստանյալների անմեղության հարցը պարզել:

Փաստաբանի երկրորդ հիմնավորումն այն էր, որ այս երկու տարիների ընթացքում Տիգրան Առաքելյանի վարքագիծը որևէ հիմք չի տվել ենթադրելու, որ նա, ազատության մեջ մնալով, պիտի թաքնվի նախաքննությունից: Սակայն դատարանն այս հիմնավորումները չընդունեց, ինչն առաջացրեց Առաքելյանի՝ դատարանի դահլիճում գտնվող աջակիցների վրդովմունքը:

Մինչև այս պահը ակտիվիստների նկատմամբ կիրառվում է նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցը` երեքը ազատության մեջ են չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ի սկզբանե ընտրվել է կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG