Մատչելիության հղումներ

Իբրահիմբեկովը Թբիլիսիում խորհրդակցում է իր աջակիցների հետ


Ռուստամ Իբրահիմբեկով
Ռուստամ Իբրահիմբեկով
Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուն՝ օսկարակիր ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը այսօր ստիպված է Թբիլիսիում հանդիպել աջակիցների ու դաշնակից կուսակցությունների հետ՝ մտավախություն ունենալով, թե հայրենիք վերադառնալուն պես Ալիևի վարչակազմը կարող է իրեն ձերբակալել:

Տեղում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հաղորդում է, որ Իբրահիմբեկովի շուրջը միավորված քաղաքական ուժերն ու ակտիվիստները այս պահին էլ շարունակում են հանդիպումը Թբիլիսիի կենտրոնական հյուրանոցներից մեկում: Բանակցություններն անցնում են փակ դռների հետևում, միավորված ընդդիմությունը, սակայն, չի թաքցնում, որ Իբրահիմբեկովը չի համարձակվում հայրենիք վերադառնալ՝ Բաքվից հնչող բացահայտ սպառնալիքների պատճառով:

Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի դատախազության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, թե ընդդիմադիր առաջնորդի դեմ քրեական գործ են պատրաստում՝ հարկերից խուսափելու և պետական միջոցները յուրացելու մեղադրանքով:

«Դրանք ամբողջովին հորինված մեղադրանքներ են, որոնց մասին չգիտես ինչու հիշեցին հատկապես հիմա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մի քանի օր առաջ ասել էր օսկարակիր ռեժիսորն ու ընդգծել, որ Ալիևի վարչակազմից սպասում է ամեն բան․ - «Բացառված չէ, որ ինձ ձերբակալեն հենց Բաքու հասնելուն պես կամ դրանից երկու-երեք օր անց: Մեկ բան հստակ է` նրանց միակ նպատակն է ինձ թույլ չտալ մասնակցել ընտրություններին կամ զրկել որպես թեկնածու գրանցվելու հնարավորությունից»:

Փորձագետները փաստում են, որ այս փուլում ճաղերի հետևում հայտնվելու դեպքում Իբրահիմբեկովը կարող է վերջնականապես խաչ քաշել հոկտեմբերին Ալիևին ձեռնոց նետելու հնարավորության վրա: Բանն այն է, որ տասնամյակներ շարունակ Մոսկվայում բնակվող եւ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ռեժիսորը դեռևս պետք է հրաժարվի Ռուսաստանի քաղաքացիությունից, ինչի համար առաջիկայում ստիպված կլինի մեկնել այդ երկիր: Մինչդեռ հայտնվելով ճաղերից այն կողմ՝ հանրահայտ ռեժիսորը ինքնըստինքյան դուրս կմնա ընտրապայքարից, ինչի մասին արդեն բացահայտ ակնարկներ են հնչում իշխանական ճամբարից:

«Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնող անձը չի կարող երկու երկրի քաղաքացի լինել կամ պարտավորություններ ունենալ այլ երկրի առջև: Բացի այդ, նա պետք է վերջին տասը տարիներին մշտապես բնակված լինի Ադրբեջանում: Սրանք պայմաններ են, որոնց Ռուստամ Իբրահիմբեկովը ոչ մի կերպ չի համապատասխանում», - «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Ալիևի գլխավորած իշխող կուսակցության պաշտոնյաներից մեկը՝ Սիյավուշ Նիյազովը:

«Այժմ իմ խնդիրն է արագ լուծել ռուսական քաղաքացիությունից հրաժարվելու հարցը», - այսօր Թբիլիսիում հայտարարել է Իբրահիմբեկովը:

Ընդդիմադիրները նշում են, որ շարունակվող դռնփակ հանդիպման ընթացքում հիմնականում քննարկելու են, թե ինչպես են կազմակերպելու Իբրահիմբեկովի վերադարձն ու առաջադրումը առաջիկա ընտրություններում: Ակնկալվում է, որ հանդիպման ավարտին ընդդիմադիր ուժերը համատեղ հայտարարություն կտարածեն: Բաքվում, մինչդեռ, իշխող կուսակցությունը շարունակում է հայտարարել, թե Ալիևից բացի որևէ ուժ երկրում հաղթելու հնարավորություն չունի:

Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններին ու ընդդիմադիրների թբիլիսյան հավաքին այսօր անդրադարձել են նաև ռուսաստանյան մի շարք պարբերականներ: «Նեզավիսիմայա գազետա»-ն, օրինակ, գրել է, թե Թբիլիսիում կազմակերպված ընդդիմադիր հավաքը բավական ծանր կացության մեջ է դրել Վրաստանի իշխանություններին և կարող է վնասել վրաց-ադրբեջանական հարաբերությունները:

«Արդբեջանական ընդդիմությանը մերժելու որևէ պատճառ պաշտոնական Թբիլիսին չուներ, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այս հանդիպումը կարող է ստվեր գցել երկկողմ կապերի վրա, որոնք վերջին շրջանում առանց այդ էլ գտնվում են մի փորք անորոշ վիճակում», - թերթին ասել է թբիլիսյան փորձագիտական կենտրոններից մեկի ղեկավար Ալեքսանդր Ռուսեցկին՝ մատնանշելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը ձգձգելու՝ Թբիլիսիի որոշումն ու Իվանիշվիլիի դժգոհությունը պաշտոնական Բաքվից, որը մինչև օրս շարունակում է ընդգծված ջերմ հարաբերություններ պահպանել նախագահ Սաակաշվիլիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG