Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը Իբրահիմբեկովի հարցով դիմել է Պուտինին


Վրաստան -- Ազգային խորհրդի և Ռուտամ Իբրահիմբեկովի հանդիպումը Թբիլիսիում, 30-ը հուլիս, 2013
Վրաստան -- Ազգային խորհրդի և Ռուտամ Իբրահիմբեկովի հանդիպումը Թբիլիսիում, 30-ը հուլիս, 2013
Ադրբեջանի միացյալ ընդդիմությունը դիմում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով արագացնել Ադրբեջանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովին ռուսական քաղաքացիություննից զրկելու գործընթացը:

Ընդդիմադիրները փաստում են, որ առանց այս հարցը կարգավորելու իրենց միասնական թեկնածուն չի կարող մասնակցել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: Բացի այդ, վտանգավոր է նաև մինչ այդ Իբրահիմբեկովի վերադարձը Բաքու, քանի որ Ալիևի վարչակազմը կարող է ամեն պահ նրան ձերբակալել և զրկել փաստաթղթերը կարգի բերելու հնարավորությունից: Առաջադրման համար անհրաժեշտ թղթաբանությունը լուծելու համար Իբրահիմբեկովը վաղը կմեկնի Մոսկվա:

Կրեմլին դիմելուց բացի Ադրբեջանի ընդդիմադիրները ուղերձ են հղել նաև Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, տարածաշրջանային ու միջազգային մյուս կազմակերպություններին՝ կոչ անելով առաջիկա ընտրություններում կանգնել Ադրբեջանի ժողովրդի կողքին, որը սեփական երկրում ազատ և արդար ընտրություններ է ցանկանում:

«2013-ը վերջին հնարավորությունն է Ադրբեջանի ժողովրդի համար՝ խաղաղ ճանապարհով երկրում ժողովրդավարություն հաստատելու առումով: Այդ հնարավորությունը չկորցնելու համար մենք որոշեցինք համախմբել բոլոր դեմոկրատական ուժերն ու միասնական թեկնածու առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում: Սակայն Ադրբեջանի կառավարությունն այժմ ուզում է ձերբակալել 74-ամյա մտավորականին՝ առաջիկա քվեարկությունը անարգել կեղծելու համար»,- հայտարարում են ընդդիմադիրները և խնդրում միջազգային կառույցներին հետևել, որ պաշտոնական Բաքուն կատարի իր խոստումը ազատ և արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Ավելի վաղ ընդդիմադիր ճակատը հայտարարում էր, թե նախագահ Ալիևի մրցակիցը այսօր վերադառնալու է Բաքու. երեկ Թբիլիսիում տեղի ունեցած հավաքում, սակայն, որոշվել է Իրբահիմբեկովի այցը հետաձգել առավել նպատակահարմար պահի:

«Երբ Ազգային խորհուրդը որոշի, այն ժամանակ էլ կվերադառնամ»,- ընդդիմադիր ուժերի խորհրդակցությունից հետո հայտարարել է Ռուստամ Իբրահիմբեկովը։

Վերջինս կրկին պնդել է, թե ընդդիմությունը Ադրբեջանում հաղթելու իրական շանսեր ունի, քանի որ ժողովուրդը վաղուց արդեն փոփոխությունների է սպասում:

«Ադրբեջանի ժողովուրդը արժանի է ձևավորել իր կառավարությունը և կարող է անցկացնել ազատ ու արդար ընտրություններ, սակայն, ամեն անգամ կառավարությունը ոտնահարում է այդ իրավունքը՝ կեղծելով քվերակությունը: Մենք կփորձենք այդ իրավունքը կրկին ժողովրդին վերադարձնել»,- նշել է ընդդիմության միասնական թեկնածուն։

Ընդդիմադիր խորհրդում չեն բացառում, որ չնայած Արևմուտքին ու Ադրբեջանի ժողովրդին ուղղված այս կոչերին, միևնույնն է, Ալիևի վարչակազմը կարող է գնալ ցանկացած քայլի և ի վերջո չգրանցել Իբրահիմբեկովի թեկնածությունը:

«Այդ դեպքում անգամ մենք կշարունակենք մեր պայքարը մինչև հաղթական ավարտ»,- երեկ հայտարարել է միավորված ընդդիմության առաջնորդն ու մանրամասնել.- «Ազգային խորհուրդը միայն առաջիկա ընտրությունների համար չէ ստեղծվել, մենք պայքարում ենք Ադրբեջանում տարածված կոռուպցիայի, կաշառակերության ու անարդարության դեմ, և եթե անգամ մեր մասնակցությունը ընտրություններում դառնա անհնար, միևնույն է, մենք անպայման կշարունակենք մեր աշխատանքը այլ ոլորտներում»:

Լրագրողները ընդդիմադիր թեկնածուից նաև հետաքրքրվել են՝ չի ազդի՞ արդյոք Թբիլիսիում անցկացված հանդիպումը վրաց-ադրբեջանական կապերի վրա:

«Չեմ կարծում»,- պատասխանել է Իբահիմբեկովն ու ընդգծել.- «Մենք այստեղ խոսում էինք ընտրությունների մասին, իսկ դա Վրաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, քրեորեն հետապնդելի արարք չի համարվում»:

Թեև Ադրբեջանի իշխանությունները ընդդիմադիրների հավաքին պաշտոնապես որևէ կերպ չեն արձագանքել, այդուամենայնիվ, իշխանամետ մամուլն առավոտից արդեն սկսել է քարոզչական պատերազմը Ազգային խորհրդի դեմ: Թերթերում հաղորդումներ են տարածվել, թե ընդդիմադիրների հավաքն անցել է վրացահայերից մեկին պատկանող հյուրանոցում. ահա թե ում հետ են նրանք համագործակցում, գրել են իշխանամետ լրատվամիջոցները:

Ընդդիմադիր ճամբարում այս մեղադրանքները անհիմն են որակել ու հիշեցրել, որ նույն հյուրանոցում ավելի վաղ մի քանի հանդիպում է անցկացրել նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG