Մատչելիության հղումներ

Թեհրանում կայացավ Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպումը


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Իրան աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման սկզբում Ռոհանին շնորհակալություն է հայտնել Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Հայաստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է իրանցի գործընկերոջը և մաղթել բեղմնավոր աշխատանք ու հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում:

Հանդիպման ժամանակ քննարկվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ - իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է և վկայում է մի շարք խոշոր նախագծերի իրականացման մասին: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ Սարգսյանը և Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին:

Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ջերմությամբ են հիշել ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով իրենց հանդիպումները և պատրաստակամություն հայտնել նույն ոգով աշխատել հայ - իրանական համագործակցության խորացման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG