Մատչելիության հղումներ

Հուլիսի 30-ի մամուլ


«Ժողովուրդ»-ը իր խմբագրականում գրում է․ - «Դատելով տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ծայր առած բողոքի ալիքի շարունակությունից՝ «Երևանի վերջին 20 տարվա ամենալավ քաղաքապետի» գործերը խառն են: Այնքան խառը, որ նրան այդպիսի բնորոշում տված ընկերներից ոչ մեկը չի հանդգնում պաշտպանել: Այն երիտհանրապետականները, որոնք ընդամենը երեք ամիս առաջ հպարտությամբ աջուձախ նշում էին, թե Տարոնն «իրենց կադրն է», այս օրերին, բերանները ջուր առած, լռում են: Իսկ ի՞նչ է պատահել, և ինչո՞ւ են նրանք ավելի «թրջված», քան երեկ քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստները: Բանն այն է, որ արդեն գրեթե բոլորի համար էլ տեսանելի է, որ հակատարոնական տրամադրությունները ոչ միայն և ոչ այնքան ժողովրդի մեջ են, որքան իշխանական վերնախավում: Եվ գնալով ավելի ու ավելի համառ են դառնում այն խոսակցությունները, որ առաջիկայում Տարոն Մարգարյանն էլ կհետևի «վերջին 20 տարվա ոչ այդքան լավ քաղաքապետ» կոլեգաներին՝ հրաժարական տալով»:

«Հայոց աշխարհ» օրաթերթը զրուցել է բնապահպան Կարինե Դանիելյանի հետ: «Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը սխալ եմ համարում, որովհետև չեմ կարծում, որ սակագնի թանկացումը եղել է քաղաքապետի որոշումը, ավելին, կարծում եմ, որ ինքը չի կարողացել դիմադրել այդ որոշմանը: Քաղաքապետի պաշտոնում աշխատածներից միակը Տարոն Մարգարյանն է, որ ակտիվ համագործակցում է հասարակական սեկտորի հետ: Ժամանակին նրա ղեկավարած Ավան համայնքը տարբերվում էր քաղաքի բոլոր համայնքներից, և ես շատ մեծ հույսեր ունեի, որ Երևանն էլ այդ ուղղությամբ կգնա: Կարծում եմ, որ քաղաքապետը պարզապես չի կարողանում դիմադրել ճնշումներին: Եվ այսօր նա ավելի շատ մեր օգնության կարիքն ունի», - թերթի թղթակցին ասել է Կարինե Դանիելյանը: Հարց․ - «Ինչպե՞ս կարող է դրսևորվել այդ օգնությունը»: Պատասխան․ - «Կարծում եմ, քաղաքապետն ընդառաջ պետք է գնա հանրությանը: Որոշման կասեցումը ճիշտ էր, բայց ուշացած: Իսկ այսօր ճիշտ կլիներ, որ Տարոն Մարգարյանն ընդուներ նստացույցի մասնակիցներին, զրուցեր նրանց հետ, գուցեև կատարեր որոշ անձանց պաշտոնանկության պահանջը»:

«Ժամանակ»-ում կարդում ենք․ - «Այս օրերին, երբ Երևանում թեժ քաղաքացիական պայքար է ընթանում ընդդեմ անօրինականությունների բաստիոնի վերածված քաղաքապետարանի, Երևանում ընթանում են համահոմենըթմենական համահայկական 9-րդ խաղերը, որոնց մասնակցելու համար սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան է ժամանել մի քանի հազար հայ: Համահայկական այս միջոցառումները Հայաստան-սփյուռք կապի առումով բավական կարևոր են, որովհետև զուտ շփման, հաղորդակցության, այսպես ասած` գնալ-գալու հանգամանքը ինքնին շատ կարևոր է արտերկրի մեր հայրենակիցների Հայաստանի հետ կապը շատ առումներով պահպանելու համար:
Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որ շատ դեպքերում այդ ամենը վերածվում է ինքնանպատակ միջոցառումների, որոնց արդյունավետությունը, մեղմ ասած, անհասկանալի է»: «Համահայկական նախաձեռնությունները մինչև ինչ-որ սահման լինելով կարևոր, մի սահմանից այն կողմ վերածվել են ինքնանպատակ նախաձեռնությունների, որոնցով փորձ է արվում ցույց տալ, որ իշխանությունը՝ մասնավորաբար նրա ստեղծած Սփյուռքի նախարարությունը գործ է անում, իմաստազուրկ կառույց չէ», - բխեցնում է թերթը:

Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի հրաժարականի կապակցությամբ «Հրապարակ» թերթը զրուցել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ: Հարց․ - «Ողջ աշխատակազմը հրաժարական է տվել, ինչն աննախադեպ է: Աշխատանքային խնդիրներ չե՞ն ծագի, քայլ չե՞ք անելու այն կանխելու ուղղությամբ»: Պատասխան․ - «Բացարձակապես, աշխատանքը դրանից չի տուժելու: Մենք համապատասխան մասնագետներով կաջակցենք համայնքի ղեկավարին, մինչև ինքը կհավաքի կադրեր: Հիմի, որ մարդիկ ազատվում են, ի՞նչ անենք, իրենց որոշումն է, Աստված իրենց հետ»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է․ - «Չգիտեմ՝ արդյոք մեր իշխանությունը փաստարկներ կգտնի՞, որոնք կհամոզեն ռուսներին շատ չխանդել և շատ սարսափելի հետևանքներով մեզ չսպառնալ: Հուսանք, որ այդպիսի փաստարկներ կգտնվեն՝ Ռուսաստանի հետ մենք պարտավոր ենք պահպանել դաշնակցային հարաբերություններ: Բայց մի բանում վստահ եմ՝ Վիլնյուսում նոյեմբերի 29-ին նախաստորագրվելիք պայմանագիրը ոչ մի կապ չունի միասեռական ամուսնությունները կամ գեյ-շքերթները թույլատրելու հետ: Այդ հեքիաթները տարածում են Ռուսաստանի ազդեցության գործակալները, իսկ մեր համաքաղաքացիների մի մասը հակված է հավատալ կացնային քարոզչությանը: Ոչ մի կասկած չունեմ, որ Հայաստանում ԵՐԲԵՔ նման օրենքներ չեն ընդունվի՝ հազվադեպ եմ ապագայի մասին գրում համոզվածության այս աստիճանով, սակայն սա հենց այդ դեպքն է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG