Մատչելիության հղումներ

Ռուստամ Իբրահիմբեկովի բարդ ընտրությունը


Ռուստամ Իբրահիմբեկով
Ռուստամ Իբրահիմբեկով

Նախագահության թեկնածու առաջադրվելու մասին հայտնած կինոբեմադրիչը դեռ չի կարող մեկնել Բաքու։

Երբ անվանի արվեստագետ Ռուստամ Իբրահիմբեկովը հայտնել է այս տարվա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին, Ադրբեջանում և արտասահմանում շատերի մոտ հույս է առաջացել, որ վերջապես այդ երկրում տեղի կունենա օրինական և իրական քաղաքական մրցակցություն։

Սակայն դրանից հետո Ադրբեջանի իրավապահները Իբրահիմբեկովին սպառնացել են դատական գործընթացով և սկսել են շահարկել նրա ռուսաստանյան քաղաքացիության խնդիրը, ինչի հետևանքով նա դեռ չի կարողանում վերադառնալ հայրենիք։ Եվ այսօր հարց է ծագում` իսկ արդյոք նա երբևէ կվերադառնա՞։

Թբիլիսիում այս շաբաթ տեղի ունեցավ ադրբեջանական ընդդիմության երկօրյա հավաքը, որից առաջ լավատեսները հուսով էին, թե տուն վերադարձող պատվիրակության կազմը մեկ հոգով կավելանա։ Բայց հույսը չիրականացավ։

«Ես անպայման կմեկնեմ Բաքու, դրանում կասկած չկա, բայց այսօր իմ ընկերները, իմ բարեկամները կատեգորիկ կերպով հորդորում են չմեկնել, որովհետև անհրաժեշտ է լուծել որոշ իրավական հարցեր, և դրանից հետո ես կմեկնեմ», - ասել է 74-ամյա Իբրահիմբեկովը, ով վերջին անգամ այս տարվա հունվարին է այցելել հայրենիք։

Իբրահիմբեկովը դարձել է մի շարք հանգամանքների պատանդ` նախ նրան սպառնում են դատական հետապնդմամբ, մասնավորապես՝ հարկերից խուսափելու մեղադրանքով, բացի այդ՝ ձգձգվում է ռուսաստանյան քաղաքացիությունից ազատվելու խնդիրը, իսկ երկքաղաքացու կարգավիճակով նա առաջադրվելու իրավունք չունի։

Ազգային խորհուրդը, որը սատարում է արվեստագետին, որոշել է դիմել անձամբ Վլադիմիր Պուտինին և խնդրել հնարավորինս արագ լուծել Իբրահիմբեկովին քաղաքացիությունից զրկելու հարցը։

Ընդդիմության հույսն այն է, որ Ադրբեջանի մտավորականության շրջանում մեծ հարգանք վայելող Իբրահիմբեկովը կդառնա լուրջ մրցակից նավթով հարուստ երկիրը ավելի քան երկու տասնամյակ կառավարող Ալիևների գերդաստանի համար։

Մինչդեռ երկրից նրա երկարատև բացակայությունը դժգոհություն է առաջացնում թեկնածուին վերջապես տեսնելու և նրա հետ աշխատելու ցանկությամբ համակված ընդդիմության ճամբարում։

Ազգային խորհրդի առնվազն մեկ ներկայացուցիչ` «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Գամբարն անուղղակի ակնարկել է, որ պատրաստ է փոխարինել Իբրահիմբեկովին միացյալ թեկնածուի դերում։

Թբիլիսիում նա ասել է, որ այժմ ամեն ինչ կախված է Իբրահիմբեկովից։

«Առաջնահերթ խնդիրն է վերացնել արհեստական խոչընդոտները և գրանցել Իբրահիմբեկովին ու հաղթել։ Մնացած հարցերը կլուծվեն հարմար պահին», - ասել է Գամբարը։

Իլհամ Ալիևը 2008 թվականին պաշտոնական տվյալներով ստացել է քվեների մոտ 90 տոկոսը։ Նրա աշխատակազմի ղեկավար Ալի Հասանովը որոշակի հեգնանքով ասել է, թե նախագահը պատրաստ է երկխոսության ցանկացած քաղաքական ուժի հետ։

Ադրբեջանական պետական մամուլը ակնարկում է, թե չնայած Իբրահիմբեկովի սերտ կապերին ռուսական վերնախավի հետ և Կրեմլի դժգոհությանը Ադրբեջանի չափից շատ անկախ քաղաքականության կապակցությամբ, Վլադիմիր Պուտինի մոտալուտ այցը Բաքու վկայում է, որ նա հակված է աշխատել ոչ թե Իբրահիմբեկովի, այլ ներկայիս իշխող վարչակարգի հետ։

Պուտինը դեռ ընթացք չի տալիս Իբրահիմբեկովին քաղաքացիությունից զրկելու խնդրանքին, ինչը, վերլուծաբանների համոզմամբ, նշանակում է, որ օգոստոսի 12-13-ը կատարելիք այցի ընթացքում նա` Իբրահիմբեկովին ռուսաստանյան քաղաքացիությունից չզրկելով «չեզոքացնելու» և Ալիևի համար հանգիստ ու առանց վտանգավոր մրցակցի ընտրությունների պայմաններ ընձեռելու դիմաց, Ադրբեջանի ներկայիս ղեկավարից լուրջ զիջումներ կպահանջի։

Քաղաքական հայտ ներկայացրած արվեստագետն ասել է, որ նույնիսկ եթե իր թեկնածությունը չգրանցեն, ինքը, միևնույն է, կշարունակի աշխատել ընդդիմության հետ Ադրբեջանում կոռուպցիայի և կառավարության կողմից գործադրվող բռնությունների դեմ պայքարում։

Թբիլիսիում նա ասել է, որ պատրաստ է պայքարել նախագահության համար։

«Ես ինքս ինձ բավական քննադատաբար եմ վերաբերվում, բայց ինձ թվում է, որ Ադրբեջանի ժողովուրդն այնքան է ուզում իշխանափոխություն, որ ամեն ինչ կանի իմ հաղթանակի համար», - ասել է Ռուստամ Իբրահիմբեկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG